Անկախությունը անկշռելի հարստություն է ամեն ազգի, հատկապես հայերիս համար։ Նրա բացակայությունը՝ ծայրահեղ աղքատություն, որ վտանգում է ազգի գոյապահպանությունն իսկ։ Մեր հազարամյակների պատմության մեջ, Արարատը վկա, դարեր շարունակ եղանք նաև կախյալ հզոր կայսրություններից, մեր ավետյաց երկիրը` Թուրքիո, Պարսկաստանից բռնազավթված Արևելյան Հայաստանը` Ռուսաստանի տիրապետության տակ։ Այս իրավիճակներում ինչպե՞ս հայ մնացինք։ Հարցին պատասխանում է Վահան Տերյանը. «Գերված ենք մենք, ոչ ստրուկ, գերված մի արծիվ»։ Հավատացեք, արծիվ երևույթը, ոչ ամեն ճնճղուկ, վանդակում ևս ազատ է իր հոգեղենությամբ։ Հետևաբար իմանանք՝ հակառակ ստրկամտության, հայ ժողովուրդը գոյատևեց ու շարունակում է ապրել իր մշտակա ազատատենչության շնորհիվ։
Այսօր «տոն է, հոգվույս կիրակի»։ Որքան էլ տոն և ուրախություն, այսօր ևս ու ամեն օր, միշտ և անընդհատ ազգովին պետք է պայքարենք անկախ գոյության համար, քանզի մեր անկախության թշնամիները քիչ չեն ու առիթ են որոնում փոշիացնելու այն ու նրա ժողովրդին։ Անկախությունը դու ես, բոլորս ենք, ես եմ, մեր պետականությունը, երկիրը՝ մայր հայրենիքում և ի սփյուռս աշխարհի։ Վերջերս անցա Երևանի ու մարզերի տարածքներով։ Կրկին տեսա շքեղ առանձնատուն-պալատները, որոնք պատկանում են մեր օլիգարխներին։ Խելագարություն։ Դարձյալ լսում եմ Տերյանի ձայնը. «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան»։ Խելագար հիվանդությամբ, հանցագործ միջոցներով հնարավոր չէ հայրենիք, այն էլ` անկախ հայրենիք պահել ու սնուցանել, այլ, այո, առողջ, լուսավոր միտք ու հոգեղենությամբ, որին դարեր շարունակ լծված են հայոց գրականությունն ու գիտությունները շատ ավելի, քան, ցավով եմ ասում, մեր առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորներ և նրանց` մոմ վառող, ոսկե խաչ կրող հովանավորները, որոնք ներկայումս հանցագործ ներկայացումներ են բեմադրում ընդդեմ անկախության։ Հո՞ երթաս, հայ կեղծ բարեպաշտություն։
Այո, անկախության և պետականության պաշտպանությունը ամենօրյա դժվարին աշխատանք է, սակայն մեր ժողովրդին վայել ու արժանապատիվ գործընթաց։