Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ երկրի Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հայտարարությունն ավելի քան սկանդալային է: Նրա կարծիքով, հեղաշրջման փորձի հեղինակները ծրագրել էին կյանքի կոչել 100 տարի առաջ գծագրված քարտեզն ու Թուրքիան մասնատել Քուրդիստանի ու Հայաստանի միջև: Ըստ Sondakika պարբերականի՝ Զեյբեկչին այս մասին հնչեցրել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Տպավորություն կա, որ թուրքական տրամաբանության մեջ գնալով ավելանում են խելագարության օջախները՝ չխնայելով նույնիսկ բարձրաստիճան չինովնիկներին: Ամենապայծառ երևակայությամբ անգամ դժվար է պատկերացնել՝ ինչպես են 75 միլիոնանոց երկրի կեսը, մոտ 38 միլիոն բնակչությամբ, տնօրինության հանձնելու երեք միլիոնանոց Հայաստանին: Սա այն դեպքն է, երբ չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լաս: Թվում է՝ Թուրքիայի վերջին շրջանի իրողություններն ավելի ծուռ հայելիների տիրույթում են, երբ անդրադարձվող պատկերները բացարձակապես անաղերս են իրականությանը: Քոչվորի գենը՝ պայմանավորված ուժի և թալանի գիտակցությամբ, պարզվում է, քաղաքակրթական ամենատարբեր պիտակների տակ անգամ ոչ միայն չի կորցրել իր կենսունակությունը, այլև գնալով ավելի ու ավելի ապակառուցողական լիցքեր է կուտակում: Անառարկելի է, որ այդ երկիրն աստիճանաբար գլխացավանքի է վերածվում ոչ միայն հակառակորդների, այլև դաշնակիցների համար: Սիրիական իրադարձություններով պայմանավորված, Թուրքիայի քաղաքականությունը պարզապես տեղապտույտ է սեփական առանցքի շուրջ՝ շարունակելով նահանջներ գրանցել: Խափանումները նկատելի են նաև այդ երկրի քաղաքականության լոկոմոտիվի` խարդավանքների ու կեղծիքների մեխանիզմում, որի շատ դետալներ վաղուց բարոյական ու ֆիզիկական մաշվածության են ենթարկվել: Այս համատեքստում Էրդողանի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետության» կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, ընդամենը քաղաքական ավանտյուրիզմ է, որի հետևանքները դժվար է կանխատեսել: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ Ջոն Դորիանի մեկնաբանությամբ՝ Իրաքի տարածքում գտնվող թուրք զինվորները կոալիցիոն ուժերի անդամ չեն, և նրանց` Իրաքի տարածքում գտնվելը չի կարող օրինական համարվել: Ի պատասխան Էրդողանի այն հայտարարությունների, թե Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական ռազմական ճամբարը տեղակայվել է Իրաքի իշխանությունների խնդրանքով, Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Թուրքիայի նախագահ Էրդողանի այն պնդումները, թե Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին Անկարա այցի ժամանակ խնդրել է Թուրքիային Իրաքի Բաշիքա շրջանում ռազմական ճամբար տեղակայել, անհիմն են: Խիստ հակասական են նաև թուրքական իշխանությունների կողմից հնչող այն պնդումները, թե թուրքական ԶՈՒ-ն Իրաքի տարածքում են Մոսուլի նախկին նահանգապետ Ասիլ Նուջեյֆիի և Քուրդիստանի ինքնավար մարզի ղեկավար Բարզանիի հրավերով»: Ֆանտաստիկայի ժանրին պիտի դասել, որ Բարզանին կարող էր թուրքերին Իրաք հրավիրել, իմանալով որ նրանց նպատակը քրդերին ոչնչացնելն է: Առավել անհավանական է Իրաքի վարչապետի պարագան: Երբ Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացվելիք ռազմական գործողություններն անօրինական համարվեց, երկրի վարչապետը ոչ միայն հերքեց թուրքական վարկածը, այլև հանդես եկավ Էրդողանի քննադատությամբ՝ մերկացնելով Թուրքիայի իրական նկրտումները: «Դու իմ զրուցակիցը չես, դու իմ մակարդակին չես, իմ որակին չես,- եղավ վիրավորված Էրդողանի ավելի քան ցինիկ պատասխանը: – Մենք անելու ենք մեր իմացածը: Ո՞վ է այդ Իրաքի վարչապետը… Տեղդ իմացիր: Թուրքական բանակը քեզնից թույլտվություն չի հարցնելու»: Եվ սա այն դեպքում, երբ Սիրիայի նախագահ Ասադի կարծիքով. «Էրդողանի գաղափարախոսությունը մահմեդական եղբայրների գաղափարախոսության խառնուրդն է` ծայրահեղությամբ ու բռնություններով և նոր Սուլթանատ ստեղծելու երազանքներով»: Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով էլ, «Թուրքիայի նախագահը, չնայած իր փառասիրությանը, վաղուց ինքն իրեն սպառել է: Էրողանը կարող է հավատալ, որ ինքը սուլթան է, սակայն կարող է նաև վաղուց քայլող դիակ դարձած մեկը լինել»: Հայտնի խոսք է` ստի ու կեղծիքի ոտքերը կարճ են, թեև Էրդողանի հոգեվիճակով հնարավոր է չորեքթաթ էլ առաջ շարժվել: Առայժմ Իրաքի իշխանությունները վճռական են՝ դիմագրավելու իրենց տարածքային ամբողջականությունը խախտողներին: Իսկ Իրաքի շիաների առաջնորդ Մուքթեդա Էս Սադրը, քննադատելով Էրդողանին, հայտարարել է. «Քանի դեռ ինքներս քեզ չենք վտարել, քո պատիվը պահելով դուրս արի Իրաքի տարածքներից: Իրաք մտնելու հարցում եթե անգամ միջազգային պայմանագրեր էլ ունենաս, դա մեզ չի հետաքրքրում»:
Կարդալ նաեւ․․․
Գրիշ ԴԱՎԹՅԱՆ / ԳԻՆԵՁՈՆ
Սիրտս՝ որպես սիրո սկիհ, սերս մեջը՝ հիր գինի, Բարձրացնում եմ…
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ / Սամվել Կոսյան
Հունիսի 18-20-ը Երևանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռուոդե…
ԱՊԱՎԻՆԵԼ ԱԼԼԱՀԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅԱՆԸ / Սամվել Կոսյան
Հոկտեմբերի 30-ին վերջապես մեկնարկեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» մի քանի անգամ հետաձգված երկաթգիծը:…