Իմ անկախությունը / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

 

Անկախության մասին խոսելիս ես լռում եմ, որովհետև այդ թեմային անդրադառնալիս անպայման 30 տարի ետ պետք է գնալ, ապա նրանից առաջ անցնել ու վերադառնալ մեր օրերը… Ես խղճում եմ ճշմարտությանը, մարդկության ապիկար զանգվածը նրան արյունաքամ է արել մեր պատմության էջերում, և որքան էլ փորձեմ նրա մերկությունը ժողովրդի աչքից թաքցնել, որ ժողովուրդը ճամպրուկները չկապի ու հավատա իր իսկ հայրենիքում ծնված մանկան վաղվա օրվան, վտարանդի եմ դառնում ինքս իմ ներսում:
Ո՞ր անկախության մասին է խոսքը. այն անկախության, որ անցյալ դարի 90-ականների Արցախյան ազատատագրական շարժման օրերին ողջ հայությանը ոտքի՞ հանեց, այո՞… Այն թանկ էր ու անբացատրելիորեն ձգող՝ հայերիս համար այդ մի հատիկ բառը, որովհետև մեր թվարկության 387 թ., երբ արքաների երկիրը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, այդ օրվանից խավարեց ՀԱՅԿԻ աստղը երկնքում, սակայն 1990-1992 թվականներին Հայկի աստղը կրկին բոցավառվեց՝ ի փառս հայոց քաջերի՝ մեզ պարգևած Աստեղային ժամերի: Մենք ծանր կորուստների գնով վավերագրեցինք Հայոց Անկախությունը: Նա մեծ խինդ ու բերկրանք էր բերել ցեղասպանված ազգի ժառանգներին: Բայց… այս բայցերը երբեք չեմ սիրել… Ո՞վ չգիտե, որ անկախ է այն պետությունը, որի ազգային հարստությունը միայն իրեն է պատկանում… Ավա՜ղ, «Գույք` պարտքի դիմաց»… Հայաստանի ազգային ունեցվածքի գերակշիռ մասը հանձնվեց ռուսներին` օդը, ճանապարհները, հանքերը, իսկ ջուրն ու կապը՝ ֆրանսիացիներին: Մի խոսքով, մեր տան մեջ դարձանք գործազուրկ վարձակալներ, և, ցավ ի սիրտ, մեկ ու կես միլիոն հաղթանակ ամրագրած հայեր արտագաղթեցին… Ա՜յ քեզ անկախություն, այսպիսի անկախ երկիր տեսած կա՞ք… Եվ ավելին` անկախություն ձեռք բերած Արցախն էլ 44-օրյա պատերազմով (ՌԴ-ի և Թուրքիայի ձեռամբ) հանձնվեց ադրբեջանցիներին: Այս տողերը գրելիս նկատեցի, որ ճշմարտությունը գունատվել էր, ուստի զոհերի թիվը բաց թողեցի՝ խնայելով նրա ազնվությունը… Նախկինում մեկ տեր ունեինք, անկախացանք ու մնացինք շվարած` ռուսներ, հրեաներ, թուրքեր, ազերիներ, Չինաստան, Իրան, Ֆրանսիա, Եվրամիություն… բոլորն ուզում են թելադրել, հետն էլ Սյունիքի սով ունեն: Է՜հ, ասացի կարճ գրեմ, էլի չստացվեց…
«Կեցցե՛ այն անկախությունը, որ վաղն է գալու»… Այո՛:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։