Գերմանացի հնէաբանները կատարած պեղումների արդյունքում հաստատել են, որ Արևելյան Հայաստանում հայտնաբերված «Պորտասար» (թուրքերեն՝ Գյոբեկլեթեպե) քաղաքը, որ կառուցվել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակում, եղել է քաղաք-պետություն, և գաղափարագրերը ունեն հայկական ձեռագիր: Սա նշանակում է՝ 12 հազար տարի առաջ հայերս ունեցել ենք պետական մշակույթ: Ավելի ուշ, պետական մշակույթ ունեինք այն ժամանակ, երբ Արտաշես Արքան սահմանաքարեր էր դնում հայոց սահմաններին, իսկ Տիգրան Մեծ Արքայից Արքան երկիրը «ծովացրեց», որ պատերազմները չեզոք գոտիներում լինեին և ազգը զոհեր չունենար… Սա նշանակում է՝ պետության գաղափարը մեր գենի մեջ նստած է որպես ազգային ինքնապաշտպանության խորհրդանիշ, և այն շարունակվում է մինչև օրս, անկախ նրանից, թե ովքեր են նստած եղել Հայաստան պետության կառավարման ղեկին և ինչ աղետներ են բերել մեր գլխին:
Իմ անկախությունը առաջին հերթին իմ երկրի պաշտպանվածությունն է: Ես նրա համար պայքարել եմ Հայրենիքի անկախության առաջին օրերի ընկալումից մինչև օրս ու դեռ անհայտ է, թե որքան եմ շարունակելու փնտրել Անկախության համար մոսկվաներում հացադուլի նստած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի, Ազգային հերոս Ամենայն Հայոց կաթողիկոսի, սիրված դերասան Սոս Սարգսյանի… տեսակը, հետաքրքիր է՝ ի՛նչ կանեին նրանք այսօր, եթե տեսնեին իրենց անկախությունը կորցրած՝ կողոպտված ու լլկված 120 հազար արցախցիներին գայլի երախում, և ինչ են անում նրանց հետնորդները, որ պետք է անեին ու չարեցին: Մի բան է անկախություն երազելը, այլ բան՝ այն պահելը: 200 անգամ փոքրացված այս մի բուռ տարածքի վրա, 44-օրյա աղետից հետո, անկախությունը տարավ մեր ժպիտները՝ մեզ ժառանգություն թողնելով մի ծա՜նր հոգոց: Մենք գտանք իրեն ու լավ չպահեցինք, չհասկացանք, որ նա մեր սերնդի վաղվա օրն է, Աստծո պարգևը, երբ դու ես քո երկրի տերը, երկիրն էլ քեզ է տիրություն անում… Ու հիմա ես ջանում եմ նրա սիրտը շահել, ինչն անհնար է, որովհետև նա աչքը Եռաբլուրից չի կտրում…
Այնուամենայնիվ, մի ջահ է վառվում… մենք միասին ամեն վայրկյան նրա լույսի պատրույգը պետք է վեր հանենք, որ հայոց տան լույսը չմարի: Մենք միշտ ծառայել և հզորացրել ենք օտարներին: Հիմա անկախությանը պետք է ծառայենք, որ հզորացնենք մեր երկիրը, վերադարձնենք մեր ուժն ու ինքնությունը: Հայոց անկախ պետականությունը մեր ազգային ամենաթանկարժեք գանձն է, գնահատենք և արժևորենք այդ ազգափրկիչ հարստությունը, որ մենք էլ արժան լինենք նրա սուրբ հողին: Թե ինչպիսին է մեր Հայրենիքը՝ նա մերն է և ամենաչքնաղն է աշխարհում, որովհետև մերն է…
Հետգրություն. կներեք, անկեղծորեն ասած՝ քաղաքականությունից մինչև կենցաղ, բնությունից մինչև հասարակություն, պետություններից մինչև համայնքներ… ամեն ինչ և ամենքը իրար հետ կապված են: Այս աշխարհի երեսին ոչ մի անկախ բան չկա… Կյանքը շրջապտույտ է: