Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դու մահվան ստվերը,

ըստ մարգարեի,

այգեբացի ես փոխում:

Ամովս, Ե ( 5 ) 8

 

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս – բայց ամե՜ն վայրկյան դու ա՜յլ ես:

Ե. Չարենց

 

Իրականությունը այն է, որ դժվար է խոսել անկախության մասին այնպես, որ զերծ մնաս պաթետիկ կամ հուզական զեղումներից: Անկախությունը ազգային արժեքային համակարգում բացարձակ մեծություն է, իսկ մեծության մասին էլ ի՛նչ խոսք, նրան համապատասխան խոսակցություն է ստացվում և, անշուշտ, ազատության չափ էլ համարձակ, անկեղծ: Ապրում ենք Երկիր մոլորակի թոհուբոհի մեջ Հայաստան աշխարհում ու մղում ենք մեր գոյապայքարը հենց այստեղ՝ հայոց երկնքի տակ, հայոց հողի վրա ու, բնականաբար, տեսնում ու զգում ենք այն, ինչ կատարվում է ու կա: Ցավոք, նվաղել է հոգևորը, ու նրան հակադարձ համեմատական կերպով կարևորվել նյութականը, որն արդեն ակնառու ճշմարտություն է, ու դրանից չեմ կարող չտխրել, չնայած այդ ամենից ուրախացողներն էլ քիչ չեն. ինչպես ասում են՝ քեֆ անողի քեֆը չի պակասի: Քավ լիցի, Աստված բոլորի հետ, հերթական սեպտեմբերի քսանմեկն է օրացույցին. խոսեմ իմ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ: Իմ Անկախությունը հույսով, հավատով ու սիրով եռահենարան է, որը հնարավորություն է դարեդար անցած և ինձ փոխանցված ազգային գենը արարումի քրտինքով պահպանելու, որպեսզի ժամանակն ու տարածությունը իմաստավորվի բնությամբ ավանդված Մեծ բարոյականով՝ ազգային արժեհամակարգով, որի կապույտ արյունը երբեք ջուր չի դառնում, քանզի օժտված է տիեզերական առաքելությամբ՝ հարատևության խորհուրդը շղթայաբար իրենցից հետո եկողներին հանձնելու: Իմ Անկախությունը գիտակցություն է, որը ձևավորում է տիրոջ հոգեբանություն: Այն աշխարհիկ կյանքի հարաբերությունների հուզախռով հորձանուտում ազգային գոյապայքարի ակունքն է, որը ունի շատ պարզ ու անպաճույճ բանաձևում. «Ես եմ տերը իմ երկրի»: Ահա այս մտազգացողությունն է, որ պարկեշտության չափ ու ձևի մեջ նմաններին համախմբում է անկախության գաղափարի շուրջ, ու Ես-երը հոգեկերտվում են Մենք-ի՝ վեհանալով հար նման Նարեկացու վերանձնական մարդուն. «Ե՜ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ», որով և հզորանում է գոյապայքարի բանաձևումը. «Մենք ենք տերը մեր երկրի»: Իմ Անկախությունը նաև բառերի, հնչյունների, գույների ներըմբռնումն է՝ պայմանավորված հիմնով, դրոշով, զինանշանով, որոնց հավաքական բովանդակությամբ էլ աշխարհը առաջին հերթին առնչվում է մեր ազգային կամքի արտահայտությանը՝ պետությանը, ինչը ազգային նպատակների իրագործման ամենակատարյալ միջոցն է ու բարեբախտությունը այսօր մեզ համար: Իմ Անկախությունը ազատության ճանապարհի ընտրությունն է, բայց այն նաև պարտադրված ճանապարհ է, ինչպես որ պաշարված Արցախն է, ոգելքված իրականությունը, զինվորների գերեզմանին մահարձան դարձած եռագույն դրոշները և, անտարակույս, անտարբերությունը, համատարած անտարբերությունը, ավելի ճիշտ, եթե բանական դատենք, մեր տարբերությունն է այլոց հետ համեմատվելիս: Իմ Անկախությունը նաև ժառանգների առջև հանցապարտ իմ սերնդակիցներն են, որոնք մսխեցին արժանապատիվ երկիր կառուցելու հազար ու մի հնարավորություն ու թողեցին թշնամիներով շրջապատված մայր Հայաստան՝ պատմական հիշողությունը փոշիացնելով ավելի հեռացան կարոտի էրգիրից, Եղեռնի զոհերի հիշատակներից, ու բազմաթիվ այսպիսի հարցերի շարան: Իմ Անկախությունը նաև դու ես, որ դեռ կարդում ես ինձ ու չես ձանձրացել, իսկ գնալով ավելի թախծոտ է դառնում խոսքս, քանի որ պիտի խոստովանեմ, որ Անկախությունս որդուն պատերազմ ուղարկող հոր ապրումն է, նրա՝ պատերազմից ողջ ու պարտված դարձը, բայց և ավելացնեմ՝ թերևս չհաղթված: Ասեմ՝ նաև այն պոետը, որ տարակուսում է, ինչպես ինքն է ասում. «Ազատ, անկախ, առկախ, չգիտեմ, թե ո՛ր ծառից կախվեմ»: Իմ Անկախությունը սկսվել է շատ վաղուց, երբ Հայկը Բելին դեռ չէր սպանել ու շարունակվելով՝ ինձ գտել է 21-րդ դարում և մեջն արած տանում է իր հետ, իսկ՝

Բիբիս վրա աշխարհի

ամենաչքնաղ թռչունը

բույն է հյուսել.

ես սպասում եմ նրա  աչքերով

ամեն օր արևածագին:

Խոսքս եզրափակեմ Խաչատուր Աբովյանի հաստատակամությամբ՝ սրբվելով «ժանտ մեղքերի ալիքների աղմուկից», ու նրա իսկ խոսքով բնորոշեմ իմ Անկախությունը. «Սա կոչում եմ այժմ և այսուհետ, մինչև օրերը հավիտենական՝ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։