Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆԱստված մեզ խելք տա, որ ետին թվով
հետևություն չանենք (չկապակցված,
բայց ո՛չ անկապ մտքեր)
Տարակոյս բաժին է մեր:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

«Հացը ձեռըս՝ ոտըս գերեզման»,- լուսահոգի տատս էր ասում: Մեկ էլ ասում էր. «Տե՛ր Աստված, իրեք օրվա մահ տաս»: Ու երբ ես՝ մանուկ, զարմացած հարցնում էի, թե ի՞նչ է ուզում դրանով ասել, պատասխանում էր. «Թող միամիտ, առանց տեղուբարձ ընկնելու, հանգիստ խղճով ու առանց կարոտ՝ հաց ուտելուս վախտ մեռնիմ, տանջանքից, չոռուցավից հեռու: Թե հիվանդ էլ էղնիմ, թող իրեք օր տևե. իրեք օրվա մեջ հասցընիմ՝ հավաքիմ իմոնց, տեսնիմ՝ լավ, առողջ՝ իմ քով, կարոտըս առնիմ, ըսելիքըս ըսիմ ու հանգիստ՝ հոգիս տամ Աստծուն»: Այդպես էլ եղավ:
Հիմա այդ աղոթք-խնդրանքն է գրեթե ամեն օր շուրթերիս: Աստծուց խնդրում եմ՝ հարազատներիս, ժողովրդիս՝ իմոնց, երկիրս ամբողջական, հոգս ու ցավից հեռու տեսնեմ ու…
Ինչո՞ւ սա հիշեցի: Որովհետև ժամանակս սասանեալ է, համաշխարհային համավարակի ժամանակ է, համաշխարհային դավավարակի ժամանակ է, մարդուն մարդուց զատելու, հեռու պահելու, ֆիզիկապես ու հոգեպես ջլատելու ժամանակ է, մահտարաժամի ժամանակ է: Եվ աշխարհը՝ մեր մեծ տունը, սգո տուն է դարձել, ու այդ մեծ տան մեջ մեծ աշխարհի մեր անկյունը վտանգված է գոյազրկվելու չափ: Վտանգված է և՛ համաշխարհի անկայունությամբ, և՛ մեր (հատկապես նրանց, ովքեր մեր անունից, մեր խանդավառ սատարումով, իբր, մեզ համար եկան ու, ավաղ, մերը չեն էլի ու էլի մեզ բաժան-բաժան են անում՝ մեզ մեր դեմ թշնամացնելով), այո՛, մեր սեփական անհեռատեսությամբ, անհամերաշխությամբ, շահախնդիր եսասիրությամբ: Հիմա սա առողջապահակա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ է: Թե՞ երկուսը միասին:
Մտքերս չեմ կարողանում ի մի բերել, կենտրոնանալ: Ինքնամեկուսացած ու դիմակավորված՝ իմ ժողովրդի նման, հարազատ-բարեկամ-ընկեր-ծանոթներից հեռու կամ սոցիալական հեռավորությամբ հեռացած՝ հիշում եմ Ռուբեն Հախվերդյանի մի երգի տողերը՝ «Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան»: Մեկ էլ ինքս ինձ ասում եմ. «Ախր, դու մահից ե՞րբ ես այդպես վախեցել: Չէ՛, ինքդ էլ գիտես, որ քե՛զ համար չես վախենում, բայց վախենում ես հարազատներիդ համար, որոնց չես ուզում ցավ պատճառել»: «Մեռնիլըս չեմ հոգար, ձեզմե կարոտ եմ»:
Եվ այդպես՝ խառնիխուռն մտքեր: Մտածում եմ իմ երկրում տիրող համատարած ատելության մթնոլորտի մասին, այն մասին, որ սիրո անունից եկածները, մե՛զ համար ու մե՛ր կամքով եկածները տեսակավորեցին մեզ ու… ատելություն սերմանեցին՝ խորացնելով գնացածների հանդեպ իրենց ատելությունը, գնացածների ատելությունն իրենց հանդեպ ու բոլորիս ատելությունն իրար հանդեպ: Եվ հոգեկան ու հոգևոր այս ախտը նաև մի մեծ փորձություն է, որին ոչ մեկս չենք դիմանում ու չենք կարող դիմակայել: Որքան էլ որ դիմակավորվենք: Ի դեպ, դիմակների հետ կապված՝ ասեմ. այսօր դիմակներ կրելու ժամանակն է, բայց ինչպես ամեն բանի ժամանակը կա, այնպես էլ կա դիմակներ դնելու և դիմակներ պատռելու ժամանակը:
Իմ երկրի շարքային մտավոր մշակը լինելով՝ մտածում եմ, թե մեր՝ իմ և ինձպեսների ժամանակը ե՞րբ է գալու: Մարդավայել և աստվածահաճո ապրելու ժամանակը: Չէ՞ որ ինչպես երեկ, այսօր էլ մեր ժամանակը մե՛ր ժամանակը չէ, որովհետև մեր ժամանակակիցները մերոնք չեն: Ուրե՞մն: Ուրեմն՝ էլի անելու եմ այն, ինչ արել եմ մինչև հիմա: Փորձելու եմ պահպանել ու փայփայել իմ արքայական մայրենին՝ այնքանով, որքանով ի զորու եմ: Գրել-թարգմանելով: Բայց արդեն առավել եռանդով, քանի որ կարճանում է երկրային ժամանակը:
Եվ չեմ կարող այս մի միտքն էլ զսպել ու չարտահայտել, որքան էլ որ կոչի նման հնչի: Ամենադժվար բանն այսօր ողջախոհ լինելն ու մնալն է: Քաոս ու ախտ է, և չափազանց զգույշ պիտի լինենք: Պատասխանատու ենք մեր ամեն մի ասած-արածի համար: Ամենամեծ պատասխանատուն, բնականաբար, իշխանություններն են: Պետք է վեր կանգնենք մեր համակրանք-հակակրանքներից, ինքներս մեզնից: Այլ ճանապարհ չկա: Չկառչենք հարստություն-իշխանություն-ինչքից: Թե կարող ենք, օգնենք մեկմեկու, չենք կարող՝ չվնասենք: Մեր ամեն ասած ու արած մեզ համար է և մեր դեմ: Դեմ չլինե՛նք ինքներս մեզ: Ազգային փրկությա՞ն ասեմ, թե՞ Ազգային համաձայնության ճակատ-կառավարություն-կոմիտե է պետք ստեղծել բոլոր սրտացավ ու կարող ուժերից: Հետո ուշ է լինելու:
Դե՛, մտորում եմ, էլի: Լինելու բանը լինում է և լինելու է: Հետո գալիս է «հայի վերջին խելքը», որ անխելքի հետևություն է ընդամենը: Աստված մեզ խելք տա, որ ետին թվով հետևություն չանենք:

One thought on “Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։