Նոր տարին հյուր չէ. պարտատիրոջ պես գալիս է իր ներկա-բացական անելու` պահանջատիրոջ մուրհակը
գրպանում դրած։ Թեպետ տոնական հանդերձով է ներկայանում այդ ծերուկը, բայց միշտ աղջնակ
Ձյունանուշին է բերում իր հետ։ Նա կենացներին, բարեմաղթանքներին նայում է ժպիտով, սակայն
ներքուստ խիստ է, պահանջատեր, աններում։ Նրա պարկում անակնկալներ են, գաղտնիքների մի ողջ
հավաքածու` նվերների հանգույն։ Ամեն երկիր ունի իր Ձմեռ պապը։ Նորը հնի հետ հանդիպելիս ողջունում է
բարեկամաբար և հարցնում.
– Հը՞, ի՞նչ կար, ո՞նց անցավ տարին։ Լավից ու վատից խոսիր, կորցրածից ու գտածից։
– Ի՞նչ ասեմ… Արցախը հանձնվեց, շրջափակումն ու սովը, թշնամու սպառնալիքները բացեցին երկրի
դարպասները, ժողովուրդը դուրս եկավ։ Այդ ողբերգությունից զատ, մի տեսակ անհասկանալի տագնապ կա
օդում։
– Վա՛տ է, վա՛տ է, վա՛տ։ Իսկ ի՞նչ լավ բան կասես։
– Կան` չկա, չկան` կա։ Ողջունելի է, որ հույսի փշրանքներով դեռ կերակրվում է ժողովուրդը։ Չի ընդվզում,
թմբիրի մեջ է, թեպետ սահմանային խնդիրներ, անհեռանկար քարտեզներ դեռ ունի։ Պայքարի ոգին մարեց։
Վաղվա օրը համարվում է նվեր։ Մարդը փոխել է իր տեսակը։ Եղբա՛յր, ես հոգնեցի էս տխուր զրույցից, իսկ
դո՛ւ բարո՛վ կառավարես։ Մաղթում եմ խաղաղ ընթացք, անկորուստ տարի թող լինի։
– Աստծո՛վ, բարեկա՛մս։ Հիմա իմ և քո միջև կիջնի բաժանարար վարագույր, և էլ չենք հանդիպի։ Արի ամուր-
ամուր գրկեմ քեզ և լիաթոք ասեմ` բարի ճանապարհ, ինձ էլ` դիմանալու ուժ և կարողություն։ Հա՛, մեկ էլ, երբ
տեղ հասնես, չմոռանաս կենացս խմել։ Իմը դեռ շատ կհնչի։ Էնքան կասեն` շնորհավոր, որ ես բաժակս պիտի
ցած չդնեմ և, ուզեմ թե չուզեմ, պիտի անվերջ կրկնեմ` շնորհավո՜ր Ամանոր, բարին ընդ ձեզ։