Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

 

Որ նահանջ տարին նահանջների տարի չդառնա
Գալդ բարի լինի, 2024 թվական: Դու էլ, 2020-ի պես, նահանջ տարի ես, բայց տես, նրա պես նահանջի
տարի չդառնաս:
Խաղաղություն բեր ռումբերից բզկտվող այս աշխարհին, հայրենիքիս՝ կապույտ, անվտանգ երկինք, ազգիս՝
սեր, համերաշխություն, արդար աշխատանք ու վաստակ:
…Ասում ենք, էլի: Ամեն մի Ամանորի նույն բանն ենք ասում, ազգովի շշնջում՝ «Եւ մի տանիր զմեզ ի
փորձութիւն», բայց փորձություներն անպակաս են:
Կարծիք կա, որ խոսքն առարկայանալու, իրականանալու հատկություն ունի: Եթե այդպես է, ինչո՞ւ մեր
մաղթանքներն ու աղոթքը չեն իրականանում:
Չեն էլ իրականանա, քանզի Տիեզերքը՝ Արարչի միտքն ու աչքը, կեղծ աղոթք ու մաղթանք չի ընդունում:
Ո՞ւմ ենք ուզում խաբել, Աստծո՞ւն:
Բազմակի բևեռացված ենք, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված, մեկը մյուսի ապրելը չուզող: Մեր
խոսքն ու գործը իրար չեն բռնում: Աստված մի արասցե, եթե ոմանց այսօրվա ձգտումներն իրականանան,
նահանջ տարին նոր նահանջների տարի կդառնա, և մեր երկիրը կվերածվի Սոդոմ-Գոմորի:
Ուստի՝
– Տեր, զրկիր մեզ չարության մեղքից, բարությամբ, համերաշխությամբ ողողիր հայոց անդաստանը և
զորավիգ եղիր մեզ՝ խաղաղություն, սեր, արդար աշխատանք ու վաստակ ունենալու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։