21-ՐԴ ԴԱՐԻ ԹԵՐՄՈՊԻԼԸ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Իրադարձությունները ժամանակի մեջ կրկնվում են՝ հարյուրամյակների, հազարամյակների մեջ: Հազարավոր տարիներ առաջ Թերմոպիլում Սպարտայի 300 մարտիկներ դիմավորեցին պարսկական միլիոնանոց բանակին և հերոսաբար զոհվելով՝ Հունաստանի բազմաթիվ քաղաք-պետությունները փրկեցին կործանումից: Քաջարի մարտիկների անձնազոհությունն առիթ դարձավ, որ քաղաք-պետությունները միավորվեն և միասնական ուժերով դիմագրավեն մահաբեր թշնամուն:
Այսօր Արցախի Հանրապետությունը հայտնվել է նման իրավիճակում: Այն մի Թերմոպիլ է, որն իր անձնվեր պայքարով փակում է մարդկության զազրելի թշնամու՝ թուրքի ճանապարհը: Աշխարհն այդ վտանգը դեռ ամբողջ ահավորությամբ չի գիտակցում, բայց եկել է ժամանակը, և այն հնարավոր չէ անտեսել:
Թուրքն այսօր մեծ վտանգ է ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների, ողջ հայության, այլև Երկրի արևելյան կիսագնդի մեծամասնության համար: Ժամանակը հոսում է, ամեն ինչ փոխվում ու վերակառուցվում, բայց թուրքի ծավալապաշտական նկրտումները մնում են անփոփոխ: Մեծ Թուրանի վերականգնման երազանքը չի թողնում հանգիստ քնել: Դարձյալ թուրքն արթնացել է ու նոր ժամանակների հոգեկան հիվանդ սուլթանի առաջնորդությամբ ցանկանում է ոչ միայն Եվրոպան տիրել, այլև հասնել Չինաստան: Այդ նպատակն իրականացնելով՝ թուրքը նորից կդառնա աշխարհակալ, իսկ Էրդողանը՝ աշխարհի մուսուլմանների սուլթան, իր կայսրության սահմանները հասցնելով մինչև աշխարհի ծայրը: Սակայն երազելը մի բան է, երազանքներն իրագործելը՝ մի այլ բան: Այդ հարցում թուրքի բախտը չի բերել՝ նրա ճանապարհին կա մի անհաղթահարելի արգելք, որը ոչ մի կերպ չի հաջողվում վերացնել: Դա հայ ժողովուրդն է: Այդ արգելքը, սիոնիստների ու մարդկության մյուս թշնամիների աջակցությամբ, թուրքը փորձեց վերացնել 20-րդ դարասկզբին, բայց չհաջողվեց: Երբ թվում էր, թե ճանապարհը բաց է, հայ ազգի բզկտված մասնիկները միացան, ուժ դարձան ու փակեցին այն: Թուրքը այդ էլ ո՛րերորդ անգամ ձախողվեց, բայց Մեծ Թուրանի վերականգնման ծրագիրը մնաց ուղեղում, և նա հարմար պահի էր սպասում, ինչը, իր կարծիքով, արդեն եկել է:
2020 թվականին աշխարհը խառնված է Քովիդ 19-ի համավարակի պատճառով, Միջին Արևելքում բախվում են մեծ տերությունների շահերը, ինչպես 20-րդ դարասկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով: Թուրքը մտածեց, որ ճիշտ ժամանակն է իր ճանապարհից վերջնականորեն վերացնել դարավոր արգելապատնեշը: Վաղուց էր ծրագրել, զինել ու տրամադրել էր փոքր եղբորը, որը երեսուն տարի ատելության քարոզ էր անում իր նոր սերնդին՝ նրա գիտակցության մեջ ստեղծելով ու ամրապնդելով թշնամի հայի սարսափելի ու զզվելի կերպարը:
Ամեն ինչ պատրաստ էր, և Թուրքիան պետք է գործի անցներ: Աշխարհին խաբելու և հայերին մի անգամ ևս, այս անգամ՝ վերջնականորեն ցեղասպանության ենթարկելու ռազմական գործողությունների ծրագիրը մշակված էր: Ըստ ծրագրի՝ հայ- ադրբեջանական հակամարտությունը պետք է վերածվեր լայնածավալ պատերազմի, ադրբեջանա-թուրքական միացյալ ուժերը կայծակնային արագությամբ հյուսիսային կողմից շարժվեին առաջ, մտնեին Քարվաճառ, հարավից՝ Արաքսի ափով մինչև Մեղրի, ինչից հետո թուրքական ուժերը երկու կողմից խփեին Մեղրիին և Նախիջևանից բացեին երազանքի միջանցքը՝ դեպի Միջին Ասիայի մուսուլմանական երկրներ ու Չինաստանի հյուսիս:
Ռազմագործողության հաջողության դեպքում թուրքերին կհաջողվեր շրջապատման մեջ առնել Արցախի Հանրապետությունը, կտրել ՀՀ-ից և իրականացնել 21-րդ դարասկզբի հերթական ցեղասպանությունը: Մեծ ու փոքր եղբայրները շատ էին հավատում և վստահ էին, որ ամեն ինչ ճիշտ են կանխատեսել ու հաշվարկել: Բայց նրանք սխալ դուրս եկան՝ նկատի չէին ունեցել, որ 21-րդ դարի, 30 տարվա անկախություն և տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեցող հայերը 20-րդ դարի հայերը չեն, որ նրանց քշեն անապատներն ու վարվեն սրտների ուզածի նման: Պարտադրված պատերազմի առաջին 2-3 օրերից հետո պարզ դարձավ, որ նրանց հաշվարկները սխալ դուրս եկան: Թուրքն արդեն պարտված էր, քանի որ, ըստ մարտական ծրագրի, նախատեսված էր մի քանի ուղղությամբ կործանել հայկական կողմի պաշտպանությունը և խորանալ Արցախի Հանրապետության տարածքում: Առաջին քայլի իրականացման դեպքում կանխատեսում էին, որ հայկական կողմում անկառավարելի վիճակ կստեղծվի, ահաբեկված զինվորները խուճապի մեջ կընկնեն և ամեն ինչ թողնելով թշնամուն՝ փախուստի կդիմեն: Զինուժի խայտառակ պարտությունից հետո ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետությունում քաոս կտիրեր, իշխանություններն ու ընդդիմությունը կխժռեին միմյանց, և թուրքերին ոչինչ չէր մնա, քան ազատորեն գրավել նաև Երևանը, որը Բաքվի իշխանությունները համարում են իրենցը: Սակայն այդպես չեղավ: Պարզվեց, որ ինչքան էլ մի քանի անգամ լավ զինված լինի թուրքն ու քանակով մի քանի անգամ գերազանցի, միևնույն է, զինվոր չէ՛: Թուրքն ուժեղ է, երբ տասով հարձակվում է մեկ անզեն հայի վրա: Այդպես եղել է միշտ, այդպես էր 1990-94 թվականներին, երբ ռուսական տանկերի ետևից ընկած թալանում էին հայկական անպաշտպան գյուղերը: Սակայն երբ ռուսական տանկերը հեռացան, մենք՝ զենք ու զինամթերք մի քանի անգամ քիչ ունենալով, նրանցից խլեցինք, զինվեցինք ու խայտառակ պարտության մատնեցինք՝ ստիպելով վազել Ռուսաստան ու Պարսկաստան, հրադադարի միջնորդություն աղերսել: Այդպես եղել է մի՛շտ, երբ հայերը զենք են ունեցել ու զինել են իրենց զինվորին, բայց դա դաս չի եղել թուրքի համար:
Եվ ահա, նորից եկել, կռվում է հայ զինվորի դեմ ու նորից խայտառակ պարտություն է կրելու, ինչքան էլ միասին լինեն մեծ ու փոքր եղբայրները: Այսօր էլ նրանց կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկականին: Հայ քաջերը կարողանում են մի փոքր խմբով մի ամբողջ վաշտ ոչնչացնել ընդամենը հինգ րոպեում:
Տասնօրյա պարտվողական պատերազմից հետո, երբ չհաջողվեց իր մարտական ծրա­գրի գոնե մի քանի տոկոսն իրականացնել, թուրքը որոշեց գործել թուրքավարի՝ խփել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բնակավայրերին, փորձելով համընդհանուր խուճապ առաջացնել: Վերջապես ընդունեց, որ ցամաքի վրա ընթացող մարտերում պարտված է, քանի որ մարտնչում են քաջությունն ու հնարամտությունը և վախկոտությունն ու մտավոր պակասությունը, պատերազմական գործողությունները տեղափոխեցին օդային տարածքներ, որովհետև այդտեղ գերակշռությունը զինտեխնիկայի կողմն է:
Չկարողանալով ճեղքել հայկական կողմի ինքնապաշտպանական հզոր պատնեշը, թուրքը փորձեց հատուկ ջոկատայինների խմբեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք, որոնք նույնպես հաջողությամբ ոչնչացվեցին: Հայ զինվորի, արցախցու հոգևոր արիությունը հնարավոր չեղավ կոտրել:
Այսօր 150 հազար բնակչությամբ Արցախը հերոսաբար մարտնչում է ոչ միայն ութ միլիոն ադրբեջանցու, այլև Թուրքիայի և սիրիացի ու պակիստանցի վարձու զինյալների դեմ: Եթե դրան ավելացնենք հրեաներին, բելառուսներին և մյուսներին, որոնք զենք-զինամթերք են մատակարարում միջազգային ահաբեկիչներին, ստացվում է, որ մի բուռ արցախցիները հերոսական կռիվ են մղում մի հզոր ուժի դեմ: Եվ այդ ուժին դեռ չի հաջողվում հաղթահարել այդ մի բուռ հայերի դիմադրությունը, ճեղքել երկրի սահմանն ու ներս թափանցել:
Արցախը մեր ժամանակների 300 սպարտացիներն են, բայց մի տարբերությամբ, որ նրանք հերոսաբար զոհվեցին, իսկ հայերը ոչ թե զոհվելու են, այլ մարտնչելու են մինչև հաղթական ավարտ ու պատերազմից դուրս են գալու ավելի հզորացած ու ճանաչված որպես անկախ պետություն:
Այսօր մեր թշնամին միայն մեկ ճանապարհ ուներ՝ հաղթանակով վերջացնել հրահրված, խաղաղ ժողովրդին պարտադրված պատերազմը: Ըստ ռազմական պլանի՝ պետք է կարճ ժամանակում արագ առաջանար, գրավեր Արցախը, ոչնչացներ խաղաղ բնակչությանը կամ վտարեր սահմաններից դուրս և կատարված փաստի առաջ կանգնեցներ մարդկությանը, ինչպես 1915 թվականին: Ժամանակի ձգվելը գործում է ոչ միայն ի վնաս մեզ, այլև ավելի շատ՝ թուրքերին: Չպետք է մոռանալ, որ աշխարհը փոխվել է՝ 1915 թվականը չէ, որ գողի նման իրականացնեն իրենց անմարդկային ծրագրերը: Արդի լրատվամիջոցները հնարավորություն են տալիս երկրագնդի ցանկացած կետից հետևել ռազմական գործողությունների ընթացքին: Արթնանում, միավորվում է ոչ միայն հայկական Սփյուռքը, այլև ողջ մարդկությունը, երեկվա անտարբերներն այսօր արթնանում են թմբիրից, իրենց ձայնը բարձրացնում, աստիճանաբար աճում են հակաթուրքական տրամադրությունները: Ստեղծված հզոր բռունցքը կարող է հարվածել հակամարդկային ահաբեկչությանը:
Թեև պատերազմը դեռ շարունակվում է, բայց Թուրքիայի ծավալապաշտական ծրագիրն արդե՛ն տապալված է: Նա խորամանկորեն օգտագործեց, առաջին պլան մղելով՝ կործանիչ հարվածի տակ դրեց կրտսեր եղբորը, որը միամտաբար կուլ տվեց խայծը, գլուխը մտցրեց ավերիչ պտուտահողմի մեջ և այնտեղից դուրս է գալու հոգեվարքի մեջ ընկած:
Միասնական հայ ազգը միշտ եղել է անպարտելի: Այսօր էլ աշխարհին զարմացնում է իր միասնականությամբ և անպայմա՛ն պարտադրված պատերազմից դուրս է գալու հաղթանակով: Միայն թե մենք պետք է այնպես ավարտենք այս պատերազմը, որ վերջինը լինի, որ սարքովի պետություն Ադրբեջանը նորից պատերազմ հրահրելու ո՛չ իրավունք ունենա, ո՛չ՝ հնարավորություն:
Այո՛, ցավալի զոհեր, բազմաթիվ կորուստներ ունենք: Բայց ազատությունն ու անկախությունը ձեռք են բերվում միայն թանկ զոհերի գնով: Այդ զոհերից մեկը ես կարող էի լինել: 1994-ին, երբ հրադադար կնքվեց, Մարտակերտի շրջանի դիրքերում էի և 54 տարեկան էի, պատրաստ էի ամեն ինչ տալ, միայն թե չկնքվի այդ սուտ հրադադարը, որ գնանք մինչև հաղթական ավարտ: Դժբախտաբար, հիմա տարիքս թույլ չի տալիս մարտադաշտում լինել:
Պետք է յուրաքանչյուր հայ գիտակցի. այն ազգը, որը չի կարողանում մի սերունդ զոհաբերել իր ազատության համար, նրա բոլոր սերունդները կապրեն զոհվելու վտանգի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։