Հա՛յ ժողովուրդ ջան, քո հազարամյակների պատմության ընթացքում հաստատ այնպիսի ժամանակաշրջան չի եղել, որ միաժամանակ մարտնչես ազերի-թուրքերի, տաճիկ-թուրքերի, մոլեռանդ-մոլագար ծայրահեղականների, մահասփյուռ համավարակի ու հատկապե՛ս, հատկապե՛ս միջազգային դիվանագիտական խարդավանքների դեմ:
«Հատկապե՛ս ու հատկապե՛ս», որովհետև այս օրհասական պահին, երբ մեր լավագույն զավակների՝ ապագա Մարտիրոս Սարյանների, Վիկտոր Համբարձումյանների, Արամ Խաչատրյանների արյունն է մատաղվում հանուն մեր սրբություն սրբոցի՝ հայրենի հողի, միջազգայնագետ-դիվանագետ-խարդավողները ձևացնում են, թե չեն հիշում՝ ինչով ավարտվեցին Արևմտահայաստանի, Նախիջևանի պարպումները, ամբարտավան անտարբերությամբ հիմա էլ Արցախն են ուզում շնորհել արյունռուշտ ոսոխի ողորմածությանը: Նրանք չեն նկատում կամ չեն ուզում նկատել մեր լավագույն զավակների՝ ապագա Մարտիրոս Սարյանների, Վիկտոր Համբարձումյանների, Արամ Խաչատրյանների հայացքների ընդվզումն այդ անարդարությունների դեմ, պատմական ճշմարտությունը վերականգնելու կամքը, անցյալի ճակատագրական սխալները կանխելու վճռականությունը:
Այդ միջազգայնագետ-դիվանագետ-խարդավողները չեն կարող իմանալ ու չգիտեն, որ մեր աղոթքներն այլևս աղերս չեն, մարտակոչ են.
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն,
Չի՛ հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Ահա՛ թե ինչու եմ ես ինձ մեղավոր զգում: Ինձ թվում է՝ ամեն հերթական նահատակը իմ փոխարեն է զոհվում, չնայած հերթական նահատակ չի լինում: Աիդա Ազնավուր-Կառվարենցն իր «Ափարիկս» հուշավեպում հարցնում է. «Գիտե՞ք՝ 1915-ի հայասպանությունն ինչո՞ւ է աշխարհի ամենամեծ ողբերգությունը», հարցնում ու ինքն էլ պատասխանում է՝ «Որովհետև կազմված է միլիոնավոր անհատական ողբերգություններից»:
Ի՜նչ անողոք է մեր ճակատագիրը: Ու ես աղոթում եմ.
Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ,
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Ես յուրաքանչյուր նահատակվողի հետ գերեզման եմ իջնում ու հարություն եմ առնում, որովհետև հարություն է առնում յուրաքանչյուր նահատակ, որպեսզի մաքառումը շարունակի, հաղթանակի: Չե՞ք նկատել, այս օրերին հարություն են առել, Արցախի մարտադաշտերում մաքառում են Տիգրան Մեծն ու Արտաշես Աշխարհակալը, Վարդան Մամիկոնյանն ու… Ինչո՞վ է կարևոր՝ նրանք Արա Հարությունյան են կոչվում, թե՞… հավելեք ցանկացած արդարամարտիկի անուն ու դուք իրավացի կլինեք: Մեր ժողովուրդն իր փրկարարին ծնում է ո՛չ շուտ, ո՛չ ուշ՝ ճիշտ ժամանակին: Ահա՛ հայի ու հայության հավերժության խորհուրդը:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ՝ որպես լույս լեռն է մեր կանգուն:
Քո ոգուն մեռնեմ, հա՛յ ժողովուրդ ջան (ոգո՜ւն և ոչ թե հոգուն), դու արդար ես, քո արդարամտությամբ ու հայրենասիրությամբ հավերժ ես, դու հաղթելո՛ւ ես։