Սամվել ԿՈՍՅԱՆ / ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից օրեր անց էլ Անկարան չի հանդարտվում: Նույնիսկ ավանդական շանտաժի քաղաքականությունը դժվարանում է թուրքերի խուճապը քողար- կել, որի դրսևորումներն ավելի անհեթեթությունների ժանրից են: Մասնավորապես, իշխանամետ «Գյունեշ» թերթի հոդվածագիրը մեղադրում է Գերմանիային ահաբեկչական խմբավորումներ ունենալու համար, որոնց «նա մարիոնետների պես օգտագործում է Ստամբուլում արյունալի հարձակումներ գործելու նպատակով»: Թուրքերի` իրերի և երևույթների փոխակերպված ընկալումը երևի պապենական սովորույթ է, երբ քրդերն ու գերմանացիները կարող են որպես ահաբեկիչներ նույնացվել, կամ էլ, ինչպես 101 տարի առաջ` հայ կանայք, երեխաներն ու ծերերն արյունռուշտ զինյալներ երևան: Նույն թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրմը Բունդեսթագի քվեարկությանը հաջորդած ելույթում հայտարարել է, իբր, բանաձևի հետևում «հայկական ռասիստական լոբբին» է կանգնած: Հերթական անհեթեթությունը, երբ աշխարհին է հայտնի թուրքերի՝ հայերի նկատմամբ ընդգծված ատելությունն ու ռասիզմը, ինչի հետնորդ դրոշակակիրներն այսօր ազերիներն են՝ ինչ-որ տեղ գերազանցելով իրենց նախորդներին: Այն, որ հենց Բունդեսթագի բանաձևը վերջնականապես հավասարակշռությունից զրկեց թուրքական խորամանկ հորջորջվող դիվանագիտությանը, ակներև է: Մինչ այսօր, թեև շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքական արձագանքն այսքան հետևողական և հիստերիկ չէր հնչել: Շարունակվում են սպառնալիքները Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորների հասցեին: «Դու կվճարես: Դու պատգամավոր չես, այլ ահաբեկիչ: Քեզ թույլ չենք տա բաժանել Թուրքիան: Քեզ թույլ չենք տա ապրել…» բովանդակությամբ հաղորդագրությունները ստիպում են Գերմանիայի անվտանգության ծառայություննե- րին հավելյալ միջոցներ ներգրավել՝ պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար: Փորձագետները, ովքեր հետևում են այդ սպառնալիքներին և ատելության խոսքերին, նշում են, որ ամբոխային այդ մենթալիտետն իշխող քաղաքական մշակույթի մի մասն է: «Թուրքիայի ամբոխային մենթալիտետի ռեժիմը» գրքի հեղինակ Թանիլ Բորանի կարծիքով՝ «…վերջին օրերը, որոնց ականատեսն ենք, հաստա- տում են Թուրքիայում ամբոխային մենթալիտետի ռեժիմի հասկացության իրավացիությունը: Սա երևույթ է,- շարունակում է հեղինակը,- որ ինքնին ոչնչացնում է հասարակությունը և քաղաքականությունը»: Հոգեթերապևտ Մուրաթ Փաքերն էլ վստահ է, որ «դա սերտ կապված է թուրքական ազգայնականության և քննադատական մտքի բացակայության հետ»: Այն, որ Էրդողանը, իսկապես, Թուրքիային տանում է մեկուսացման, հաստատում են նաև թուրքերը: Փաստացի, Թուրքիան այսօր, Ադրբեջանից բացի, առճակատման մեջ է բոլոր հարևանների հետ, որի ծիրից դուրս չէ նույնիսկ ԱՄՆ-ն: Հայոց ցեղասպանության պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, թերևս ճշգրիտ է ներկայացնում ներկայիս Էրդողանին. «Այո՛, սա բռնապետական գլուխ է: Այո՛, աշխարհիկությանը դեմ գլուխ է: Մարդու իրավունքները հաշվի չառնող գլուխ: Այո՛, ժողովրդավարության հիմքում ընկած բազմազանությունը ժխտող մի գլուխ է: Այդ գլուխն այդքանով էլ չի բավարարվում, ռասիզմ է տարածում, ատելություն քարոզում»: Այդուհանդերձ, ինչո՞ւ հենց Բունդեսթագի բանաձևը հիմնովին խախտեց երիտթուրքական դիվանագիտության հավասարակշռությունը՝ ստիպելով բազմաթիվ չտրամաբանված ու հեղինակազրկող քայլերի դիմել: Ինչպես նշում է Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը, «Գերմանիան Ցեղասպանության պլանավորմանն ու իրագործմանն անվիճելի մասնակից է եղել, և դա փաստաթղթերով է ապացուցված». ասել կուզի՝ եղել է գործողությունների իրական ականատեսն ու վկան, որի խոստովանությունը հիմնովին փոշիացնում է թուրքական ժխտողականության «ամրությունները»: Թե Թուրքիային դեռ ինչքան կհաջողվի ընդդիմանալ պատմական ճշմարտությանը, առաջ հրելով ժխտողականության քանդված սայլը, դժվար է գուշակել: Չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի կարծիքով. «Գերմա- նիայի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը դոմինոյի ազդեցություն կունենա»: Հենց այս տրամաբանության շրջանակում պիտի դիտարկել Boston Glob-ի կարծիքը, որ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին: Թերթը հիշեցնում է, որ 2008 թ. նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման պնդում էր, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չարեց՝ «մինչդեռ Վաշինգտոնը մեկ դար է, ինչ գիտի ճշմարտությունը: 1915 թ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հաղորդել է, որ «մի ամբողջ ազգի սպանություն է իրականացվում»: Մորգենթաուն վաղուց չկա, ինչպես և Օսմանյան կայսրությունը: Սակայն Հայոց ցեղասպանության փաստերը չեն փոխվել: Ժամանակն է, որ իրենց Թուրքիայի դաշնակից համարող պետությունները` ինչպես ԱՄՆ-ն է, դադարեն ստորադասել ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությանը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։