Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տարվա առաջին անձնական շփումը անպայմանորեն նոր ինտրիգ է Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացում, ինչով էլ պայմանավորված է ԼՂՀ հակամարտության կարգավորման նկատմամբ տարաբնույթ ենթադրությունների առատությունը: Թե՛ լավատեսների և թե՛ հոռետեսների մտահոգության հիմնական թիրախը նույնն է. արդյոք հանդիպումը նախաբան կդառնա՞ բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին ապրիլի սկզբի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական անհեռատես գործողությունների պատճառով: Թեև հանդիպմանը երկու նախագահներն էլ վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը, համաձայնել են հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները և կողմ են եղել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հանձնառությունների ընդլայնմանը, այդուհանդերձ, հանդիպումն ավելի դեժավյու է հիշեցնում: Եվ որքան էլ փորձագետներն ու վերլուծաբանները ներկա հանդիպումը «զգուշավոր լավատեսություն» որակեն, ոչ մի երաշխիք, որ ինչ-որ բան փոխվել կամ փոխվելու է: Ազերի առաջնորդի անձի երկատվածությունը` աղավնի բանակցային սեղանի շուրջ և գիշատիչ սեփական նստավայրում, ի չիք է դարձնում հակամարտության դրական տեղաշարժը: Ապրիլյան սրացումից և ռազմատենչ ծրագրերի տապալումից հետո Ադրբեջանին պարզապես պարտադրվել է թեկուզ ձևականորեն համաձայնել սկսելու առարկայական քննարկումը, ինչը, ամենայն հավանականությամբ, Ալիևի համար մնալու է որպես հերթական ոչինչ չպարտադրող միջոցառում և ոչ ավելի: Ինչպես հաղորդում է Le Huffington Post-ը, ազերիները, որ Լեռնային Ղարաբաղը կորցրել էին 1994 թ. պատերազմի արդյունքում, մտածում են կորցրածը հետ բերել նոր հաղթական պատերազմի միջոցով: Սա է ալիևյան իշխանության ռազմատենչ տրամաբանության անկյունաքարը, մնացածը պարզապես հռետորաբանություն է: Իսկ ապրիլյան ագրեսիան ընդամենը լայնամասշտաբ հարձակման փորձ էր: Ադրբեջանը երբեք չի պահպանել ուժի չկիրառման առաջնային սկզբունքը և չի պահպանելու: «Յուրաքանչյուրը,- շարունակում է պարբե- րականը,- ով կարողանում է իրավիճակը սթափ գնահատել, կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մահացու վտանգի մեջ են, և նրանց համար Ադրբեջանում ապրելը պարզապես անհնարին է»: Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ այս հանդիպումից հետո էլ ԼՂՀ-ի հարցով բանակցություններում բեկման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ հակամարտության սառեցումը ոչ միայն կայուն չէ, այլև հղի է հետագա սրացումներով: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ վիեննական հանդիպումը փորձ էր կողմերին ինքնաձիգներից ու գնդացիրներից մղելու դեպի բանակցային սեղան և վստահության մեխանիզմներ ապահովելու, մի բան, որն անհնարին ու անհեռանկարային է շարունակվող հրաձգության և առայժմ «հիմնարար տարա- ձայնությունների» միջավայրում, երբ Բաքուն շարունակում է դավանել ու պատանդ մնալ իր իսկ ստեղծած ատելության քարոզչությանը: Ազերիները հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ կրակում էին նախքան հանդիպումը, կրակել են հանդիպման ընթացքում, շարունակում են կրակել նաև հանդիպումից հետո, ու անհույս է, թե կրակոցները երբևիցե կդադարեն, մեկ անգամ ևս ապացուցելով, որ խաղաղությանը ձեռք մեկնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Հանդիպումից արդեն ժամեր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում փոփոխություններ չեն կարող լինել, որ այդ մասին հայտարարության մեջ նշվածն ընդամենը Մինսկի խմբի դիրքորոշումն է, և Ադրբեջանն այդ առիթով պարտավորություններ չի ստանձնել: Թեև հայտարարությունը հակասում է Վիեննայի հանդիպման արդյունքներով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի հայտարարությանը, պիտի սպասել պաշտոնական Բաքվի ժխտողական այլ հայտարարությունների, ըստ որոնց, հանդիպմանը Ադրբեջանն ընդհանրապես հակամարտության կարգավորմանն առնչվող պարտավորություններ չի ստանձնել: Մինչդեռ, ինչպես նշում է ռուս փորձագետ Մոդեստ Կոլերովը, եթե Ադրբեջանը, ինչպես նախկինում արել է, շարունակի չկատարել իր իսկ հայտարարությունները, ապա հանդիպման թեկուզ «զգուշավոր լավատեսությունը» կարող է պատրանքի վերածվել: Ըստ նրա՝ «Հանդիպմանը ստորագրված փաստաթուղթը թույլ է տալիս մտածել, որ հակամարտությունն ինչ-որ ժամանակով ապասառեցված է: Եվ չափազանց կարևոր է, որպեսզի հայկական կողմերն իմանան, թե որքան ժամանակով, ինչը թույլ կտա գուշակել, թե երբ է Ադրբեջանը փորձելու վերսկսել պատերազմը»:
Կարդալ նաեւ․․․
ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ Այո՛, համարձակություն եմ հանձնառում ասելու,…
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ /ՄՅՈՒՍ ՏԱՐԻ՝ ՇՈՒՇԻՈՒՄ
Աշխարհի բոլոր հայերը Արարատ են գնում: Եվ եթե մեռնում են՝…
ՆԱՆԵ / ԲԱՐԻ ՕՐԵՐ ԵՎ ԲԱՐԻ ՏԱՐԻ ԲՈԼՈՐԻՍ
Ժամանակները դժվար են, բայց հուսահատության իրավունք չունենք: Հայի ճակատագիրը միշտ…