Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Իմ ընկերները շատ են հարցնում՝ եթե Արցախը մերը լինի, կվերադառնա՞ս։ Իհարկե, հասկանում եմ նրանց հարցի իմաստը, բայց նման իմաստներ իմ ուղեղը չի ուզում ընդունել երևի։
Իսկ ո՞ւմն է Արցախը։ Հայինը, առանց «երևի»-ների։
Ես ամեն գիշեր տուն եմ գնում՝ մտքով, այնտեղ եմ ապրում՝ մտքով, իմ ապրած օրերն եմ ապրում՝ մտքով։
Հազարավոր հայորդիների արյամբ սրբագործված հող հայրենին ո՞ւմն է։ Հայինը։ Եվ հայն է անկախության իրավունքի կրողը, արժանապատիվ սեփականատերը։
Մինչև վերջին օրը, վերջին պահն Արցախում ապրող հայն ամուր կանգնած էր իր հողին, մինչև քաղաքական տերերի «փոխշահավետ» որոշումները։
Աշխարհի վաճառված ուրիշ աշխարհն այսօր առանց մեզ է ոչ այն պատճառով, որ մարդիկ թողել ու հեռացել են հակառակ իրենց կամքին, այլ` այն պատճառով, որ մենք պատմությունից միշտ դասեր ենք քաղում շա՜տ ուշ, շա՜տ ուշ։
Պահ է գալիս՝ մտածում ես հիշողությունդ բաց չթողնելու մասին։ Այն հիշողությունը, որ դավադրաբար ուզում են ջնջել, բայց չեն կարող, որովհետև հայն իր արյան մեջ գաղտնագրված ուժի հիշողություն ունի։
Անկախությունը չդարձնենք հիշողություն և լուսավոր կետ։ Դրա համար պայքարել է պետք։ Անկախությունն այլընտրանք չունի, վերադարձն այլընտրանք չունի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։