Փետրվարի 19-ին կլոր սրահում տեղի ունեցավ 2023 թ. ամենամյա ՀԳՄ նախագահության մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Գիրք նվիրելու օրվա խորհրդի և Գրողների միության կազմակերպած ծրագրերի մասին. «Գիրք նվիրելու օրը լավագույն հիշատակի տուրքն է մեր մեծ գրողին՝ Հովհաննես Թումանյանին: Պիտի կարողանանք Թումանյանի ոգին ներարկել մեր կյանքի մեջ: Աշխարհում կա՞ արդյոք մի գրող, որի լուսանկարի ժպիտը այդքան ճշմարիտ, այդքան անմիջական ու կենսական լինի: Նրա հոդվածներն այսօր էլ շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, քաղաքական-հասարակական գործիչներին: Դրանք ոչ միայն իր ժամանակի, այլև ապագայի մասին են: Մենք որոշեցինք այս խորհրդանշական օրը հանձնել մեր ամենամյա մրցանակները: Մրցանակը որքան գրողին է պատիվ բերում, նույնքան էլ նրան ճանաչելի է դարձնում»: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը հանձնեց մրցանակները: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի և ստացած մրցանակների համար:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը նշեց, որ շատ մրցանակներ է ստացել, բայց մեծ պատիվ է Թումանյանի անվան մրցանակին արժանանալը: «Թումանյանի միջոցով հայ մարդը ծնվում է, ապրում և հեռանում այս աշխարհից: Որքան էլ մեծանաս, նրա ստեղծագործությունները, միևնույն է, չեն խամրում: Տաղանդավոր բանաստեղծը որոշվում է նաև հոգևոր աստիճանով: Թումանյանի հոգևոր մակարդակը, մտքի թռիչքը և ներքին ազնվությունը աստվածային բնույթ ունեն»:
Շանթ Մկրտչյանը նշեց. «Մենք մեր արտացոլանքը գտնում ենք նաև Իսահակյանի՝ տարբեր տարիներին գրված ստեղծագործություններում, և կարծում եմ՝ իմ «Կոնտրապունկտ»-ը աղերսներ ունի նրա ստեղծագործության հետ՝ ուղղակի կամ անուղղակի կերպով»:
Նիկոլ Աղբալյանի անվան գրականագիտական մրցանակ ստացած Սուրեն Դանիելյանն իր խոսքում նշեց, որ գրականագիտությունը միշտ, կարծես, ուղեկցող է եղել, մինչդեռ շատերի համար այն կյանքի ասպարեզը բացող գլխավոր մայրուղի է, և ինքն ուրախ է թե՛ Հակոբ Օշականի, թե՛ նրա ստեղծագործության մասին իր գրքի գնահատանքի համար: Արա Նազարեթյանը պատմեց Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման մասին՝ ասելով, որ պատվավոր ու խորհրդանշական է նրա անվան ԵԿՄ մրցանակի արժանանալը:
Շնորհակալական խոսք ասացին նաև Վրեժ Սարուխանյանը (Մ. Նալբանդյանի անվան մրցանակ), Անդրանիկ Կարապետյանը (Վ. Անանյանի անվան մրցանակ), Նանեն (Ծաղկաձորի ստեղծագործական տան Չարենցի անվան մրցանակ), Ռաֆայել Սահակյանը (Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակ), Գագիկ Դավթյանը (Համահայկական գրական հիմնադրամի մրցանակ), Լիլիթը (Համահայկական գրական հիմնադրամի մրցանակ), Արցախի 7 գրողի հրատարակված գրքերի խմբագիր Կիմ Գաբրիելյանը (ՀԳՄ հատուկ (խրախուսական) մրցանակ) և «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը (ՀԳՄ հատուկ (խրախուսական) մրցանակ):
Սեփ. լրտ.
2023 Թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
