Մարտի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողին շնորհավորելով ծննդյան 90 և գրական-մշակութային, ազգային-հասարակական գործունեության 70-ամյակների առիթով՝ ընդգծեց, որ Թ. Թորանյանի անբասիր կյանքի ամբողջ գործունեությունը հայ իրականության գրեթե բոլոր ասպարեզներում ամբողջացրել են նրա կերպարը՝ որպես անկաշառ հայրենասերի, լավատես մարդասերի, հայ գրականության, մշակույթի զարգացման նախանձախնդիր գրողի, մտավորականի: «Ձեր անկեղծ ու առինքնող խոսքով ու գրով մեծապես նպաստել եք ինչպես հայ ժողովրդի դժվարին կյանքի ու ճակատագրի միջազգային ճանաչմանը, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացմանն ու ամրապնդմանը»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շեշտելով, որ «Սովորելով Երևանում, նա վերադարձավ Հալեպ և սկսեց հոգի բուժել: Իր ստեղծագործությունները նվիրելով մարդուն, հայությանը, Հայ Դատին, Հայկական աշխարհին՝ կամաց-կամաց հեռացավ բժշկական աշխարհից, և գրող, հրապարակախոս, լրագրող Թորանյանը դարձավ Սփյուռքի մնայուն և հայտնի դեմքերից մեկը»,- և հայապահպանության, Հայաստան-Սփյուռք հայագիտական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու, Սփյուռքում հայագիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար սիրիահայ գրող Թ. Թորանյանին պարգևատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հավաստմամբ՝ «Թորանյանի երակներում շրջանառվող արյունը յուրաքանչյուր բջիջով կապված է Հայաստանի ցանկացած իրողության հետ, միակ մարդն է, որ Հայաստանը տեսնում է միայն գեղեցիկ գույների մեջ»: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, նկատելով, որ Թ. Թորանյանի ողջ կյանքն ու գործունեությունը եղել է սեր և նվիրում ազգին, գրականությանը, հայրենիքին, մշակույթին ու իր կյանքի ուղեկցուհուն, որին նվիրել է իր բոլոր հատորները, նշեց, որ նրա մեջ առկա եռանդը, հայրենասիրական ջիղը արմատներով հասնում է մինչև Արևմտյան Հայաստան՝ Սասուն, այնտեղից՝ Կիլիկիա, ապա՝ Սիրիա ու Հալեպ: Ելույթ ունեցան նաև ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, արձակագիր Մարգար Շարապխանյանը, Սեյրանուհի Գեղամյանը և ուրիշներ: