2017 թվականի հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքի հանրահայտ casa de libro-ում (գրքերի տուն) տեղի ունեցավ հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը:
Գրքի խմբագիր, «Edicones Carena» հրատարակչության տնօրեն, իսպանացի անվանի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն, ընթերցողներին ներկայացնելով գիրքը, մասնավորապես անդրադարձավ հեղինակի ստեղծագործությունների գեղարվեստական համակարգին արդի եվրոպական պոեզիայի կտրվածքով, նշելով, որ «Սլավի Ավիկ Հարությունյանի պոեզիան այսօր Իսպանիայի և Եվրոպայի ամենաթարմ ու նորարարական ուղղություններից մեկն է` իր մետաֆորային ու կոմպոզիցիոն ինքնատիպ լուծումներով, բազմաշերտ կառույցով, խոր զգացմունքային ու փիլիսոփայական հենքով»: Խոսե Մեմբրիվեն միաժամանակ ընթերցողներին ներկայացրեց հայ բանաստեղծի հետ հրատարակչության հետագա ծրագրերը: Մինչև 2020 թվականը Սերվանտեսի ինստիտուտի հետ համատեղ իրագործվելու է հեղինակի նոր գրքերի տարածումը աշխարհի այլ լեզուներով: Սլավի Ավիկ Հարությունյանի գիտաստեղծագործական ուղին զեկուցումով ներկայացրեց գրքի թարգմանչուհի Նարինե Այվազյանը: Նա մասնավորապես անդրադարձավ հայ, եվրոպացի գրաքննադատների կողմից տրված գնահատականներին: Ելույթ ունեցավ նաև «Արարատ» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Սարգիս Հակոբյանը, իսկ նույն կենտրոնի սաներն ու ուսուցիչները հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն արտասանեցին Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծություններից:
Շնորհանդեսի երկրորդ մասը անցավ հեղինակ-ընթերցող երկխոսության ձևաչափով:
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ