Հունիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ասեղնաշոր» ժողովածուի շնորհանդեսը:
«Երբեմն, արձակի նման շարադրանքում, նա խաղում է բառի հետ, ինքնահեգնող հայացքով դիտարկում կյանքը, այն ուսումնասիրում, գնահատում կողքից, այսինքն՝ չի ընկնում հառաչանքների ու ողբերգությունների գիրկը և առավել թեթև, անգամ զվարթության քողով պարուրում է թե՛ իր տեսած, թե՛ ուրիշների կյանքը»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը:
ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ «Սուսաննա Հովհաննիսյանը կարծես շարունակում է այն մոտիվները, որոնք մեզ ուղեկցել են անընդհատ: Մոտիվները չեն փոխվել, բանաստեղծական ձևերը, մտածողությունը և արտահայտչամիջոցներն են փոխվել, և այդ ամբողջի մեջ բովանդակությունը պահելով՝ Սուսաննա Հովհաննիսյանը իր ձայնով, ելևէջով ու հնչերանգով է խոսում»:
«Սուսաննան կարողանում է իր շուրջը ստեղծել այն լուսավոր կենսոլորտը, որն անհրաժեշտ է իր մարդկային կերպարը, բանաստեղծական խառնվածքը դրսևորելու համար»,- շեշտեց Արևշատ Ավագյանը:
Ս. Հովհաննիսյանի բանաստեղծություններից կարդացին Գայանե Սամվելյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը: