Հոգեղեն ունեցվածք / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Թվում է, թե մենք իրար լավ ենք ճանաչում, իրար գիտենք և բարեկամական-հոգեղեն կապերով քաջատեղյակ ենք միմյանց մշակութային կյանքում ունեցած գործունեությանն ու հաջողություններին:
Թովմա քահանան Վահան Անդրեասյանն է, ում ստեղծագործական հակումների, հաջողությունների, գրական-երաժշտական ձեռքբերումների մասին գիտեմ վաղուց: Լավ ճանաչում էին նրա պապական հորը և ուրախությամբ էի հետևում նրա առաջընթացին: Բայց բոլորովին վերջերս, երբ լույս տեսավ նրա «Մայկոպյան օրագիր» բանաստեղծությունների գիրքը, անկեղծորեն զարմացա: Պարզվեց, որ գրքում ամփոփված բանաստեղծությունները նա գրել է 2007 թվականի փետրվարից մինչև 2010 թվականի ապրիլի վերջն ընկած ժամանակաշրջանում. Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետությունում Մայկոպի և Պրոլետարսկի Խուտորի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցիներում իր քահանայական ծառայությունների տարիներին: Այդ մասին ոչինչ չգիտեի:
Գիրքը կարդում եմ ու զարմանում տարածաժամանակային այն փոփոխությունների, ակնթարթային հավերժության, անցողիկ ու մնայուն մտորումների, արժեքների նույնական տպավորությունների ու ամրագրված խոսքի կարևորության մասին: Մի նոր տեսանկյունից է ինձ ներկայանում բանաստեղծ ու երգահան Վահան Անդրեասյանն ու հոգևոր հովիվ Թովմա քահանան: Նույն էության մեջ ամփոփված աշխարհիկ և հոգևոր հայացքներով, գրական, երաժշտական գեղագիտական ճաշակներով աշխարհի մեղքերին և անմեղությանը նայող ականատեսը: «Մայկոպյան օրագիրը» հարուստ է բանաստեղծական հետաքրքիր, պատկերավոր խոսքով, անհրաժեշտ ծանոթագրություններով, բացահայտումներով, հուզական, զգայական լիցքերով: Վահան Անդրեասյանը ճիշտ է նկատում. «Չորս կողմում ապրում է գաղտնիքների աշխարհը»: Նա կարողանում է տեսնել աներևույթը, լսել չասվածը, կռահել գաղտնիքը և ասել. «Մենք մեր մասին չգիտենք ոչինչ: Այնուամենայնիվ ես նրան խնդրեցի մի քանի խոսք գրել իր տոհմածառի արմատների մասին:
Հորս կողմից Մեսրոպ պապիս հորեղբայրը Խեչանենց Խեչանն էր՝ Աշտարակի տանուտերը, որի մասին գրել է Պերճ Պռոշյանը «Հացի խնդիր» վեպում: Պապիկիս պապից՝ Անդրեաս Կոշեցյանից մեր տոհմը ստացավ Անդրեասյան ազգանունը: Կոշեցյաններն իշխանական ծագում ունեին, հարուստ էին: Անդրեասի որդիներն իրենց հողերն, ունեցվածքը տվեցին խորհրդային պետությանը և փոխեցին իրենց ազգանունը, որպեսզի հալածանքներից խուսափեն»:
«Իմ ունեցվածքը» բանաստեղծության մեջ Թովմա քահանան գրում է.
Իմ կյանքն էլ իմս չէ,
և իմս չեն աչքերս և երգերս,
Աստված թե կամենա,
ամենն այդ կվերցնի…
Բարեբախտություն է, որ քահանա դարձած Վահան Անդրեասյանին Աստված ստեղծագործական շնորհք է տվել՝ գրելու բանաստեղծություններ և երգեր, որոնք, իրենից բացի մերն են, և ոչ ոք դրանք մեզանից չի կարող վերցնել Տիրոջ կամքով… Վահան Անդրեասյանը մեր հոգևոր մշակութային կյանքի նվիրյալներից է, լավ բանաստեղծ ու երգահան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։