ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Գրողների միություն
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Բացելով այն` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ-ի առաջիկա անելիքները: ՀԳՄ-ի և ՀՀ ՊՆ-ի միջև համագործակցության պայմանագրի համաձայն՝ նախարարությունը գումար է փոխանցել` Հայոց բանակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար: Այս շրջանակում բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակաբաշխություն է հայտարարվել, կլինեն գրողների հանդիպումներ զորամասերում, բանակին նվիրված գրական երեկոներ: Մրցույթի պայմանները տպագրվել են «Գրական թերթում» (թիվ 1, 2015 թ.): Ընթացքի մեջ է Ցեղասպանության զոհ 4 գրողների 4 լեզվով ժողովածուների տպագրումը` ՀՀ Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներեն հրատարակության շնորհանդեսն անցկացնել մայիսի 10-ին, Գերմանիայում: Առաջիկայում ՀՀ քաղաքաշինության նախարարության միջնորդությամբ կքննարկվի ՀԳՄ դահլիճի վերանորոգման, ժամանակակից տեխնիկայով վերազինելու հարցը: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ բոլոր ստեղծագործական միությունների կողմից Երևանի քաղաքապետարանին հղված գրությունը` գույքահարկի պարտքերը չեղարկելու վերաբերյալ, քաղաքապետարանը դրական է արձագանքել:
Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՀԳՄ-ն առաջարկել է 2016 թ. գրականության տարի հայտարարել, որի շրջանակներում պլանավորվում է տարբեր թեմաներով մշակութային ընդարձակ ծրագիր իրականացնել: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ արդեն տասը տարի հրատարակության ոլորտում գումարային որևէ առաջընթաց չի եղել: Որոշվեց մայիսին հարցը քննարկել և կոնկրետ առաջարկությամբ դիմել պատկան մարմիններին: Որոշվեց Հայոց ցեղասպանության առնչությամբ դիմել աշխարհի գրողներին, որի հայտարարության տեքստը կազմելու հանձնաժողով ընտրվեց:
Ներկայացված խնդիրների և ստեղծագործական այլ առաջարկություններով հանդես եկան Դ. Մուրադյանը, Ա. Ավագյանը, Ա. Հովհաննիսյանը, Վ. Ալեքսանյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.