Փետրվարի 12-ին մարդաշատ էր Կոմիտասի անվան պանթեոնը: Անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի շիրիմի շուրջ, նրա ծննդյան օրվա առթիվ, հավաքվել էին գրողներ, գրականագետներ, աշակերտներ, գրողի ընտանիքի անդամներ, հարազատներ` հարգանքի տուրք մատուցելու գրողի հիշատակին և Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը հանձնելու գրականագետ Վազգեն Գաբրիելյանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Հրանտ Մաթևոսյանը մշտապես խորքեր, ծալքեր ունեցող, մեր հայի ինքնությունը մշտապես բացահայտող, հայ ինքնության անցյալ, ապագա քարտեզը ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է, ընդգծեց, որ նա մեր արձակի լավագույն ավանդույթների շարունակելիությամբ է հզոր: «Յուրաքանչյուր մեծ գրող մեծ է նրանով, թե ապագայում որքանով է շարունակելի մեր ոգու, մեր ստեղծարար մտքի, մեր ինքնության համար»:
Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ այն գործում է 2005 թվականից և հանձնվում է արձակագիրների, գրականագետների: «Ինչո՞ւ գրականագետներին, որովհետև գրականությունն առանց գրաքննադատության, գրականագիտության դժվար է պատկերացնել: Քանզի յուրաքանչյուր ընթերցող, անգամ գրողն ինքը լիովին պատկերացում չի կարող ունենալ, թե ինչեր է ստեղծել, որովհետև ենթագիտակցորեն նրա մեջ թաքնված և գրի մեջ արտահայտված հազար ու մի գաղտնիք կա, որին ինքն էլ տեղյակ չէ: Անհրաժեշտ են բացահայտող գրականագետներ, ուստի և մրցանակը ստանում են այն գրականագետները, որոնք մաթևոսյանական գրականության, նաև արդի գրականություն-Մաթևոսյան առնչություններն են վեր հանում»,- ասաց նա և «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակը հանձնեց Վազգեն Գաբրիելյանին՝ Հ. Մաթևոսյանի ստեղծագործության հետևողական մեկնաբանման և «Մաթևոսյանական ընթերցումներ» ժողովածուների կազմման և խմբագրման համար:
Վազգեն Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակին արժանանալու համար, նշեց, որ Մաթևոսյանն այն գրողներից էր, ում գլխավոր նպատակը եղել է հայրենիքը, հողը, ժողովուրդը: «Հրանտը թողել է մի հրաշալի գրականություն, որն ապրեցնում էր մեզ ժամանակին և շարունակում է ապրեցնել: Կարծում եմ՝ այդ գրականությունը չափազանց կարևոր է մեր գրական զարգացման հետագա ընթացքի համար»,- նկատեց գրականագետը:
Վերժինե Մովսիսյանը ևս պատահական չհամարեց մրցանակը հանձնելիս առավելությունը գրականագետներին տալը, որովհետև գրականությունը պիտի բացվի: «Եթե չբացվի, կարճ կյանք կունենա այդ գրականությունը: Իսկ դա անում են գրականագետները»,- վստահեցրեց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ