Մայիսի 24-ին ՀԳՄ «Մեր բարերարները» պատվո տախտակը համալրվեց ևս մեկ բարերարի անվամբ՝ Արթուր Մկրտումյան: Արթուր Մկրտումյանը երկրաշարժի ժամանակ զոհված գյումրեցի բանաստեղծ Արարատ Մկրտումյանի եղբայրն է, որ հովանավորում է նրա անվան երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում կարևորեց Արթուր Մկրտումյանի բարերարությունը, որի շնորհիվ Լուռու և Շիրակի մարզերի շատ երիտասարդների ստեղծագործություններ մրցանակաբաշխությամբ ընտրվել և հրատարակվել են: Նա տեղեկացրեց, որ Մկրտումյանն իր եղբոր ապրած 31 տարիների չափով պահպանելու է մրցանակը և առաջարկել է այս տարվանից մրցանակաբաշխություն անցկացնել ոչ միայն երիտասարդ բանաստեղծների, այլ նաև արձակագիրների համար, որի արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Միլիտոնյանը ՀԳՄ «Գրական բարերար»-ի վկայագիր հանձնեց «Արարատ Մկրտումյան» գրական հիմնադրամի հովանավոր-հիմնադիր Արթուր Մկրտումյանին՝ հայ գրական-մշակութային կյանքին սատարելու, երիտասարդ գրողների ստեղծագործությունների հրատարակմանը աջակցելու և նրանց խրախուսելու համար: Էդ. Միլիտոնյանը հավելեց նաև, որ վերջին տարիներին Գրողների միության համալրումը երիտասարդ գրողներով անմիջապես կապված է «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության հետ, քանի որ առաջին մրցանակ ստացածները դառնում են ՀԳՄ անդամ: Արթուր Մկրտումյանը իր շնորհակալական խոսքում ասաց, որ մրցանակաբաշխությունը կշարունակվի, քանի որ մեր ժամանակներում անընդհատ պետք է նման աշխատանքներ իրականացնել, և ուրախ է, որ իր բարերարությունը լավ նպատակների է ծառայում:
ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բարերարին, որի շնորհիվ գյումրեցի և լոռեցի 7 հեղինակների գրքեր են հրատարակվել և 48 հեղինակներ տպագրվել են անթոլոգիաներով: Նա նշեց, որ այդ 55 երիտասարդ բանաստեղծների համար ճանապարհ է հարթվել Արթուր Մկրտումյանի շնորհիվ:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը նշեց, որ ՀԳՄ պատվո տախտակին շատ կարևոր է Արթուր Մկրտումյանի անվան գրառումը, քանի որ նրա մեջ Արարատ Մկրտումյանից եկող բառի ու խոսքի նկատմամբ սրբազան երկրպագություն կա: Ըստ Ա. Ավանեսյանի՝ գրականության ու արվեստի յուրաքանչյուր բարերար զինվորին հավասար աշխատանք է իրականացնում երկրի հիմքերի պահպանման ու ամրապնդման գործում: