ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻՆ

Հայաստանին, հայոց լեզվին, մշակույթին, դրանց զարգացման հետագա խնդիրներին և առաջադրված մարտահրավերներին էր նվիրված Հայ-ռուսական համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի հայոց լեզվի և գրականության, համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնների կազմակերպած համատեղ երկօրյա միջազգային գիտաժողովը «Ազգային մշակույթը և գրականությունը հազարամյակների սահմանագծում» թեմայով:
Զեկուցումներով հանդես եկան համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ա. Եղիազարյանը («Ազգային մշակույթները XXI դարում»), ՀՀ արտգործնախարարության վարչության պետ Ա. Ոսկանյանը («Գաղափարախոսության հմայիչ արհեստը. հայ և ռուս հասարակական–քաղաքական մտքի զուգահեռականության երկու դեպքի մասին»), բան. գիտ. թեկնածու Լ. Մելիքսեթյանը («Նախնական դատողություններ հայկական էրոսի մասին /հայ նորագույն արձակի հիման վրա»/), Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դ. Մուրադյանը («Հայ կինոն դարից դար»), բան. գիտ. թեկնածու Ս. Տոնոյանը («Հրանտ Մաթևոսյանը մշակութային համահարթեցման, գլոբալացման և ազգային ինքնության մասին»), Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեովան Լինտը («Գրիգոր Մագիստրոսը և փախուստի հռետորաբանությունը»), Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու Բ. Զուլումյանը («Սիմվոլիզմը դարերի սահմանագծին»), Հայ-ռուսական համալսարանի տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Ե. Մարգարյանը («Մշակույթը իբրև պատասխան քաղաքակրթական մարտահրավերներին»), Խ. Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Ս. Դանիելյանը («Վահան Թեքեյանը սփյուռքահայ գրականության համատեքստում»), բան. գիտ թեկնածու Ռ. Ավետիսյանը («Հարյուր տարի առաջ և հետո»), փիլ. գիտ. թեկնածու Գ. Գալիկյանը («Համալսարանը և հասարակական բարիքի հասկացությունը»), բան. գիտ. թեկնածու Ա. Թադևոսյանը («Տաղաչափական հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում ժամանակակից հայկական բանաստեղծության մեջ»):
Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են առանձին գրքով:

Ժենյա ՌՈՍՏՈՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։