ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհեց հայ միջնադարյան մեծագույն բանաստեղծ, փիլիսոփա, վարդապետ, երաժիշտ Գրիգոր Նարեկացուն:
Ապրիլի 29-ը նշանավորվեց համալսարանի մուտքը զարդարող Գրիգոր Նարեկացու հարթաքանդակի վերաբացման հանդիսավոր արարողությամբ: Հարթաքանդակի հեղինակը Արցախի Հանրապետության վաստակավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գրողներ, մտավորականներ, համալսարանականներ:
Հյուրերը ծաղիկներ դրեցին մեծ բանաստեղծի հարթաքանդակին, որից հետո Տեր Մինաս քահանայի գլխավորությամբ կատարվեց հարթաքանդակի օրհնության կարգ:
Համալսարանի ռեկտոր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն իր ելույթում գնահատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից մատուցած պատարագի արարողությունը, որի ժամանակ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս:
Հանդիսավոր արարողությունից հետո համալսարանի դահլիճում կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ, որը նախաձեռնել էր հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ամալյա Գրիգորյանը:
ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանն իր ելույթում գնահատեց Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունն ու համալսարանականների նախաձեռնությունը:
Միջնադարյան մեծ տաղերգուի գրական գործունեությանն իրենց ելույթներով անդրադարձան նաև համալսարանի դասախոսներ, բան. գիտ. թեկնածու, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը, Ռենա Մովսիսյանը:
Ուսանողներն ասմունքեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից, տաղերից:
Գրիգոր Նարեկացու շարականները կատարեցին Դավիթ Մարկոսյանն ու Աննա Իզմաիլյանը:
Ելույթներն ընդմիջվում էին Գրիգոր Նարեկացու կյանքի ու գրական ժառանգության մասին պատմող տեսաֆիլմերով:
Համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ այսուհետ ապրիլի 29-ը համալսարանում կնշվի որպես Գրիգոր Նարեկացու պոեզիայի օր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։