Փետրվարի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ խորհրդակցություն «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» թեմայով: Խորհրդակցությունը նախաձեռնել էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նրա ելույթի խնդրո առարկան գրականության դպրոցական դասագրքերն էին: Եթե տարրական դասարանների համար դասագրքերում ընդգրկված են ժամանակակից գրողներ, ապա ավագ դպրոցի դասագրքերում ժամանակակից գրականությունը, ժամանակակից գրական գործընթացը, արդի հանրաճանաչ անուններն ընդգրկված չեն: Տարրական դասարանների դասագրքերում հաճախ տեղ են գտնում այնպիսի հեղինակներ, որոնք անծանոթ են գրական միջավայրում: Էդ. Միլիտոնյանն ընդգծեց նաև այն, որ ավագ դասարանների դասագրքերում հիմնականում ներկայացված է հայ գրականության պատմությունը, մինչդեռ կարևոր է ծանոթությունը ժամանակակից գրողների լավագույն ստեղծագործություններին: Ըստ նրա՝ խնդիրը մասնակիորեն կարելի է լուծել գրականության լավագույն նմուշների քրեստոմատիա հրատարակելով: Առաջարկեց ուշադրություն դարձնել ժամանակակից լեզվամտածողությանը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում շեշտեց դասագրքեր կազմելու գործում ՀԳՄ-ի մասնակցության անհրաժեշտությունը:
Սեփ. լրտ.
Եթէ դասագիրքերը պատրաստուին ըստ բնաբաններու՝ թեմաներու, փոխանակ ըստ ժամանակագրութեան, այդ պարագային նոյն բնաբանին շուրջ կարելի է հաւաքել այլազան հեղինակներու գործերը, որոնք իրենց ժամանակագրութեամբ պայմանաւորուած չեն: Այս պարագային տեղ տրուած կ’ըլլայ մեր ողջ գրականութեան՝ հինին ու նորին միաժամանակ:
Այս սկզբունքով իր հայոց լեզուի ու գրականութեան դասագիրքերը պատրաստած է սփիւռքահայ Յարութիւն Քիւրքճեանը, որ շատ յաջող լուծում տուած է հարցին: Թելադրելի է աչքի առաջ ունենալ անոր կազմած դասագիրքերը՝ միջնակարգի եւ երկրորդականի: