Մայրաքաղաքի Ա. Սախարովի անվան N 69 հիմնական դպրոցում, պետական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում արձակագիր-հրապարակախոս, Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ Դավիթ Սարգսյանի հետ:
Դահլիճում էին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված բաց դասը, որ վարում էր արձակագիր Դ. Սարգսյանը, ներկայացվեց դասական ձևաչափով: Սա պատմության, հայրենասիրության, ազգասիրության կարևոր դաս էր, որի ընթացքում գրողը անդրադարձավ հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկին` Սարդարապատի ճակատամարտին: Զուգահեռներ անցկացնելով անցյալի և ներկայի միջև՝ Դավիթ Սարգսյանը նշեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի վճռորոշ նշանակությունը հայ ժողովրդի, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և կայացման գործում:
Դավիթ Սարգսյանի գեղեցիկ և տպավորիչ խոսքը, պատմական իրադարձությունների ամփոփ նկարագրությունը հայրենասիրության դասն անմոռանալի դարձրեցին: Կրթօջախի տնօրեն Մարիաննա Մելյանը գրողին շնորհակալություն հայտնեց գեղեցիկ, ուսուցողական հանդիպման առիթով: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` հանդիպել աշնանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում գործող թանգարանում:
Սեփ. լրտ.