Հոկտեմբերի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Տեղի ունեցավ մրցանակների հանձնումը: Գիտության տարբեր բնագավառներում ներկայացվել էր 42 աշխատանք 11 անվանակարգում: Մրցանակները հանձնեցին ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Մաթևոսյանը (գիտության բնագավառ), Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը (լրագրողական լավագույն հրապարակումներ), Ռուբեն Գևորգյանցը (կինեմատոգրաֆիա), Կարեն Աղամյանը (կերպարվեստ, քանդակագործություն), Աելիտա Դոլուխանյանը (գրականություն):
Աելիտա Դոլուխանյանը, արժևորելով Արա Աբրահամյանի դերը մտավորականներին գնահատելու, խելամիտ քաղաքականությամբ Հայաստանի ոգին բարձր պահելու գործում, վստահեցրեց. «Դուք շատ կարևոր գործ եք անում, և մենք գնահատում ենք Ձեզ»: Այնուհետև գրական մրցանակներ հանձնեց Արտեմ Հարությունյանին (պոեզիա), Կարինե Խոդիկյանին (դրամատուրգիա) և Սամվել Կոսյանին (մանկական արձակ):
Արտեմ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և վստահեցնելով, որ այն նաև իր սերնդի մրցանակն է, նշեց. «Պոեզիան ազգային է և ազգի ճյոււղի վրա է բարձրանում, իսկ մենք կրողն ենք հայ մշակույթի»:
Հոգեղբայրանալ բնագրի հետ
Հոկտեմբերի 12-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Այդ առթիվ ՀԳՄ անդամներն այցելեցին Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին:
Այնուհետև եկեղեցու դպրատանը կայացավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է հայ գրականությունն այլ լեզուներով և օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանված լավագույն աշխատանքների համար: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց լիբանանցի մտավորական Սարգիս Կիրակոսյանին և Շանթ Մկրտչյանին:
ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդ. Միլիտոնյանը նշեց, որ արդեն 10-րդ տարին է, այդ մրցանակները հանձնվում են դպրատան սրահում: Նա կարևորեց այն փաստը, որ ոչ միայն Հայաստանի թարգմանիչներն ու գրողներն են արժանանում այս մրցանակին, այլև արտասահմանցի, սփյուռքահայ թարգմանիչներ, քանզի այդպիսով ընդլայնվում են թարգմանական գործի հոգևոր կապերը` հարստացնելով մեր լեզուն և տարածելով հայ գրականությունը այլ երկրներում:
Ըստ Սարգիս Կիրակոսյանի` այս մրցանակով հատկապես Սփյուռքում պարգևատրվում են այն գրող-թարգմանիչները, ովքեր վերջին 50-60 տարիներին իրենց անմնացորդ նվիրումով թարգմանության հիմնասյուներն են հաստատել Լիբանանի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Սփյուռքի զանազան հայ համայնքներում: Նա թարգմանություն բառի փոխարեն նպատակահարմար գտավ գործածել հայացում բառը, քանի որ թարգմանություն նշանակում է ստեղծագործության, բնագրի վերստեղծում երկրորդ լեզվի մեջ: «Բայց թարգմանությունը միայն տողացի փոխադրումը չպիտի լինի, այլ թարգմանիչը պիտի հոգեղբայրանա այն բնագրի հեղինակի հետ, ում գործը պիտի փոխադրի իր լեզվով»,- ասաց նա: Ապա խոստովանեց, որ թեև քառասուն տարուց ավելի թարգմանում է արձակ, թատերախաղ, բայց իրեն ավելի հարազատ է զգում, երբ բանաստեղծությունը «վերաբանաստեղծականացնում» է հայերենով: Խոսելով ծրագրերի մասին՝ տեղեկացրեց, որ հիմա աշխատում է ամբողջացնել արաբական ժամանակակից բանաստեղծության անթոլոգիան` գրեթե 30-40 բանաստեղծ:
Շանթ Մկրտչյանը նշեց, որ տողը և ռիթմը դարձել են իր ապրելու կերպը, թարգմանել է այն գործերը, որոնք սիրել է: «Այլ գրականությունների հետ հաղորդակցվելու այլ ճանապարհ չկա, քան թարգմանությունն է»,- ընդգծեց նա: Համեմատություն անցկացնելով հայ և օտար թարգմանիչների միջև` փաստեց, որ հայ թարգմանիչներն ավելի հարազատ են մնում բնագրին, քան օտարալեզու թարգմանիչները:
Իրենց կատարած թարգմանություններից կարդացին Սարգիս Կիրակոսյանը, Շանթ Մկրտչյանը, Հրաչյա Բեյլերյանը, Գագիկ Դավթյանը, Բաբկեն Սիմոնյանը, Հերմինե Նավասարդյանը, Ռոմիկ Սարդարյանը:
Ելույթ ունեցան նաև Անդրանիկ Սիմոնյանը, Արևշատ Ավագյանը: