«ՀԱՃԸ՜ՆԸ ՍԻՐՈՒՆ»՝ ՄԽԱՑՈՂ ԿԱՐՈՏԻՑ, ՄՐՐԿՈՂ ՄՏԱՏԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ ՎԵՊԸ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անցյալ՝ 2017 թվականին լրացավ սփյուռքահայ վաստակաշատ գրող՝ արձակագիր, թատերագիր, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի ծննդյան 90-ամյակը: Հոկտեմբերի սկզբի հոբելյանական օրերին նա Հայրենիքում էր և մասնակցում էր Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների ՀԳՄ ծաղկաձորյան 6-րդ համաժողովին: Եվ, ինչպես միշտ, ձեռնունայն չէր եկել, հասցրել էր Լոս Անջելեսում հրատարակել «Ծաղկաքաղ պատմուածքներու» (2016) ընտրանին և իր ստեղծագործական կյանքի, թերևս, ամենակարևոր երկը՝ «Հաճը՜նը սիրուն» (2017) վեպը:
Սարգիս Վահագնի գրականությունը, ընդհանրապես, բնորոշվում է հայի և հայության ճակատագրի, արմատների պահպանման ու ապագայի տեսլականի որոնման հատկանիշներով: Հիշյալ համաժողովում, անդրադառնալով ամերիկահայ գրականության մեջ իր դերին, նա իրավացիորեն նշեց, թե ինքը «ըստ Պերճ Զէյթունցեանի որակումին մնաց «աւանդապահ բայց ո՛չ հնատարազ», «Տագնապով» շարունակեց իր ծննդավայր Պէյրութի եւ աշխարհատարած հայու բեկորներու ողբերգութիւնը տալով, «Աշոտ Ողորմած»-ով իր թատերական ճիւղը զարգացնելով: Իսկ «Արշիլ Կորքի» վէպով Ամերիկեան արուեստի մթնոլորտը կենդանացնելով եւ վրձինելով Ոստանիկ Ատոյեան-Արշիլ Կորքիի կեանքին ու արուեստին հոլուոյթին ընդմիջէն»: Միաժամանակ, նա առանձնակի շեշտադրեց «հայրենի հարազատ հողի եւ հարազատ պետականութեան նեցուկի» կարևորությունը՝ որպես «պակասող կռուան» սփյուռքահայ գրողների համար, քանզի «օտար հողի վրայ կարելի չէ տոհմիկ գրականութիւն արմատաւորել»: Այս ամենը հրաշալիորեն արտացոլված է նաև նախորդ տասնամյակներին տպագրված պատմվածքների ժողովածուներից կատարված «Ծաղկաքաղ»-ում:
Այնուամենայնիվ, «Հաճը՜նը սիրուն» վեպը առանձնանում է Սարգիս Վահագնի գրական կենսագրության մեջ: Որովհետև այդ երկի գաղափարը նրա ներաշխարհում խմորվել է ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով: Ինչպես խոստովանում է գրողը վեպի «Մուտք»-ում՝ կորսված հայրենիքի հուշի ու կարոտի չարենցյան մորմոքը՝ «Տէրեանի ճիչով կիզուած», որպես «կարօ՛տ մխացող, մրրկող մտատանջութիւն», ողջ կյանքի ընթացքում հանգիստ չի տվել իրեն, ելք է որոնել՝ «պոռթկալու, դուրս ցայտելու համար»: Բանն այն է, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց Մեծ եղեռնի զոհ են դարձել հեղինակի մայրը, բազմաթիվ հարազատներ, ավերվել են հայրենական օջախները, սակայն, ինչպես նշում է գրողը, «այս բոլորէն վեր /…/ հիմնական դրդապատճառը այս գիրքին, Հաճնոյ ութամսեայ հերոսական դիւցազնամարտն է» (ընդգծումը հեղինակինն է-Պ.Դ.), որը Եղեռնի բազում արհավիրքների մեջ հանդիսացավ «հերոսական ընդվզումի եւ զինեալ պայքարի» սքանչելի դրվագներից մեկը՝ իբրև պատգամ հայոց ապագա սերունդներին՝ Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ:
Պատկերվող պատմական ժամանակաշրջանի՝ ճակատագրական 1915-1921 թթ. մեր ժողովրդի կրած ողբերգությունների ու պայքարի հերոսական դրվագների ճշմարտացի արտացոլման համար հեղինակը դիմել է ոչ միայն ինքնակենսագրական իրողություններին, հուշային անդրադարձումներին, այլև պատմագիտական, փաստավավերագրական հարուստ գրականությանը: Դա հնարավորություն է տվել նրան, հարազատ մնալով պատմական ճշմարտությանը, գեղարվեստական խոսքի միջոցներով կատարել մի շարք հանգուցային հարցադրումներ՝ այդ ամենը մարմնավորելով ժամանակի հայության կյանքի ու հերոսների կենդանի կերպարների մեջ:
Վեպն սկսվում է 1918-ի զինադադարից հետո Կիլիկյան Հայաստանից բռնի տեղահանված ու Եղեռնից մազապուրծ վերապրողների վերադարձի նկարագրությամբ՝ «Ամէն կողմէն, ամէն կածաններէն, ճամբաներէն ու հրապարակներէն կանչն ու նշանաբանը նոյնն էր.- Դէպի տո՜ւն, դէպի տո՜ւն…»: Վերադառնում է նաև «վեց տարիներու ուսումը» ավարտած բժիշկ Տիրան Իշխանյանը, ով, ուսանող լինելով, պատերազմի սկզբին չէր ուղարկվել ռազմաճակատ, այլ ծառայության էր կանչվել Պոլսի զինվորական հիվանդանոցներից մեկում: Սակայն այժմ, թողնելով «Պոլիս մնալով բարեկեցիկ կեանք մը վարելու» հեռանկարը, նա շտապում է Ատանա, Սիս, ծնողներին ու հարազատներին, նաև սիրած աղջկան՝ Ֆլորանսին, գտնելու: Պարզվում է` նրանք բոլորն էլ ողջ են, կայանում է նաև Ֆլորանսի հետ հանդիպումը, և վերջինս նրան պատմում է իրենց գլխով անցած արհավիրքների պատմությունը, երբ եղել էին պահեր, որ նույնիսկ փնտրել էին «մահը որպէս փրկութիւն»:
Ըստ էության, այս է վեպի հիմնական սյուժետային առանցքը, որի շուրջ էլ զարգանում են իրադարձությունները՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, ռազմական, սոցիալական, այնպես էլ ազգամիջյան ու մարդկային-անհատական հարաբերությունների, ըմբռնումների, ապրումների վիթխարի ծավալներ:
Գլխավոր հարցադրումներից մեկը պտտվում է հույսի և հուսախաբության շուրջ:
Դեպի հայրենի Հաճըն ճանապարհ ընկած երկու հարյուր վերապրողների քարավանին միացել էր նաև ֆրանսիական իշխանության նախաձեռնությամբ կազմված և զինված հայ ժանդարմների «Վրէժ» կոչվող 20 հոգանոց խումբը՝ հիսնապետ Արամ Կայծակի գլխավորությամբ: Նա գտնում է, որ դեռևս չգրավված Հաճըն մի քանի հազար հայերի վերադարձը «ֆրանսիացիների «բարձր» քաղաքականութեան միտումներէն թելադրուած է, /…/ կ’ուզեն որ մե՛նք վարժուինք ինքնաբաւ եւ ինքնավար դառնալ: Զէնք ու զրահ կու տան, կը մարզեն մեզ ու ահա կ’ուղարկեն Հաճըն»: Այնտեղ արդեն իսկ հաստատված էր «քանի մը հարիւր ժանտարմայական մարմին մը, տեղակալ Պօղոս Թուրսարգիսեանի հրամանատարութեան տակ», որին պիտի միանար նաև Արամ Կայծակի խումբը: Վերջինս շատ ոգևորված էր՝ «…հիմա արդէն ունինք ազատ անկախ Հայաստան մըն ալ՝ Արարատի փեշերուն: Ատի մեզի համար մեծ կռուան մըն է: Անոնք այն կողմէն, մենք ալ այս կողմէն, զէնքի ուժով պիտի վերակերտենք ծովէ ի ծով մեր երազած Հայաստանը»: Տիրանը, սակայն, վերապահությամբ է ընդունում Արամի այդ ոգևորությունը, քանզի շարունակ մտատանջության մեջ էր, թե «Ճի՞շդ ըրին վերադառնալով այստեղ…», քանի դեռ Հաճընը չէր ներառված Ֆրանսիայի պաշտպանության տակ: Քարավանապետ Հաճի Աստուրը ևս շատ «մտահոգ էր Հաճնոյ նոր գոյավիճակով»: Իր արհեստի բերումով նա սկսել էր նշմարել «կասկածելի անձերու յայտնուիլն ու նոր տեսակի եռուզեռ մը, թրքական գիւղերուն եւ անցուդարձի իր ճամբաներուն մէջ»: Բացի այդ, «միջհամայնքային փոխկասկածամտութեան մթնոլորտը տակաւին բուժուած չէր»: Այնուամենայնիվ, կյանքը կարծես աստիճանաբար մտնում էր բնականոն հունի մեջ: Փախուստ տված «բուն գայմաքամի» փոխարեն, Հաճընի ղեկավարությունը ստանձնած նրա քարտուղար Խայրետտին էֆենտին՝ թուրքական հայտնի «դիվանագիտությամբ», ջանում էր ամեն կերպ սիրաշահել հայերին՝ անընդհատ կրկնելով «յանկերգ դարձած նոր կարգախօսը, թէ պէտք է մոռնալ անցեալի ցաւալի դէպքերը եւ եղբայրաբար, ձեռք-ձեռքի տուած կերտել նոր կեանք մը Հաճընի եւ շրջակայքին մէջ»: Հայությունը ձեռնամուխ է լինում կյանքի վերակերտմանը՝ վերաբացվում է դպրոցը, Ս. Աստվածածին «կիսաւէր տաճարին մէջ» տեղի է ունենում Տիրանի և Ֆլորանսի պսակադրությունը: Հատկանշական էր, որ առաջին անգամը լինելով, նույնիսկ պաշտոնյա թուրքերն էին մասնակցում հայ եկեղեցում կատարվող արարողությանը, քանզի՝ «Առաջ նախատինք կը սեպէին այդպիսի քայլ մը, իսկ այժմ՝ պատի՛ւ կամ հարկադրանք՝ քանի հայուն ձեռքն էր ոյժն ու սուրը»:
Նոր քարավաններով տարագիր հայերը շարունակում էին վերադառնալ իրենց տները: «Քաղաքը կը սկսէր ապաքինիլ հետզհետէ», ինչի վկայությունն էին նաև «ամուսնութիւններու զգալի թիւն ու ծնող մանուկներու ճլուըլոցը»: Այդ ամենն այնքան էր ոգևորել որոշ հայ գործիչների, որ Արամ Կայծակը՝ Հայոց անկախ պետականության տարեդարձի առթիվ, եռագույնը կախում է քաղաքի հայկական հաստատությունների, ինչպես նաև Հաճընի կուսակալ Խայրետտին էֆենտիի նստավայրի վրա՝ իջեցնելով Թուրքիայի դրոշը:
Սակայն, ինչպես միշտ, հայության ազգային-քաղաքական տարբեր ուժերի միջև գլուխ են բարձրացնում տարակարծությունները՝ ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատության և զարգացման հեռանկարների վերաբերյալ: «Հաճընի եւ շրջակայքի ժանտարմըրիի պետ» նշանակված Պողոս պեյը, ըստ դաշնակ Արամ Կայծակի, «թոյլ մարդ» էր, ով գտնում էր, թե «հայուն եւ թուրքին միջեւ անաչառութեան հաւասարակշռութիւն» պետք էր պահել, մինչդեռ Արամն ավելի վճռական էր տրամադրված: Նա առաջարկում է Հաճի Աստուրին, իր քարավանով ամեն գալուն «քողածածուկ ձեւով /…/ քանի մը զէնք ու զինամթերք բերել»: Մանավանդ որ Հաճի Աստուրն էլ համախոհ էր նրան: Նա համոզված էր, որ «Ֆրանսացիք երկերեսանի դիւանագիտութիւն կը խաղային: Զէնքը մահու կենաց խնդիր էր»:
«Երկպառակութեան որոմը» դարձյալ գլուխ է բարձրացնում հնչակյանների «հերթական անդամական ժողովին», երբ այնտեղ հայտնվում են նաև Կարապետ Իշխանյանը՝ իր որդիներով և դաշնակ Արամ Կայծակը: Չլսելով Տիրանի եղբայր, փաստաբան Պարույրի և ուրիշների հորդորները՝ հնչակյանները որոշում են խնդրագրեր ուղարկել Ատանա և Պոլիս՝ թուրքի փոխարեն, Հաճընի հայ կառավարիչ նշանակելու համար: Պոլսում խնդրանքը բավարարվում է՝ «թուրք գայմաքամ Խայրետտինը» փոխարինվում է «թրքական կառավարութեան հլու հնազանդ» հայ պաշտոնյայով՝ Արմենակ Քիրեճյանով: Նոր կառավարչի առաջին գործը, սակայն, այն է լինում, որ բանտարկել է տալիս մի շարք թուրք երևելիների և ապա… ազատ արձակում նրանց՝ կաշառքի դիմաց՝ «խախտելով հայ եւ թուրք համակեցութեան խախուտ կշիռքը…»: Հաճըն է ժամանում անգլիացի զորավարի և բարձրաստիճան ֆրանսիացի գնդապետի ղեկավարած պատվիրակությունը՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար: Հայերը մեծ ակնկալիքներ ունեին այդ առաքելությունից, քանզի, Տիրանի կարծիքով, «մեր բարեկամութեան, դաշնակիցի» հանգամանքը, ինչպես նաև Արարայի ճակատամարտին հայության բերած մեծ նպաստը և զոհողությունը, բավարար հիմք էին վստահության, որ դաշնակիցներն օգնության կհասնեն իրենց: Սակայն պատվիրակության կազմում ժամանած ֆրանսիացի բժշկապետ Լուի Ռոլլանը, բացում է Տիրանի աչքերը, ասելով՝ «Միամիտ մի՛ ըլլաք, Պարո՛ն Տիրան. մի՛ տարուիք ռոմանթիք, զգացական հովերով: Մեր պետութիւնները առարկայապաշտ եւ շահամոլ են եւ կը շարժին միայն ու միայն շահի ակնկալութեամբ: Մի՛ հաւատաք դուք անոնց խոստումներուն….»: Եվ իրոք, առաքելության ավարտին հյուրերը հայտարարում են, թե չեն կարող «Հաճընն ու շրջակայ գիւղերը գրաւուած հող հռչակել», որովհետև դրանք պաշտպանելու բավարար զորք չունեն, և շատ են ցավում իրենց այդ որոշման համար:
1918-1921 թվականներին Հայաստանի և Կիլիկիայի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը, իրոք, բարդ էր, շահագրգիռ մեծ տերությունների վարքը՝ անկանխատեսելի: 1917-ի հոկտեմբերին Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխության հաղթանակն ավելի էր խճճել այն: Մինչ 1918-ի գարնանը հռչակված Հայաստանի անկախ Հանրապետության և Արևմտահայոց Ազգային պատվիրակությունները՝ Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի, Պողոս Նուպար փաշայի ու Գաբրիել Նորատունկյանի գլխավորությամբ, ծանր բանակցություններ էին վարում երկու ճակատով՝ Ռուսաստանի և Արևմուտքի հետ, մինչ կազմավորվում էր Արևելյան (հետագայում Հայկական կոչված) լեգեոնը՝ ֆրանսիական իշխանությունների հովանու տակ՝ Կիլիկիան թուրքերից պաշտպանելու համար, օտարերկրյա դիվանագիտական բարձրագույն շրջանակներում այլ կարծիքներ ու մտադրություններ էին շրջանառվում: Ավետիս Ահարոնյանն իր գրառումներում («Սարդարապատից մինչև Լոզան», Եր., ԵՊՀ հրատ., 2001) նկատում էր, թե «թյուրքասիրական հովը շատ ուժեղ է ֆրանսիական պաշտոնական շրջանակներում», Հայաստանի մանդատի հարցը քաշքշվում էր արևմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դիվանագիտական կաբինետներում: Ֆրանսիայի արտգործնախարարության տնօրեն J. Gunt-ը անկեղծանում էր, թե «Քանի որ Կիլիկիան միանալու է Հայաստանին, /…/ Ամերիկայի մանդատի տակ, ես չեմ հասկանում, թե մենք ինչո՞ւ պետք է զորք ղրկենք»: Իսկ անգլիացի լորդ Րոբերթ Սեսիլը, ի պատասխան Պողոս Նուպարի այն հարցադրման, թե «Ֆրանսիան պարտական է Կիլիկիան նկատել որպես հայ երկիր՝ իր մանդատի տակ», որովհետև խոստացել է իրեն հայերի ինքնավարություն Կիլիկիայում, հարցնում է՝ «Գրավոր խոստում ունի՞ք»: «Ո՛չ»,- պատասխանում է Փաշան: Այնժամ «Լորդ Սեսիլ ժպտաց բարեմտորեն»,- նկատում է Ավ. Ահարոնյանը: Հայաստանում թուրք-բոլշևիկյան վտանգի դեմն առնելու համար շուտափույթ օգնություն ուղարկելու հայկական կողմի խնդրանք-պահանջներին ևս Անգլիայի ու Ֆրանսիայի պաշտոնական պատասխանը մեկն էր՝ «Զորք ղրկել չենք կարող», «Զորք չկա, դրամ չկա»:
Իրավիճակը գնալով տագնապալից էր դառնում, և հաճընցիներին այլ բան չէր մնում, քան մտածել ինքնապաշտպանության մասին: Ընտրվում է նոր Ազգային ժողով՝ հնչակների մեծամասնությամբ և երկու դաշնակցականով, Ավետիս Չավտարյանի գլխավորությամբ: Փոփոխությունն զգալի էր նաև ժողովրդի ընդհանուր տրամադրության մեջ՝ «…ա՛լ նախկին խանդավառութիւնը չկա՛ր: Բեկուած բան մը կար մթնոլորտին մէջ…»: Ծայր է առնում «խուճապի ալիք մը»… Ոմանք՝ նրանց մեջ նաև Կարապետ Իշխանյանի երկու փեսաները՝ Տիգրանն ու Թորոսը, որոշում են ընտանիքներով տեղափոխվել Ատանա: Տիրանը, սակայն, այլ կարծիքի էր՝ «Իսկ մնացած ժողովո՞ւրդը,- մտատանջվում է նա,- ձգենք անտէր անտիրակա՞ն…»: Ըստ էության, նա ևս դեմ չէր մեկնելու գաղափարին, բայց ո՛չ անհատական ձևով, այլ հավաքականորեն, ամենքը միասին, կարծում էր, որ պետք է գտնել «պաշտպանուած հեռանալու ձեւը», քանի դեռ ուշ չէ:
Այդ իրավիճակում է, ահա, որ Հաճըն է ժամանում «Անդրանիկի բարձրաստիճան սպաներէն» Սարգիս Ճեպեճյանը, ով, թերևս, հենց Զորավարի հրահանգով, ծրագրել էր «Կիլիկիոյ մէջ կազմալուծուած Հայկական Լէգէոնին տեղ, իսկական հայկական բանակ մը ստեղծել հայկական հրամանատարութեամբ»: Խորհրդակցելով Ազգային Միության նոր ատենապետ Ավետիս Չավտարյանի հետ՝ որոշվում է Սարգիս Ճեպեճյանին նշանակել «Հաճնոյ պաշտպանութեան զինուորական ընդհանուր հրամանատար»: Արամ Կայծակն իր խմբով զինաթափում է Պողոս պեյի ժանդարմներին և առգրավում զենք ու զինամթերքը՝ այդ ամենը դնելով ընդհանուր հրամանատարության ղեկավարության տակ: Փոխվում է նաև Հաճընի գայմաքամ-Տեղակալը՝ քաղաքը լքած Արմենակ Քիրեճյանի փոխարեն, Տեղակալ է կարգվում Կարապետ Չալյանը, իսկ ժանդարմների նոր հրամանատար՝ «Սիսեցի հարիւրապետ» Կարապետ Լաչինյանը:
Ատանայի Ազգային մարմինը, սակայն, հորդորում էր, որ մնան և պաշտպանվեն: Քրոջ՝ Վիկտորիայի ծննդաբերության լուրն առնելով, Տիրանն ու Ֆլորանսը շտապում են գնալ Ատանա: Այնտեղ, օգտագործելով առիթը, Տիրանը մի շարք հանդիպումներ է ունենում, մասնավորապես, Ազգային Միության նախագահ, «Սասնոյ Արծիւ» Միհրան Տամատյանի հետ: Վերջինս պնդում է, թե իրենք էլ վճռական են Հաճընը պահելու հարցում, բանակցում են շահագրգիռ խոշոր պետությունների հետ, լուրջ աշխատանքներ են տանում «Հայկական Լէգէոնը, մեծ մասով» Հաճըն տեղափոխելու համար: «Ասիկա, խնդրեմ քաղաքական խաղ չէ, այլ ռազմավարութիւն՝ մեր անկախութեան սրբազան ճամբուն վրայ,- ասում է նա: – /…/ մենք վճռած ենք Հաճընի հարցով ոչ մէկ զիջում կամ ոտնձգութիւն կատարել: Միայն պէտք ունինք ձեր հասկացողութեան եւ նեցուկին»: Այսինքն՝ «որ դուք ալ, գոնէ քանի մը ամիս ակռանիդ սեղմած, տոկաք եւ չլքէք Հաճընը…»: Տիրանը Տամատյանից բաժանվում է անորոշ, «պղտոր զգացումներու» բեռով:
Հաճըն վերադառնալով՝ Տիրանը եղբոր՝ Պարույրի հետ հրավիրում է Բարձր հավաք՝ ստեղծված վիճակը ներկայացնելու և որոշում ընդունելու համար: Նա հուսախաբ էր հատկապես դաշնակիցների՝ Անգլիայի ու Ֆրանսիայի հարցում, որոնք կարծես «մրցումի ելած են, թէ ո՞վ կրնայ աւելի շատ եւ շուտ սիրաշահիլ քեմալական շարժումը»: Ահա թե ինչու, փրկության միակ ելքը տեսնում էր կազմակերպված ձևով ժողովրդին Հաճընից դուրս բերելու մեջ, «այն ալ՝ ապաւինելով միայն մե՛ր սեփական ուժերուն եւ միջոցներուն վրայ»: Ս.Ճեպեճյանի կողքին առաջիններից մեկը զինվորագրված Մեսրոպ Շխրտմյանը համաձայնում է Տիրանի հետ, իսկ, ահա, Արամ Կայծակն այդ առաջարկը դավաճանություն է համարում: Ընդհանրապես, դաշնակ Արամի կերպարը գրողը կերտել է խմբապետական հայտնի հատկանիշներով, բայց նաև ազնիվ ու անշահախնդիր հայրենասերի խառնվածքով: «Աղօներ, եղբայրնե՛ր, ծնկաչոք կ’աղաչեմ, կը պաղատի՜մ,- բացականչում է նա,- մի՛ լքէք Հաճընը սիրուն, մեր կեանքի աղբիւրը վճիտ, մեր մայրը թանկագին»: Արամն արդար վրիժառուի երկար ճանապարհ էր անցել, վեպի հեղինակը նկատում է, թե հետագայում շատերը «փորձեցին Հաճնոյ ողբերգական վախճանի պատասխանատու նկատել Արամին բիրտ վարմունքը, բայց ճնշիչ փաստեր եկան ապացուցանելու, թէ ֆրանքօ-թուրք գաղտնի համաձայնութեամբ արդէն վճռուած էր ամբողջ Կիլիկիոյ հայութեան դառն ճակատագիրը»:
Վերջապես, Հաճընի կառավարիչ Կ. Չալյանի առաջարկով, ժողովականները որոշում են առայժմ Սրբազանին, Վերապատվելի Հարություն Խաչատուրյանի և ֆրանսերենի թարգմանիչ Շմավոն Փոստոյանի հետ, ուղարկել Ատանա՝ իշխանությունների հետ տեղում կապը պահելու և Հաճընի շահերը պաշտպանելու համար: Միաժամանակ, որոշվում է նաև զորահանդես կազմակերպել՝ ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով: Մինչդեռ Տիրանն ու Պարույրը դժգոհ են մնում այդ «կարկտան որոշումէն», քանզի «ժամանակը շատ, շատ սուղ էր»: Եվ իրոք, շուտով վրա է հասնում «սպասուած ու չսպասուած ճգնաժա՛մը»: Քեմալական միլլի կազմակերպված զորախմբերը հարձակման են անցնում՝ գրավելով «յառաջապահ բերդը՝ Շար գիւղը»:
Սկսում է կազմակերպվել Հաճընի ինքնապաշտպանությունը: Պարույրը, մի կողմ դնելով փաստաբանական իր ասպարեզն ու գրասենյակը, ստանձնում է հեծելազորքի ղեկավարությունը, որի «կրակի առաջին մկրտութիւնը» տեղի է ունենում Մաղարա թուրքական գյուղում՝ հաջող վախճանով: Կարապետ Էվիխանյանը ձեռնամուխ է լինում երիտասարդներին ևս ռազմական գործին նախապատրաստելուն: Սակայն, չնայած ձեռնարկված միջոցներին, «թրքական օղակը հետզհետէ կը սեղմուէր Հաճընի շուրջբոլորը»: Շատ չանցած՝ ընկնում է Վահկան: Իսկ Ատանայից եկած լուրերը հակասական էին: Վերջին՝ Տամատյանի հեռագիրը հորդորում էր չլսել Սրբազանի տագնապները և մի երկու շաբաթ համբերել ու դիմանալ՝ սպասելով օգնական ուժերի: Պաշարված Հաճընի համար չափազանց դժվար էր գործնական որոշում կայացնելը, մինչդեռ իրադարձությունները զարգանում էին կայծակնային արագությամբ: Ատանայում՝ Աբգարյան դպրոցում, կազմակերված հավաքի ժամանակ Տամատյանը հռչակում է «Կիլիկեան Հայկական Հանրապետութեան ծնունդը՝ ֆրանսական փառապանծ հովանիին ներքո»՝ իր նախագահությամբ: Սակայն շատ շուտով պարզվում է նման քայլի քաղաքական անհեռատեսությունը: Ֆրանսիացի բարձրաստիճան սպայի առաջնորդությամբ անակնկալ դահլիճ խուժած «զինուորներու գունդ մը» կասեցնում է ինքնակամ այդ որոշումը և Տամատյանին առաջնորդում Կիլիկիայի գլխավոր կառավարիչ, նահանգապետ Պրեմոնի մոտ:
Մայիսին սկսվում է քաղաքի կատարյալ պաշարումը՝ «Լռեր էր նոյնիսկ կենսական հեռագրատուփն ալ»: Այնուամենայնիվ, Արամի ու Մեսրոպի զինյալ խմբերը մի քանի հաջող հարձակումներ են գործում թրքական գրավյալ բնակավայրերի վրա՝ ազատելով տասնյակ հայ որբերի: Հիսնապետ Լաչինյանն իր խմբով կիրճերից մեկում մարտի է բռնվում թուրքական ջոկատների հետ և ամբողջությամբ չեզոքացնում նրանց: Արամ Կայծակին փոքրաթիվ ուժերով հաջողվում է լռեցնել թշնամու թնդանոթը…
Հաճընը հերոսաբար դիմադրում էր, բայց ուժերն անհավասար էին, դաշնակիցների խոստացած օգնությունը չկար, և դրությունը շարունակում էր օրհասական մնալ: Թուրքական նոր հարձակումը լիովին քայքայում է հաճընցիների դիրքերը: Ճեպեճյանն ու Չալյանը ինքնասպան են լինում: Միհրանը, երկու ռումբով առաջ նետվելով, լռեցնում է կամուրջն անցնող ժողովրդին հնձող թշնամու գնդացիրը և պայթեցնում իրեն: Թույն խմելով կյանքներին վերջ են տալիս նաև Տիրանն ու Ֆլորանսը: Ի վերջո, Միհրանի հերոսության շնորհիվ ազատված կամուրջն անցնում է 600 հոգի, որոնցից 420-ն է հասնում Ատանա ու փրկվում կոտորվելուց: Այդպիսով, «Հազիւ ծնած, վերջ կը դրուէր մեր Կիլիկեան երազին»,- դառնությամբ արձանագրում է Սարգիս Վահագնը:
«Հաճը՜նը սիրուն» վեպի հերոսները սոսկ գաղափարակիրներ չեն, նրանք ներկայացվում են նաև իրենց անհատական կյանքի դրվագներում, ընտանեկան, կենցաղային միջավայրերում: Գրողը չի խուսափել հայ-թուրք հարաբերությունների արտացոլումից ևս: Հատկանշական է, մասնավորապես, Նուրիի կերպարը: Ֆլորանսի հոր՝ Սարգիս աղայի ատաղձագործարանի պահակն ու օգնականը, նրա ընտանիքի գրեթե որդեգիրը հանդիսացող այս թուրքը անցած տարիներին բնակվել ու պահպանել էր նրա տունը ու վերադարձից հետո անխաթար վիճակում հանձնում է տիրոջը: Նուրին թեև հայտնում է, թե հաճընցի թուրքերը չեն մասնակցել հակահայ հալածանքներին, լիովին ընդունում է իր ազգակիցների մեղքը, քանզի, ըստ նրա՝ «մերինները շա՜տ, շա՛տ գէշ վարուեցան ձեզի հետ… հելպէթ տէ վրէժխնդիր պիտի ըլլաք… արժանի ենք ատոր»: Պետք է ասել, որ Նուրիի կերպարը միակը չէ Սարգիս Վահագնի գրականության մեջ: Արդարամիտ, զգոն դատող, հայության հանդեպ մեղքի ու պատասխանատվության զգացում ունեցող թուրքերի կերպարների հանդիպում ենք նաև գրողի «Վրէժը» (1965), «Արսէն եւ Էօզէն» (1975), «Մենք եւ դուք» (1980) պատմվածքներում:
Գրողի գեղարվեստական մտածողությանը յուրահատուկ պատկերավորությունը, լեզվաոճական հնարքները, ինչպես՝ «Մարթա արցունքներու մէջէն աղուոր ժպիտ մը ծիածանեց…» և նմանատիպ շատ օրինակներ, շահեկանորեն նպաստել են վեպի գեղարվեստական կառույցի կատարելությանը:
Սարգիս Վահագնի «Հաճը՜նը սիրուն» վեպը, անկասկած, իր ուրույն տեղը կգրավի հայոց ինքնապաշտպանության ու հերոսամարտերի գեղարվեստական արտացոլմանը նվիրված գրական հայտնի արժեքների շարքում:

2 thoughts on “«ՀԱՃԸ՜ՆԸ ՍԻՐՈՒՆ»՝ ՄԽԱՑՈՂ ԿԱՐՈՏԻՑ, ՄՐՐԿՈՂ ՄՏԱՏԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ ՎԵՊԸ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

  1. Անհուն շնորհակալութիւն սիրելի Պետրոս Տեմիրճեան բարեկամս, հիանալի վերլուծականիդ համար ուր հմուտ գրիչովդ արժեւորած ես «Հաճընը Սիրուն» վէպս: Մեծապէս կը գնահատեմ լուսամիտ եւ աննախապաշար մօտեցումդ :
    Ինծի համար կրկնակի արժեւորում է ինտրայի լաւագոյն եւ ամբողջական դիմակերտոմը բացայայտող փայլուն գրիչէն գնահատուիլս:
    Սարգիս Վահագն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.