Հունիսի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակագիր, թարգմանիչ Անահիտ Խարմանդարյանի «Ծեր պրոֆեսորի պատգամը» գրքի շնորհանդեսը:
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, Յուրի Դոլգորուկովի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Նելլի Սահակյանը, արժևորելով Անահիտ Խարմանդարյանի ստեղծագործության ոճը, հիանալի, հյութեղ ռուսերենը և ինքնատիպ հայացքը երևույթների նկատմամբ, նշեց. «Համեստ, թվում է աննկատ անձնավորություն, բայց ներսում շատ բան ունի ամբարած»: Այնուհետև ցավով փաստելով ներկա ժամանակներում գրականության, մշակույթի հանդեպ անտարբեր վերաբերմունքը՝ ասաց. «Անահիտն այն վերջին ատլանտներից է, որ իր ուսերին ինչ-որ չափով կրում է այս աղետալի իրականությունը և թույլ չի տալիս, որ բառն այնքան ընկնի, որ այլևս տեսանելի չլինի»:
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու Արտակ Վարդանյանի հավաստմամբ՝ զարմանալի էր, որ պետական պատասխանատու աշխատանքին զուգահեռ Ա. Խարմանդարյանը կարողացել է ծառայել ռուսալեզու հայ գրականությանը, ստեղծել բարձրորակ գրական գործեր: «Նրա ստեղծագործություններում մեր և՛ ներկան է, և՛ անցյալը, և՛ ապագան»,- ընդգծեց Ա. Վարդանյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը ևս փաստեց, որ «Ծեր պրոֆեսորի պատգամը» գրքի ստեղծագործությունները, անկախ լեզվից, հայկական իրականության մասին են: «Մեր իրականությունից, մեր հողի վրա ծնված գործեր են, որոնց ցանկացած տողում առկա է ամբողջական մարդն իր տարբեր դրսևորումներով»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև լրագրող Մարինե Բանդուրյանը, արձակագիր, հրապարակախոս Հովիկ Վարդումյանը, Գուրգեն Բալայանը: ՌԴ գրողների միության անդամ, արձակագիր, հրապարակագիր, գրականագետ Կարինա Զուրաբովայի գրախոսությունը կարդաց հեղինակի քույրը՝ Աստղիկ Խարմանդարյանը: Շնորհակալական խոսք ասաց Անահիտ Խարմանդարյանը:
Շնորհանդեսը վարում էր ՀԳՄ ռուսական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ, հրապարակախոս Սերգեյ Մուրադյանը: