ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՆԱ ՎԱՆԻ ՀԵՏ

Սոնա-ՎանԱրցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացավ հանդիպում բանաստեղծ Սոնա Վանի հետ, որին ներկա էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, ուսանողներ, բանաստեղծի պոեզիայի երկրպագուներ: Ողջույնի խոսքում Արցախի ԳՄ նախագահ, բանա­ստեղծ Վարդան Հակոբյանը նշեց, որ Սոնա Վանը ժամանակակից հայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է, նրա բանաստեղծություններում մշտապես առկա է նորի զգացողությունը: «Սոնա Վանը այն բանաստեղծուհին է,- ասաց նա,- ով երբեք չի կրկնում ասվածը, մշտապես ձգտում է հասնել նոր որակի՝ չմիջամտելով բառին»:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը բանաստեղծություն նվիրեց օրվա հերոսուհուն՝ «Ի խորոց սրտի խոսք Սոնա Վանին՝ Հայոց Արցախում գտնվելու առթիվ»:
Սոնա Վանի պոեզիայի մասին խոսք ասաց Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանա­ստեղծ Ժաննա Բեգլարյանը: «Սոնա Վանի՝ աշխարհի և տիեզերքի հետ հարաբերվելու հենակետը պոեզիան է, ուր նա մերկության պես անկեղծ է ու տարերքի չափ ազատ: Նա ձևավորված, գեղարվեստական և գեղագիտական հստակ սկզբունքներով պոետ է: Նրա տունն աշխարհն է և աշխարհի ցավը միահյուսելով անհատականին՝ ներհակ զգացողություններով տող է արարում՝ ցավը մեղմելու, տխրությունը ապրելու ձգտումով փարատելու միտումով»,- ասաց նա:
Երիտասարդ բանաստեղծ Սոնա Համբարձումյանը նշեց. «Սոնա Վանի ստեղծագործությունները նման են տաք շնչառության, որի կարիքն ունեն քամու սլացքում անհետացող ծաղիկների արմատները, սառույցի տակ անշարժ դողէրոցքով տերևները, հոգիները` տուն չունեցող, քայլերը` օտարության տանող…»:
Աշնանային օրը լի էր պոեզիայով ու քնարականությամբ: Սոնա Վանը խոստովանեց, որ անբացատրելիորեն ուզում է կառչած պահել այս աշունը, «Մահացած տերևին իմ շարժման հետ նոր շարժում եմ ուզում հաղորդել ու ինչ-որ տեղ երկարացնել նրա կյանքը՝ կրելով նրան: Կարեկցանքի, կարոտի զգացում կա: Ժամանակն այնքան թանկ է, որ չես ուզում բաժանվել ոչնչից»: Այնուհետև պատմեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման մասին, որի առիթը իր գրքի ռուսերեն հրատարակությունն էր:
«Երբեք բառը լիովին չի արտահայտում այն թրթիռը, որը կոչվում է պոեզիա: Պոեզիան այն է,- իր խոսքում նշեց բանաստեղծը,- որ դեռ բառ չի դարձել: Բառ դառնալով՝ նա արդեն թարգմանվում է, և բանաստեղծը կորցնում է շատ բան: Թրթիռը գտնում է իր արտահայտության ձևը, և ինչ-որ բան փրկվում է կործանումից: Պոեզիան՝ որպես արվեստի մի ձև, կարողանում է փայլուն պահել մարդկային զգայական նյարդը»:
Հաճելի զուգադիպությամբ Սոնա Վանի հանդիպումն Արցախում համընկել էր վիրահայ համայնքի պատվիրակության այցին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ: Նախանշվեցին մշակութային փոխգործակցության ծրագրեր՝ հատկապես գրական դաշտում, Արցախի և վիրահայ համայնքի միջև: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հանդիպման ջերմությունը համարելով ներշնչող` ապագա գործերի համար, նշեց. «Արցախ աշխարհն իր հերոսական կյանքով, մարդկանց ազնվությամբ, բնության հրաշագեղությամբ ներշնչում է նոր հերոսական գործերի: Մենք ունենք ազգային գաղափարախոսություն և պետք է համախմբվենք դրա շուրջ»:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։