Ապրիլի 5-ին Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում անցկացվեց Մանկապատանեկան գրքի անդերսենյան շաբաթի առաջին հանդիպումը ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների հետ (Հ. Մուշ, Շ. Շահինյան, Ա. Արթյան և բաժանմունքի նախագահ Ա. Կարապետյան):
Հիրավի, ամենալավ տոնն էր Գյումրու թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանցիների համար, քանի որ նրանցից շատերն առաջին անգամ հնարավորություն ունեցան շփվելու մանկագիրների հետ, լսելու նրանց խորհուրդները գրքի ու ընթերցանության վերաբերյալ, ունկնդրելու մանկական նոր ստեղծագործություններ իրենց իսկ` հեղինակների ներկայացմամբ:
Մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Մաթոսյանը տեղեկացրեց, որ դպրոցականները հեքիաթներ են գրել ու նկարազարդել: Այնուհետև երեխաներն ընթերցեցին իրենց գործերից՝ գրողների կողմից արժանանալով խրախուսանքի:
Ա.Կարապետյանը ստեղծագործող պատանիներին առաջարկեց ակտիվացնել դպրոց-գրադարան-Գրողների միություն փոխհամագործակցությունը, որը հատկապես կարևորվում է մշակութային համահաղորդման համար:
Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը հորդորեց դպրոցականներին ակտիվորեն մասնակցել գրադարանում աշնանը կայանալիք գրական մրցույթին:
Հանդիպումն ավարտվեց ամենափոքրիկ ունկնդրի արտասանած բանաստեղծությամբ, որի վերջին տողն էր. «Ամենալավ տոնն է այսօր»:
Սեփ. լրտ.