Դեպի ակունքը լույսի

Ապրիլի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերի «Դեպի ակունքը լույսի» ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով 2017 թ. հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած համաժողովին, նշեց, որ այստեղ քննարկվել են ոչ միայն գրական հարցեր, այլև ընդհանուր, Սփյուռք-Հայաստան առնչություններին վերաբերող հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական իրողություններ: «Սփյուռքի գրողներն իրենց կյանքով ապացուցում են, որ իրենք նաև մանկավարժ են, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչ, մարդ, ում նայելով՝ սփյուռքահայը պիտի հիշի իր գրական մեծ արժանավորներին»,- նկատեց Էդ. Միլիտոնյանը՝ ներկայացնելով ժողովածուն: Խոսելով համաժողովի ընթացքում կայացած հանդիպումների մասին (ՀԳՄ-ում մամուլի աշխատակիցների հետ, Սփյուռքի նախարարությունում Հրանուշ Հակոբյանի հետ, Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հետ)՝ նա նշեց, որ դրանց ընթացքում հաստատվել ու ներկայացվել են ապագա գործունեության ուրվագծեր, հնչել են կարծիքներ, առաջարկություններ, որոնք հետաքրքիր էին իրենց արծարծումներով:
Վլադիմիր Աղայանը, շեշտելով, որ գրեթե բոլոր համաժողովների հիմնական հովանավորը եղել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, նշեց, որ նման համաժողովները նպաստում են ոչ միայն գրական, այլև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հատկապես այսօր, երբ դրվում է ազգային շահերի շուրջ միասնության խնդիրը:
«Ուրախալի է, որ հայ գրողները շարունակում են կերտել և իրենց միտքը ներկայացնել ամենքիս»,- ասաց Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ ժամանակի տիրող բարքերի, մտքի և մշակույթի զարգացվածության աստիճանի մասին չափազանց մեծ տեղեկություններ ենք ստանում նաև գրողներից:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, կարևորելով համաժողովում հնչած ելույթներն ու զեկույցները մեկ ժողովածուում ամփոփելու երևույթը, հիմնական նպատակ համարեց Սփյուռք-Հայրենիք միասնական դաշտ ձևավորելը: «Երբեմն թվում է, թե տարբեր համայնքներ են, տարբեր միջավայրեր, տարբեր մտածողություն, բայց բոլոր դեպքերում այս ամենին միավորում է հայի ոգին, գենը, ինքնությունը»,- նկատեց նա, ապա անդրադառնալով 6-րդ հա­մաժողովին՝ հավելեց. «Եթե նախորդ համաժողովները մեծ մասամբ ունեին ճանաչողական նշանակություն, ապա այս դեպքում, իսկապես, եղան հարցադրումներ, որոնք հետագայում բացվելու միտում ունեն»:
Սուրեն Դանիելյանն անդրադարձավ միևնույն լեզվում եղած երկվությանը՝ արևմտահայ և արևելահայ ընթացքներին, մտահոգիչ համարելով այն, որ արևելահայերենի գեղարվեստական մտածողության եղանակները թափանցել են սփյուռքահայ գրականության մեջ՝ աղքատացնելով արևմտահայերենը: Նա իր դժգոհությունը հայտնեց կրթական ասպարեզներում արևմտահայ լեզվի հանդեպ պետական հոգածության բացակայության առիթով: «Մեր աչքի առաջ տեղի է ունենում արևմտահայ մշակույթի մեջ ռազմավարական, քաղաքական ծրագրերի անտեսման, այդ նոսրացման հետ ներքնապես հաշտվելու գործողություն»,- ամփոփեց նա:
Ելույթ ունեցան նաև Վարդան Դևրիկյանը, Պերճուհի Ավետյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Նաիրա Սիմոնյանը, Հերմինե Նավասարդյանը, Անուշ Վարդանյանը, Թորոս Թորանյանը, Արևշատ Ավագյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։