Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Հարութ Պրոնոզյանի անվան լսարանում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանի հետ: Ներկա էին մասնաճյուղի տնօրեն, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը, դասախոսներ, ավագ դպրոցի ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:
Միջոցառման կազմակերպիչը՝ մասնաճյուղի ավագ դպրոցի աշխատակից, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, ներկայացրեց Ս. Խալաթյանի կենսագրությունը և անցած ճանապարհը, ասմունքեց նրա բանաստեղծություններից:
Ցուցադրվեց «Վանաձոր» երգի տեսահոլովակը, որի բառերի հեղինակը Սամվել Խալաթյանն է, երաժշտության հեղինակը՝ Գագիկ Աղաբաբյանը: Երգը կատարում էր «Հորովել» երգի-պարի համույթի տնօրեն և գեղ. ղեկավար Արմեն Ներսիսյանը:
Ապա Արմեն Խառատյանը երախտիքի խոսք ասաց Սամվել Խալաթյանին, կարևորեց նմանատիպ հանդիպումներն ուսանողների և աշակերտների շրջանում, շնորհակալություն հայտնեց նաև Իվան Անտոնյանին: Նա մասնաճյուղի կողմից շնորհակալագիր հանձնեց Սամվել Խալաթյանին:
Ավագ դպրոցի աշակերտուհիները ասմունքեցին Ս. Խալաթյանի բանաստեղծություններից մի քանիսը, որն ընդունվեց դահլիճի ծափահարություններով:
Խոսք ասաց ավագ դպրոցի ուսուցչուհի Հենզել Նազարյանը: Ս. Խալաթյանի՝ վերջերս գրած և համալսարանում տարածած աշնանային բանաստեղծությունն ասմունքեց ավագ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Օդաբաշյանը, իսկ Ի. Անտոնյանը ներկայացրեց մի հատված Ս. Խալաթյանի երգիծական գործերից:
Աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հյուրին՝ կապված գրական աշխարհի, դրամատուրգիայի հետ, ստանալով սպառիչ պատասխաններ:
Ս. Խալաթյանը ներկայացրեց մի քանի զվարճալի դրվագներ իր կյանքից՝ դահլիճին պարգևելով ժպիտ ու ծիծաղ: Նա անդրադարձավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին, Սայաթ-Նովայի տաղերին, Պարույր Սևակին, Մեսրոպ Մաշտոցին:
Միջոցառումը նկարահանում էին «Ֆորտունա» հեռուստաընկերության աշխատակիցները: Ի. Անտոնյանը շնորհակալություն հայտնեց Ա. Խառատյանին, ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանին և կազմակերպիչ Մարթա Գալստյանին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար։