ՌԱԲԼԵՆ ԳՐԵԼ Է ՖՐԱՆՍԵՐԵՆ, ԲԱՅՑ ԳԱՐԳԱՆՏՅՈՒԱՆ ԽՈՍԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԵՆ
Վերջապես Փարիզից ստացա Ֆրանսուա Ռաբլեի անմահ վեպի ամբողջական ու նույնական հրատարակության հինգհատորյակը, որտեղ՝ 2-րդ հատորում, «նոր ժամանակների մարդկության մեծագույն մտածողը» (Օնորե դը Բալզակ) անտիկ աշխարհի հզորագույն աստվածների, արքաների, զորավարների՝ Հուլիոս Կեսարի, Ներոնի, Ոդիսևսի թվարկությունում հիշատակում է Տիգրան Մեծին ու Արտաշեսին, նկարագրում է, թե ինչով են նրանք բոլորն զբաղվում հանգուցյալ կյանքում: Երրորդ գրքում հեղինակը հանգամանորեն անդրադառնում է այն փառավոր ընդունելությանը, որին Ներոնի օրոք, հավերժական բարեկամության ակնկալիքով, Հռոմում արժանացնում են Տրդատին, և գրեթե նույնությամբ վերապատմում է «Եւ երգէր ձեռամբ» վիպասքը: Չորրորդ գրքում Ռաբլեն հիշատակում է իր բառերով՝ «հայոց արքա Արտավազդին», ում Անտոնիոսը խաբեությամբ հյուր է հրավիրում, շղթայակապում ու սպանում:
«Գրական թերթի» ընթերցողներին եմ ներկայացնում 5-րդ հատորի հեղինակային մուտքը: Կարծում եմ, գրչընկերներս կհասկանան, թե հատկապես ինչու:
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
Է՜յ, դուք, անհագ կոնծամոլներ, և դուք՝ թանկագնագույն սեռավարակներ, առայժմ, քանի դեռ ազատ եք և ավելի կարևոր անելիք չունեք, թույլ եմ տալիս ինձ հարցնել ձեզ՝ ինչո՞ւ է այժմ ընդհանրական դարձել «Աշխարհն այլևս անմիտ («fat») չէ» խոսույթը: «Fat»-ը լանգդոգյան արտահայտություն է և նշանակում է առանց աղի, անալի, անհամ, անգույն, իսկ փոխաբերական առումով՝ անմիտ, բթամիտ, անիմաստ, անուղեղ: Ինչ խոսք, դուք կարող եք ինձ պատասխանել՝ տրամաբանական այլ եզրակացության դժվար էլ է հանգել՝ ինչո՞ւ, աշխարհը մինչև հիմա անմի՞տ էր, հիմա՞ է հանկարծ իմաստնացել: Ինչպիսի՞, ի՞նչ բազում հանգամանքների բերումով էր անմտացել: Ինչպիսի՞, ի՞նչ բազում հանգամանքների բերումով է իմաստնացել: Ինչո՞ւ է անմիտ եղել: Ինչո՞ւ է իմաստնացել: Ըստ ձեզ՝ ինչո՞ւմն էր կայանում նախկին անմտությունը: Ըստ ձեզ՝ ինչո՞ւմն է կայանում ներկա իմաստնությունը: Ո՞վ է նրան անմտացրել: Ո՞վ է իմաստնացրել: Ովքեր են շատ՝ նրա՞նք, ովքեր աշխարհը սիրում էին անմտության, թե՞ նրանք, ովքեր սիրում են իմաստնության համար: Որքա՞ն ժամանակ է աշխարհն անմիտ եղել: Որքա՞ն ժամանակ է իմաստնացած լինելու: Ի՞նչն էր նախկին անմտության պատճառը: Ի՞նչն է ներկա իմաստնության պատճառը: Ինչո՞ւ այժմ և ոչ թե ավելի ուշ վերջ գտավ նախկին անմտությունը: Ինչո՞ւ այժմ և ոչ թե ավելի վաղ սկիզբ առավ ներկա իմաստնությունը: Ի՞նչ չարիք էր մեզ հարուցում նախկին անմտությունը: Ի՞նչ բարիք է մեզ վերապահում ներկա իմաստնությունը: Ի՞նչ է լինելու երբեմնի՝ տապալված անմտությունը: Ի՞նչ է լինելու ներկա՝ հառնող իմաստնությունը:
Բարի եղեք պատասխանելու, ես՝ չուզենալով վիրավորել ձեր յուրայինների ինքնասիրությունը, հոգևոր հայրերի նկատմամբ այլ արտահայտությունների դիմել չեմ ուզում: Մի՛ ամաչե՛ք, անարգեցե՛ք, դրախտային երանության թշնամի, ճշմարտության թշնամի պարոն Սատանային: Համարձա՛կ, տղե՛րք: Եթե դուք մերոնցից եք, ճառախոսության այս առաջին մասի համար երեք կամ հինգ անգամ կոնծեցեք, հետո պատասխանեք, իսկ եթե այլոցից եք, գրողի ծոցը կորե՛ք, սատանանե՛ր: Երդվում եմ մեծագույն խառնակչությամբ, եթե ինձ չեք օգնելու, որ լուծեմ արծարծված խնդիրը, զղջալու եմ, արդեն զղջում եմ, որ առաջադրել եմ ձեզ: Չնայած՝ ինձ համար էլ ինքնուրույն լուծելը նույնքան դժվար է, որքան առանց որևէ մեկի օգնության գայլի ականջներից բռնելը:
Այդպես ուրեմն, հա՞: Հասկացա՛, դուք չեք վճռում ինձ պատասխանել: Մորուքովս եմ երդվում՝ ես նույնպես, փոխարենը փորձեմ ձեզ հաղորդել այն, ինչ մարգարեաբար մտահայեցել է արժանապատիվ մի իմաստուն՝ «Հոգևոր հայրերի պարկապզուկը» խորագրով գրքի հեղինակը: Ուզո՞ւմ եք իմանալ, թե այդ շվայտամոլն ինչ է ասում: Լսե՛ք, հիմարամիտնե՛ր, լավ լսեք.
Հոբելյանի տարին,
երբ ամենքը կածիլվեն,
Երեսունից հետո վրա կհասնի:
Օ՜, ինչպիսի անարգանք,
աշխարհը, որ անմիտ էր թվում,
Հենց քարոզը լսի,
իմաստնությամբ կլցվի:
Անգամ կոկոնը,
որ թոշնել էր գարնանը,
Նորից կծաղկի, բույրը կսփռի (1):
Իմացա՞ք, հասկացա՞ք, հեղինակը դասական է, նրա արտահայտությունները՝ լակոնիկական, ձևակերպումները սկոտիական են ու, անշուշտ, մշուշոտ: Ու չնայած արծարծում է կարևորագույն ու դժվարագույն նյութ, սույն իմաստուն այրի լավագույն մեկնաբանները նրա միտքը բացատրում են հետևյալ կերպ՝ քանի որ հոբելյանական տարին վրա է հասնելու երեսունից հետո, ներկա ժամանակաշրջանը ներառնող բոլոր տարիներից ամենայն հավանականությամբ հոբելյանական է դառնալու հազար հինգ հարյուր հիսուն թվականը: Այդ թվականի ծաղկին ոչինչ չի սպառնա: Հենց գարունը գա, աշխարհն այլևս անմիտ չի թվա: Բոլոր անմիտները, որոնց թիվը, ինչպես հավատացնում է Սողոմոնը, հաշվելն անհնար է, անզոր ցասումով կչքանան, անմտությունն իր բոլոր դրսևորումներով կվերանա, որի տարատեսակները, ըստ Ավիցենայի պնդման, դարձյալ անթվարկելի են՝ «Անվերջ են անմտության տարատեսակները» (2): Այլ կերպ, եթե դաժան ձմռանը կենտրոնական ասպարեզ է ելնում, հետագայում հայտնվում է ծայրամասերում, ծառի նման նորից ավիշով է լցվում, ծաղկում: Փորձառությունն է մեզ դրան հանգեցրել, դուք դա գիտեք, դուք դա տեսնում եք: Ժամանակին իր «Ասույթներում» նույնը հավաստել է մտքի այնպիսի լուսասփյուռ ջահ, ինչպիսին Հիպոկրատն է՝ «Անմտության բնորոշ վարկածները…» և այլն: Երբ աշխարհն իմաստնանա, լոբածաղիկը գարնանը՝ այլ կերպ ասած պահքի օրերին, ոչնչից չի վախենա (իսկ դուք, ամենայն հավանականությամբ, գինու բաժակը ձեր ձեռքին, արցունքն աչքերին կանխահաս վհատությամբ էիք համակվել), ու այն բոլոր գրքերը, որոնք թիթեռնիկների պես ծաղկածին, ծաղկաբույր, ծաղկավետ էին թվում, բայց իրականում անտանելի, անընկալելի, ձանձրալի, քնաբեր, վնասաբեր, վրդովեցնող, վտանգավոր ու անմարսելի էին, ինչպես Հերակլիտոսի երկերն ու անըմբռնելի, ինչպես Պյութագորասի թվերը (ով, ըստ Հորացիոսի վկայության, իրեն լոբազգիների արքա էր ներկայացնում), կվերանան, ոչ ոք ձեռքը չի առնի, ոչ ոք չի ուզենա ընթերցել կամ թերթել: Այդպիսի ճակատագիր էր սահմանված նրանց, և այդ ճակատագիրն այժմ իրականացավ:
Նրանց հաջորդեցին պատիճով լոբազգիները՝ պանտագրյուելական ուրախ ու բերքաբեր գրքերը, որոնք այժմ մեծ պահանջարկ ունեն, առաջիկա հոբելյանական տարվա շեմին համատարած ընթերցվում են, այդ պատճառով էլ ասում են, որ աշխարհն իմաստնացել է: Ահա և ձեր խնդիրը լուծված ու վերլուծված է, այսուհետ արեք այն, ինչը պատշաճ է պարկեշտ մարդուն: Մեկ-երկու անգամ հազացեք ու մի շնչով ինը բաժակ կոնծեք՝ բարեբախտաբար խաղողի բերքն առատ է, վաշխառուներն իրար հետևից կախվում են, այնպես որ, եթե լավ եղանակը շարունակվի, նրանց շնորհիվ պարանների համար լավ փող կաշխատեմ: Ես այնքան շռայլ չեմ, որ ամեն անգամ ձրի պարան տրամադրեմ այն վաշխառուին, ով դահճին չվճարելու համար ինքն իրեն կախելու ցանկություն կունենա:
Եվ եթե դուք էլ եք համակվել ներկա իմաստնությամբ, թոթափել եք անցյալի անմտությունը, հնարավորինս արագ ամեն տեղից ջնջեցեք ոսկեձույլ ազդրով ծեր իմաստասերի (3) խորհրդանիշը, որով ձեզ արգելում էր լոբազգի ճաշակելը, քանզի բոլոր լավ թասընկերներն էլ ապացուցված ու հաստատված են համարում հետևյալը. ծեր իմաստասերը դա անում էր նույն նպատակով, ինչ նպատակով որ վայ-բուժակ հանգուցյալ Ամերը՝ փաստաբանի քեռորդի սենյոր դը Կամլոտիերը, իր հիվանդներին թույլ չէր տալիս կաքավի թևիկ, անտառակաքավի տուտուզիկ, տատրակի վզիկ ուտել, ասելով՝ «Թևիկը վնաս է, տուտուզիկը կասկածելի է, վզիկն օգտակար է, բայց առանց կաշվի»: Ու այդ ամենը ճաշակելու էր վերապահում իրեն, հիվանդներին կրծելու թողնելով միայն ոսկորները: Իմաստասերի օրինակին հետևեցին որոշ կնգուղավորներ, նրանք արգելեցին լոբեղենը, այսինքն՝ պանտագրյուելական գրքերը, այդ առումով հետևեցին Փիլոքսենուսի ու Գնատո Սիցիլիացու օրինակին: Այս վերջինները՝ իրենց միաբանության որկրամոլության հիմնադիրները, խրախճանքի սեղանների շուրջը տեղավորվելիս համադամ պատառների վրա թքում էին, որպեսզի, Աստված չանի, իրենցից բացի որևէ ուրիշ մեկը չվայելի: Նույն կերպ այդ քոսոտ, փսլնքոտ, որդնոտ, խլնքոտ կեղծ բարեպաշտներն ատում են համադամ գրքերը, ատում են բացահայտ ու թաքուն, ատում են այն աստիճանի, որ առանց խղճի խայթ զգալու, թքում են վրաները: Ու չնայած այժմ մենք մեր գալլերենով արձակ ու չափածո հիանալի երկեր ենք ընթերցում, չնայած երեսպաշտական, գոթական ժամանակներից քիչ մասունքներ են պահպանվել, այնուամենայնիվ, կեղծ բարեպաշտները, ինչպես հայտնի առածում, կարապների մեջ նախընտրում են սագավարի կռնչալ ու ղռղռալ, կռկռալ ու սվսվալ, քան թե այսքան ընտրագույն բանաստեղծների ու պերճախոս հռետորների միջավայրում համր ձևանալ: Ճիշտ նույն կերպ էլ նման սքանչելի ընկերակցությունում, ոսկեբերան մասնակիցների շրջապատում բռի անտաշի կեցվածք են ընդունում, փոխանակ խառնվելու անբարբառ խաժամուժին, ճանճ որսալու, ինչպես արկադական ավանակը մեղեդի լսելիս ականջները ցցելու ու իրենց լռությամբ, սոսկ շարժումներով հասկացնելու, որ համաձայն են այդպիսի դեր ստանձնելուն:
Հանգելով այս մտքին ու համոզմունքին՝ ես գտա, որ դատապարտելի ոչինչ չի լինի, եթե ես շարունակեմ գլորել Դիոգենեսի իմ տակառը, որպեսզի հետագայում չասեք, որ ոչ մեկին նմանվել չեմ ուզում:
Ես հիացմունքով հետևում եմ անհաշվելի թվով տարբեր Կոլինեների, Մարոների, Դրուեների, Սեն-Ժելեների, Սալելների, Մասյուելների, գալլիացի զանազան այլ բանաստեղծների ու հռետորների երկար շարանին:
Եվ ահա՛, տեսնում եմ, քանի որ Պառնասի բարձունքում, Ապոլոնի դպրոցում երկար ժամանակ ուսանելիս նրանց չի արգելվել ուրախ մուսաների հետ Նժույգի ակունքից (4) առատ ջուր խմել, այժմ մեր անընդհատ կառուցվող ժողովրդական լեզվի շենքն են ներմուծում փարոսյան մարմար, գաջաքար, ծիրանաքար, արքայական անխառն ցեմենտ, անդրադառնում են միմիայն հերոսական իրադարձությունների, նշանակալի իրագործումների, կարևորագույն, դժվարագույն, անմերձանելի նյութերի, և իրենց մտքերն արտահայտում են պաճուճավորությամբ ու խուճուճավորությամբ: Նրանց էությունից բխում է միայն աստվածային նեկտար՝ սքանչելի, անապակ, մշկաբույր, ակնահաճո ու քմքահաճո գինի: Ընդ որում, այդ փառքը պատկանում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց՝ այնպիսիներին, որոնց երակներում ֆրանսիական արքայատոհմերի արյունն է հոսում, որոնց անուններն առանց արժանի մեծարանքի անհնար է հնչեցնել, քանի որ մեր դարը հիացրել են ինչպես իրենց հղացումներով, բարձրաթռիչ խոկումներով, այնպես էլ խոսքի լեզվական հմայքով, ոճական շլացումներով: Եթե կարող եք, նմանակեք նրանց, ինչ վերաբերում է ինձ, ես նմանակելու ունակ չեմ, ամեն մեկին չէ, որ վիճակված է այցելել Կորնթոս, բնակվել Կորնթոսում: Ամեն ոք ի վիճակի չի եղել Սողոմոնի տաճարի կառուցման համար շռայլորեն ոսկե սիկղ զոհել: Ու քանի որ ճարտարաշինության ասպարեզում ի վիճակի չեմ նրանց մերձենալ իսկ, որոշել եմ հետևել Ռենո դը Մոնտոբանի օրինակին, ծառայել սոսկ քարտաշներին, քարտաշների համար կերակուր եփել, ու չնայած նրանք իմ ընկերները չեն դառնա, հանձին ինձ՝ իրենց վեհասքանչ արարումների անձանձրույթ ունկնդիրը կունենան:
Իսկ դուք՝ չարամիտ ու չարախոս զոյլոսներ (5), որպեսզի վախից չմեռնեք, շտապեք կախվել, միայն թե ծառը դուք ընտրեք, պարան ձեզ համար միշտ էլ կճարվի: Այստեղ՝ իմ Հելիկոնի դիմաց, աստվածային մուսաների ներկայությամբ խոստանում եմ, եթե, իհարկե, ինձ վիճակված է լրիվ ու ապահով ապրել իմ շան կյանքը, հավելյալ երեք ագռավների կյանքը՝ այնպես, ինչպես ապրել են հրեաների սրբազնագույն առաջնորդը, երաժիշտ Քսենոֆիլն ու իմաստասեր Դեմոնաքսը, ապա ես, ի հեճուկս բոլոր այդ տարախոհների, հարյուր անգամ ծամվածն ու ծամծմվածը շրջանառողների, լատինական հնոտին լցակարողների, լատիներեն հին, բորբոսնած ու այդպես էլ չճշգրտված բառերը վերավաճառողների, համոզիչ փաստարկներով ու անժխտելի փաստերով կապացուցեմ, որ առօրյա մեր լեզուն այնքան ստորակարգ, անիմաստ, աղքատ ու անարժեք չէ, ինչպես իրենք կարծում են: Այդ հիմնավորմամբ, ամենայն խոնարհությամբ, որպես առանձնահատուկ շնորհ, պիտի հայցեմ. ենթադրում եմ, որ այնպես, ինչպես վաղնջական ժամանակներում, երբ Ֆեբուս-Ապոլոնը մեծ բանաստեղծներին արժանին շնորհելով հանդերձ, Եզոպոսի՝ առակագրի համեստ տեղն ու կոչումը պահպանվեց, այդպես էլ նրանք, տեսնելով, որ ավելի բարձր դիրքի չեմ հավակնում, ամենայն հավանականությամբ չեն զլանա ինձ էլ Պիրեյկուսի (6) աշակերտի, այսինքն՝ անշուք պատճենահանողի զբաղումը հատկացնել: Հավատացած եմ՝ այդքան բան կանեն, քանի որ ամբողջ աշխարհում ավելի բարի, ավելի մարդասեր, սիրահոժար ու բարյացակամ անձինք չեք գտնի: Այդ կերպ կոնծամոլներ, այդ կերպ զեխամոլներ, նրանք կտիրանան իմ ամբողջ ունեցվածքին, քանի որ իրենց գաղտնի հավաքների ընթացքում ուրիշներին պատմելով իմ գրքերի բովանդակությունը, իրենք էլ կվայելեն իրենց համար անմեկնելի խորհուրդ պարունակող իմ գրքերի բուն էությունը, կյուրացնեն իմ փառքը, ինչպես Ալեքսանդր Մեծը վարվեց չգերազանցված իմաստասերի՝ Արիստոտելի երկերի հետ:
Հե՜յ, դու՝ փորի վրայի փոր, և դուք՝ ստորաբարոներ, դուք՝ վատշվերներ ու կոնծամոլներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս ազատ ժամանակ, անզբաղ պահի գրախանութ մտեք ու որտեղ որ իմ գրքերը տեսնեք, անմիջապես գնեք և ոչ միայն թերթեք, այլ կլանեցեք, սիրտ ապաքինող սպեղանու նման ձեր էությամբ ներծծեք ու կհամոզվեք, թե որքան օգտակար են ինձ շատ սիրելի լոբեղենի պատիճներ մաքրողների համար: Առայժմ ձեզ առաջարկում եմ մի լեփ-լեցուն զամբյուղ հիանալի լոբազգի, որը, ինչպես և նախկինները, քաղել եմ իմ սեփական բանջարանոցից, որի հետ ամենայն համեստությամբ ձեզ եմ հղում իմ խոնարհ խնդրանքը՝ անուշ արեք ու ծիծեռնակների առաջիկա վերադարձին ավելի համեղ բանի սպասեք:
Թարգմանությունը՝
Գր. ՋԱՆԻԿՅԱՆԻ
Թարգմանչի ծանոթագրությունները.
1. Ակնարկ Հռոմի պապի հրավիրած տիեզերական ժողովի՝ «Երեսունի խորհուրդ»-ի մասին, որը տեղի է ունեցել 1550-ին:
2. Հեղինակային բոլոր մեջբերումները լատիներեն են:
3. Նկատի ունի Պյութագորասին: Ըստ ավանդության՝ նրա մի ազդրը ոսկեձույլ էր:
4. Աղբյուր Պառնասում, ըստ դիցաբանության՝ առաջացել է Պեգասի սմբակի հարվածից, համարվել է մուսաների ներշնչման ակունք:
5. Զոյլոսը հին հույն փիլիսոփա, գրականագետ, քերականագետ էր, հայտնի էր դարձել որպես «Հոմերոսի մատնիչ», անունը վերածվել էր չարամիտ քննադատության խորհրդանիշի:
6. Հին հույն նկարիչ, ում կտավները զարդարում էին վարսավիրանոցների ու կոշկակարանոցների պատերը, զվարճացնում: