Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սուսաննա-ՀովհաննիսյանՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծուհի
Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հոբելյանի առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

ՆԿԱՐ
Լավաշ հացի վրա
նկարում եմ քարտեզդ,
կտրատում կողքերից
ու տեղադրում տառերն անուններիդ։
Բրդուճացու է՝
ինչով փաթաթեմ, որ ուտվի,
սերդ՝ թոնրի կրակ, կարոտ,
հողի փշրանք, մոր հառաչանք,
սիրածի լաց,
օր դռնաբաց։
Շքամուտքին՝ տերևաթափ ծիրանենի,
մաշված դրոշ պատուհանից՝
խաժ աչքերով նայում է ինձ։

ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ
Երկի՛ր,
Շպրտած հացիս կտորն ես,
Իսկ քաղցածների աչքը վրադ է.
Նայում եմ, հանկարծ քեզ չտրորեն,
Կուշտ կերածները
մի կողմ չնետեն։
Աղոթեմ, բեկեմ հայացքը նրանց՝
հղփացած, հատած։
Չէ՛, ես չեմ լացի։
Կառնեմ փշրանքդ, կկարկատեմ.
Հացի կարկատան թող լինի, ոչինչ։
Ու կդարձնեմ մարդաբոյ լավաշ,
Գառնու պաղ ջուրը կցողեմ վրան,
Կտանեմ, կօրհնեն,
Ու կասեմ՝ երկի՛ր
Իմ ցավապաճույճ, գլուխդ վե՛րև։
Լավաշս գրկած
Կլինեմ անձայն
Մի հայ մայրարձան՝
Անունդ վրան։

ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենի՛ք,
էլի քունս չի տանում։
Չեմ կարողանում
քեզ ամբողջացնել,
այնինչ, գարունը
զուգված-զարդարված
ու տեղը տեղին
փռել է հողիս կանաչ անկողին
ու լայն ժպտում է իրեն փնտրողին։
Ես որոշում եմ քաղել նրանից
համբերությունը,
որ հողը ճղում աչքաթարթերով
բացվում է որպես
ձնծաղիկ կամ զարդ։
Ես քո ցավերից հյուսեմ
ծաղկեփունջ՝
հոգիս ճեղքելով։

ՀԱՅՐԵՆԻՔ
Մե՛կ զավակներիս
անքնությունից
մնացի արթուն,
մե՛կ էլ՝ քո բախտի
անհուսությունից՝
արտասվատուն…
Նրանց ինչ-որ կերպ
մեծացրի մի կերպ՝
ջահելավարի, սխալներով,
քեզ չկարեցա փրկել,
մեծացնել՝
անգամ ծերացած,
արտասվատունս
արդեն չորացավ.
չդառան անցյալ՝
չար հայրենացավ…
դար-հայրենացավ…

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻՐԱՎՈՐ
Այնքան եմ տնքում քո ցավից,
Ամենաշատը
Ձեռս տանում եմ
Ցավող ճակատիս,
Դու ճակատիս մեջ
Խրված ոսկոր ես.
Սրտումս սիրուդ նշանագրերն են…
Գրիր փրկության երկաթագիրը։
Սովորեմ անգիր՝
Դու անհոգ ապրիր։

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ
Ես ձեր կողքից անցնելիս
Կորցնում եմ բառերը…
Ու փաթ ընկած լեզվիս են
Զոհված որդոց տառերը…
…Տառադարանի լուռ
շարքերի մեջ
Դուք՝ ծաղկագրած
մեծատառեր,
Ներե՛ք ինձ, մայրե՛ր, մեծատառե՛ր,
Երդում գրելիս պիտանի են
և…
փոքրատառերը։

ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼ
Հողը առել է ձեզ՝
գիրկը տաք…
Երկու տարի է արդեն չկաք,
Արևն անտարբեր, ժպիտը՝
խակ…
Դուք ո՞ւր գնացիք՝
կյանքը կիսատ։
…Ես ապրում եմ դեռ
ամոթապարտ.
…Դուք ձեզ զրկել եք,
որ ինձ փրկեք…
Ապրում եմ օրեր՝
ձեզնից խլած…
Դուք կուտ գնացիք
Հայրենիք հացին.
օրս ջրվում է մայրական
լացից՝
կաթացող բարձին։
2016-2018-2020

ԶԻՆՎՈՐ
Գարուն. բարդուց
թափվող փաթիլներ են,
բնությունը խաղում է
հոգուդ հետ.
ոչ ոք չկա թիկունքում,
բայց նայում ես ետ…
Ճակատագրի մարտադաշտում
մենակ մնացիր.
փամփուշտ փաթիլները
կպչում են այտ ու աչքերիդ,
փայլում է գարունը,
խաղում հոգուդ հետ,
ճերմակ փայլը խաբուսիկ՝
ոնց որ հարսանիքի շոր…
Երջանիկ լինելու
ցանկությունն
սպանելն է
դառնում…
Հերն անիծած գարնան,
մի օրում տարվա
բոլոր եղանակները կան,
բայց անձրև է-արյուն,
շոգ արև է-արյուն,
քամին բերում է ձյուն,
բարդուց թափվող տերևներ
են ու…
լռություն,
լռություն…
լռություն…

ԷԼ ՊԵՏՔ ՉԻ
Շոր հագիր, Վենե՛րա,
քո մերկությունը
էլ մաքրություն չէ,
ճերմակին անմեղ
ճանաչող չկա,
ու քեզ նայում են
չար աչքով ագահ…
Դե, քեզ տենչում են,
որպես հետերա…
Հագի՛ր, Վենե՛րա,
էլ մերկությունը
անմեղություն չէ.
գեղեցկությունը
մեղք է հիմա,
լպրծուն կուրծքը
սիլիկոնաշար,
լեցուն շրթունքը
մատիտանկար,
գծմծված աչքը,
անարցունք լացը, անսեր
հայացքն է
նորաձև հիմա.
ծածկի՛ր, Վենե՛րա,
քո մաքրությունը,
ոչ ոքի պետք չէ
անմեղի կիրքը-
սիրո հին գիրքը,
ծածկի՛ր, Վենե՛րա։

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՕՐՍ՝ ԱՆՏԱՌԱԳԱՀԻ
Օգոստոսյան մի գիշեր
որոշեցի ձեզ հիշել,
ու ես ծնվեցի։
Ինձ ասացին՝ առյուծ ես,
բայց անտառ չկար,
խեղճացա ու մնացի
առյուծանկար,
բայց ընդերքում
անպատրանք ու անտառադեմ՝
ինչ-որ մռունչ եմ զգում,
մեծահոգի դեմք։
Գիշերն հանվում է կամաց
իր լուսաբացից,
ես դառնում եմ թագուհի
առյուծաբացիս։
Զորությունս թաքցնեմ
անտառավայել,
գոց լռության մեջ
հսկեմ…
ուժեղի վայելք։

ՃԵՐՄԱԿ ԹՈՒՂԹ
Քո առջև դողում եմ,
Ասես հարսնաշոր տեսած աղջիկ,
Ու սարսափում եմ,
արդյոք ճի՞շտ է կուսությունս,
Չեմ էլ հիշում,
որ կուսության կորուստը
Հղիություն է ծնում,
Երբեմն՝ հանճարեղ։

ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ՍՎՍՎՈՑԸ
Թաքուն խորան կա
իմ տան պատի մեջ.
թռչուններ են ապրում։
Գիտեմ, որ նրանք հենց սվսվում են՝
գրիչ եմ փնտրում-վերանում։
Տառերս կուտ են։
Մոտենան՝ կուտեն ու լուռ կնայեն
տաք աչքերիս մեջ։
Հետո ես նորից կկանգնեմ
ճերմակ թղթերի առաջ՝
կմոլորվեմ խեղճ…
մինչև սվսվան թևավորներս…
Արտո՞ւյտ են,
կաքա՞վ, թե՞ լոր են
ճերմակ տնավորներս,
լուռ սվսվում են… վանդակած
գյուտ են
ինձ պես մեղավոր-
տողավորներս։
Թաքուն խորան կա տանս
պատի մեջ…
Ուր դարս-դարս շարված՝ ապրում են
անմեղ-մեղավորներս։

ՕՐ
Ոզնին մտել է մաշկիդ տակ,
Ասեղներն արյունդ քաշում են,
Մի փոքրիկ շնիկ է կողքից՝
Խեղճացած, ծակծկված վազվզում։
Ձեռքերդ կախվել են անզոր,
Արյան լուռ պոռթկում է հզոր,
Օ՛հ, տիկի՛ն Տառապանք,
Ինչ շքեղ նվեր
Տվեցիր ինձ այսօր։

***
Գունաշաղ է։
Այգում ծիծաղել է
Աստղիկ աստվածուհին։
Չդիմացող մարդը ալ վարդը
քաղել է…
Ծաղկամանը հրճվում է երեք
օրով։
Իրեն հողի տեղ են դրել ու օրհնել։

ՊԱՀ
Ու Ոսկե պսակ է ասես,
Խաղում ենք նորություն,
Բայց ինչո՞ւ ճերմակն է աչքերիս՝
Թրթռում հայտնություն։
Կարապի ճերմակ է,
Թիթեռի բազմություն,
Սիրահյուս խոսքերն են ամպերից,
Ահի լուռ սարսուռ է պատել ինձ…
Ոսկեհյուս պսակ է,
Հին սիրո հասակ է
Ու կույսի թանթանա։

***
Շատ վախկոտ եմ ես մեռնելու համար,
Բայց ապրելուց էլ շատ եմ վախենում…
Շառլ Ազնավուր
Չեմ քնում, որ քեզ չկորցնեմ,
Կոպերիս տակ ես՝
Բազմության մեջ,
Բաց աչքերով առնում եմ
Գույներ բաց պատուհանից,
Որոնցով
Կրծքիդ վրա
Նկարում եմ միօրիկ թիթեռ.
Ու մի օրով մեռնում թիթեռի թևերին։

ԼՈՒՌԸ
Դու մի ամբողջ կյանք
Ուրվական որպես
Ինձ ուղեկցեցիր,
Երբ ինձ նայում են խորաթափանց,
Թվում է՝ խորքս, խորքս տեսան,
Իմ աչքերի մեջ աչքերդ պահված,
Հայացքդ շաղված՝ պահմտոցի է,
Ու ես չեմ հաշվում,
Որ դու հայտնվես,
Մնա թաքնված,
Մնա թաքուն գանձ,
Ուր զրուցում են հար սրտեր
Ու անանձնական հարցեր տալիս՝
Միշտ անպատասխան։
Հավատարմության երդում չեմ տվել
Ո՛չ խորանի մոտ,
Ո՛չ առանց խորան,
Բայց մի աներդում
հավատարմությամբ
Սպասել եմ քեզ։
Նվեր եմ առել ինձ՝ քո անունից,
Ծաղիկ եմ գնել՝ քո սիրած փունջը,
Ու աղոթքիս մեջ՝ քեզ փայփայելով
Ինձ ձայնակցել է Աստվածաշունչը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։