ՀԱՅՐԵՆԻՔՍ
Մեղքդ հույզերի անմահությո՛ւնն էր…
Կյանքդ՝ խելահեղ խայտա՜նքը նրա,
Մի՛տքդ միշտ խղճի
թարգմանությունն էր…
Խելառ պոռթկումդ՝ երդո՛ւմը նրա:
Վի՛շտդ ճշտության
անճարությունն էր…
Արդարությունը՝ հավա՜տդ չքնաղ,
Իղձդ երազի խաղաղությո՜ւնն էր…
Սմքած թախիծդ՝ հեքիաթը նրա:
Հույսդ անընդհատ՝
Աստծո՜ւն մերվելն էր,
Համբերությունդ՝ հանճարիդ վկան,
Ճշմարտությունդ
լո՜ւյս-մոլությունն էր…
Տվայտանքներդ՝ պսա՛կը նրա:
Պայքա՛րդ հոգու ազատությունն էր,
Պարտություններդ՝
սրբի՛ ինքնություն.
Արհամարհանքդ՝
ներման աղե՜րսն էր…
Զզվանքդ՝ քենի ողորմածություն:
Ատելությունդ սեթևեթանքն էր…
Հեգնանքդ՝ խռո՜վք կատարելության,
Հոգսդ կասկածի՛
հավերժությունն էր…
Սերդ՝ հրա՜շքը հավիտենության…
Աղմուկն աշխարհի՛ քո լռությունն էր,
Անճառ ցասումդ՝ երկո՜ւնքը նրա…
Ցա՛վդ անհունի իմաստնությունն էր,
Իսկ տառապանքդ՝ պարծա՜նքը նրա…
ԵԿ ՈՒ… ՀԱՎԱՏԱ
Իմ պատանեկան տենչանքնե՛ր վսեմ
Ու տղայական առաքինության
Անձնուրա՜ց հողմեր…
Աշխարհում ոչի՛նչ
Դուք չփոխեցիք.
Լոկ փշո՜ւր-փշուր անելով
Փխրուն իմ էությունը՝
Ինձ կորուստներիս գերին դարձրիք…
Որ ունեցածս անդա՜րձ կորցրած
Մի անբուժելի ցավագարի պես՝
Այժմ պատրանքներ կարկատանելով՝
Ինձ պիտի իբրև կոչեմ բանաստեղծ…
Իսկ իմ խենթօրոր դիմացկունությանն
Անվանեմ ես կյա՜նք…
…Հիմա թվո՛ւմ է,
Թե միլիո՜ն տարի առաջ է եղել,
Երբ խենթ պատանի՛ս
Քեզնից թռցրած մի սուտ թաշկինակ
Բարձի երեսի շոր է դարձրել
Եվ խոստումնալի
բուրմունքից արբած՝
Այնպես է շշմել հուզի՜չ մի գիշեր…
Որ թերահավատ գլո՛ւխը նրա
Անմահությանը հավասարազոր
Մի եդեմական քուն է պաշարել…
Ու եթե հիմա,
Համայն աշխարհի
տիկնանց հետ մեկտեղ
Գլուխ գլխի տան
Բուրաստաննե՜րն էլ բոլոր դարերի՝
Չե՛ն կարող,
Երբե՜ք,
Ո՛չ մի հնարքով,
Վերծանել բո՜ւյրն
այն լույս-թաշկինակի,
Որի վրա ես,
Իմ սենտիմենտալ գլուխը դրած,
Քնե՜լ եմ մուշ-մուշ…
Իսկ առավոտյան
Արթնացել այնպես վեհ ու շփոթված՝
Ասես՝ այդ գիշեր
Ի լուր ամենքի՝
Ինձ կարգե՜լ էին մի նոր տիրակալ,
Որ խնամարկե՛մ…
Ո՜ղջ տիեզերքին:
ՏԱՌԱՊԱՆՔԸ
ՉԻ ԱՄՈՔՎՈՒՄ
Ո՜րերորդ անգամ
Ես համոզվում եմ,
Որ ցավ սփոփող
Ամեն խոսք բութ է…
Ու վիշտ փարատող
Ամեն միտք ու խոհ
Սոսկ պարկեշտ սո՛ւտ է…
ԳՈՐԻՍՅԱՆ ԷՏՅՈՒԴ
Մայրամուտի մեջ մեր սեգ
լեռներն են
Թավշյա զմրուխտով
զուգված փայլփլում…
Գարնան ծաղկունքով
գերված հավքերն են
Այգիների մեջ անվե՜րջ կլվլում…
Իրիկնամուտի գրգանքների տակ
Քաղաքն է կրկի՜ն սիրով պարուրվում…
Անծա՛յր երկնքի գրկում կապուտակ
Մեր արծիվներն են
հանդա՜րտ պտտվում…
Սարավանդներից մեր
գանգրագիսակ
Անտա՜ռն է նորից
մարդկանց հմայում…
Չքնաղ բուրգի պես՝ հսկայահասակ,
Լաստ սա՛րն է եկող դարերին նայում…
Քնքուշ բույրերո՜վ լցված քաղաքն է
Կարոտներո՛վ լի թախծի
մեջ խորհում…
Ու մեր պապերի անմա՛հ ոգին է
Ցի՜ց-ցից ժայռերի ծոցի մեջ նիրհում…
ԱՊԽՏԱԾՈԻԹՅՈԻՆ
Նվիրում եմ որդուս՝
Վարդան Գրիգորյանին
Դարձած հույզերիս
անվախճանությամբ
Զմայլված գալիք՝
Այս մահախուճապ,
Լիրբ ու նողկալի մեղանչումներից
Ասես համբարձված,
Բայց և որպես մի խղճի ուրվական՝
Հավերժ կենդանի,
Ես ինքս ինձ եմ շարունակելով
Ապշահարի պես
հաճախ հարց տալիս.
«Ինչպե՞ս ես ապրել,
Իմ հրա՜շք հայրիկ…
Երբ քո բերանով՝
Անդարմանելի տարակուսանքով,
Անհո՛ւնն է խոսում տիեզերական…
Մշտնջենական տառապանքից իր՝
Հավիտենական ցավից լռության»:
Ինչպե՜ս եմ ապրել…
Մի բազմադարյան,
Տարագրակյաց պատմություն է դա՝
Սկսված նորելուկ ու խոստումնալից
Այն նախապահից,
Երբ երանավետ քաղցրությունը ես
Խավարահալած լույսի զգացի…
Որ կարոտաբաղձ ոգորումներով
Շարունակվում է դեռ մինչև՜ այսօր,
Երբ վաղուց է, ինչ ես գերմարդացել,
Բայց քաղցրությունն այդ
փոքրի՜կ հրաշքի
Չեմ կարողանում խաղաղված սրտով
Հանգիստ ճաշակել…
Իսկ եթե ասել այսօրվա լեզվով՝
Ես աշխատել եմ,
Ի՜նչ էլ որ լինի՝
Չհիվանդանալ իմ դարի ախտով.
Նույնիսկ՝ մահանալ,
Բայց քաղաքակիրթ
խաբկանք չդառնալ:
Այս իմ նորագույն ախտազերծության
Հի՜ն վկաներն են
Բոլոր տեսակի ապրող մահերը
Խաչված կյանքերի
նույն իմ պատմության…
Հավատազրկման բեռան տակ կքած
Արևաքայլե՜րն այն խեղճ սրբերի,
Որոնք ապրել են մոգական կյանքով
Առեղծվածային հանելուկների…
Միապետասեր ժամանակների
Անապատածին կախաղաններից
Ջղաձգվելով ճոճվելի՜ս անգամ՝
Կույր ծլարձակման
Կուսականության ճչա՛ն հավատը
Գեթ մահվան
պատրաստ խելահեղությամբ
Կանաչապատել՝
Ու նույնիսկ հոգու ավանդման պահին
Իրենց էության ճշմարտությունից
Չե՛ն հրաժարվել…
Եվ անկախաղա՜ն, խրոնիկացած
Իմ այս ճոճվելը վկայակոչեմ,
Որ կարելի էր խոր հառաչելով,
Ըստ ավանդույթի՝
Նաև կյա՜նք կոչել…
Իսկ ավելի զուսպ համեմատությամբ՝
Տրտմաթախծալի՜,
Պահածոյացած
կե՛րպ կենդանության…
Ու ես, փոքրի՛կս,
Այս անտանելի գոյության անլուր
Տվայտանքների արանքում շշմած,
Շվարած կյանքից…
Զզված ինձ կանչող բոլո՜ր կեղծարար
Գոռ աշխարհների հրավերքներից՝
Ես՝ Արդարության Նորին Բացարձակ
Նորեն ձախողակ Մոլագա՛րս Խենթ,
Ճաճանչավորված միա՜յն ու միայն
Աստծո անդրանիկ,
Հար հրաշազոր տեսքո՛վ երկնաճեմ…
Արևի նման համայնատարա՜ծ
Հավասարություն ճչալով անվերջ
Ու ճապաղելով՝
Դեպի ներկայի արգանդում հունցվող
Իմ սիրամոլո՜ր ու սիրատոչոր,
Ցնդած Գերմա՛րդը ինձ կարկառեցի…
Ու կրակ կտրած ձայնալարերս
Արցունքոտվելով
Այնքա՜ն ժամանակ թեժ թրթռացին,
Մինչև որ՝ հոգնած,
Խեղանդամվելով,
Չհանդիպեցին
Արցունքամխման աղե պատնեշին՝
Ի վերո՛ւստ ձաղկված
Կաղկանձմա՜ն ցավին…
…Հենց այստեղից էլ՝
Ես մահաթաքույց,
Բնաստրկային հիասթափության
Սուր ցավն զգացի.
Տեսա, թե ինչպես
Ես՝ աննպատակ,
Ասես դառնում եմ ձմե՜ռ անհատակ…
Քանի որ արդեն սկսեցի ես իմ
Ինքնաբուխ ու խոլ եղանակներին
Երբեմնի սրանց հիմա՜ր տիրոջից
Շատ խորը զգալ.
Վերջնականապես ջղաթափ եղած
Ծերունու նման:
Բայց ծերունու պես ես չնստեցի
Եվ պարապորեն,
Միտքս հարահոս կյանքի հրաշքին՝
Էլ չսկսեցի
Անցած օրերիս կորուստը սգալ…
Այլ այս փակուղում
Ես այն հասարա՜կ,
Պարզ մի՛տքը գտա,
Որ լոկ լեռնե՜րն են,
Եվ այն էլ՝ հսկա՛,
Ձմեռ թե գարուն, ամառ թե աշուն
«Ձմե՜ռ է… Ձմե՜ռ…»
անվերջ մտորում…
Թեև բաշերի տարուբերումով
Ի ցո՛ւյց են անում մեծահոգաբա՜ր
Ի հույս դաշտերի,
Թե իրենք էլ են իբրև մասնակցում
Խրախճանքներին
Այս հեքիաթային սուտասանների…
Փակուղիս բացվեց,
Բայց…
Սակա՛յն…
Ավա՜ղ…
Նման տխրունայն մի ողբերգության
Շարունակական արարողության…
Ես էլ, փոքրի՛կս, ճարահատորեն,
Կամ էլ՝ ճի՛շտ է թե՝
Ողորմածաբա՛ր,
Այս ժուժկալահար իմ ժամանակի
Բեմահարթակից,
Անպատկառ վարք ու
բարքի՛ց մոլեգնած,
Անչա՜փ հանճարեղ
Մեծ դերասանիս դերը ճանկեցի:
Իսկ թե մոլորված՝
Հակասականի խորխորատներում,
Դու շփոթվելով
Ինձ ճշտես այսպես՝
Իբրև՝ ես լե՜ռ եմ…
– Կա՛նգ առ,– քեզ կասեմ,-
Թե ճշտե՛լ է պետք՝
Թող ճշտենք այսպե՛ս.
Հասարակածում ցցվա՜ծ բևեռ եմ…
Ինչպե՞ս եմ ապրել…
Ախ, իմ փոքրի՛կս,
Ի սե՜ր Բարձրյալի,
Ինձ մի՛ հիշեցրու…
Ինքս էլ չգիտեմ…