«ՀԱՅՐԵՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՀՄԱԾԱՌԵՐԻ ԵՐԿԻՐ» ՇԱՐՔԻՑ
ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ
Երազանքներիս գույները
հայտածվում են
մտաշխարհիս մեջ՝
արյան ավիշի կենսառիթմերը
դարձնելով երգ,
հույզ ու զգացում…
Հայացքիս միջով
լույսի ընթացքն է
հարատև անցնում,
սերմացու սիրո
ծլարձակումն է
տիեզերածին երակներիս մեջ…
Իմ հոր զավակն եմ
ու թոռը՝ պապիս,
իմ նախնիների
մեղեդիացած արյան թրթիռն է
հարահոս անցնում հավատիս միջով:
Մարդասիրական նրբերանգներով
զգում եմ կյանքի թովչանքն ամբողջ,
հայորդի եմ ես,
ազգիս լավագույն հատկանիշների
հավաքածուն է ներաշխարհիս մեջ:
Մարդ եմ` թվերի և արժեքների
հանդեպ ունեցած թուլություններով,
բայց գինը գիտեմ արժանապատիվ
նուրբ ու ուշադիր վերաբերմունքով
կյանքն ապրելու,
թանկ զգացումի արժեքը գիտեմ:
ՈՒԶՈՒՄ ԵՄ
Ուզում եմ ամրագրել
անցողիկ ակնթարթների
հարատև ընթացքը՝
թղթերին ու կտավներին
փոխանցելով մնայուն ներշնչանքի
ոգեշնչող երազանքն
ու տեսիլքը…
Ուզում եմ
հուզաշխարհիս ու մտաշխարհիս
աներևույթ ուրախությունը
փոխանցել մարդկանց,
նրանց ուզում եմ տալ
սիրող սրտիս
մաքուր ու անբիծ բերկրանքը:
Անխոս բառերով,
մեղեդիներով անցողիկ,
բայց հիշարժան ապրումներով,
ուզում եմ թափանցել
ինձ սիրող սրտերի
մաքրամաքուր ելևէջումների մեջ…
Ուզում եմ քնարիս
լարերը հնչեցնել
հայաշունչ երգի զգայական
ու հուզական անկեղծությամբ,
ասել այն ամենը,
ինչը ասում են
ոչ թե խոսքով,
այլ հոգով
ու սիրող սրտով…
ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆԵԼԻՔՆ
ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արթնացել էի
մի այլ մոլորակի
երազկոտ իրականության մեջ…
Քնաթաթախ հայացքով
նայում էի շուրջս
ու մտաբերում էի
մոռացված անցյալի
անմոռաց պատկերները՝
կոպերիս տակ երևակվող
անորոշ միջավայրում…
Լույսն ու ստվերն
իրար գրկած`
քնած էին անորոշության մեջ:
Զգացմունքները խակ էին՝
չհասունացած սիրո
ցանկությունների նման…
Ծառեր չկային.
դրախտային պտղածառերը
դեռ չէին ծաղկել`
մեղքածին պտուղներով
ծոցը լցնելու համար…
– Ինչո՞ւ արթնացա,-
մտածում էի ես…
– Ի՞նչ եմ անելու,
եթե շուրջս
լռություն է տիրում,
եթե լուսաթև Եվան չկա,
եթե սիրո պտուղներ չկան,
եթե չկան կրքահարույց մեղքերը,
որոնք հաճույքի
ու երանության մեջ
սերմանում են
անմեղ մանուկների աչքերը,
կուսական կրծքերը,
կաթնառատ աղբյուրները`
սիրուց ծնված սերունդներին
կյանք տալու,
նրանց ծարավն ու քաղցը
հագեցնելու համար…
Արթնացել էի
մի այլ մոլորակի
քնաբեր իրականության մեջ,
ասելու, խոսելու
քաղց էի զգում,
լսելու ծարավ էի զգում
առանց հայոց տառերի,
առանց հայրենի բառերի,
նույնիսկ բամբասանքներ լսելու
կարիք էի զգում…
Մարդ էի,
որի երակներով հոսում էր
Աստծո տված արյունը՝
երազանքների հունով
հոսելով դեպի
սիրով ելևէջող անհունը,
դեպի այն հանգրվանը,
որտեղ Տիրոջ կամքով
պիտի գնայի,
որպես պատգամախոս՝
սիրո ու արդարության
կարիք զգացող մարդկանց`
իրենց անելիքն
ասելու համար…
ԱՆԿԱՂԱՊԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
Երկինքն ու երկիրը
լցված են թվերի,
գրերի ու խորհրդանիշերի,
անթիվ ու անքանակ,
երևելի ու աներևույթ
ծածկագիր առեղծվածներով:
Մեկը գումարած երկուսին,
երրորդի, չորրորդի հետ,
տասնյակներով ամբողջացած
առճակատվում են
հազարավորների հետ:
Մի տառը գումարվում է
մի ուրիշ տառի,
իմաստափոխվում է բառը.
պատկերագիր է դառնում թիվը,
որ խորհրդանշում է
որևէ թիմի
անկաղապար գաղափարը…
Առոգանության նշաններով
ի հայտ են գալիս
գաղտնագիր իմաստները`
կյանքի ընթացքը փոխող
որոշումներով ու հրահանգներով:
Թացը չորի հետ
այրվում է հրդեհված անտառների,
գյուղերի ու քաղաքների
մոխրացող ծխածածկույթում:
Իրար գումարվող թվերի,
բաժանվող ու միացող սրտերի,
հեռացող ու մոտեցող կարոտների,
լացի և ուրախության հովիտներում
հուսախաբվում են ոմանք՝
թվերով, գրերով
ու խորհրդանիշերով սկսվող,
բայց չավարտվող
գործընթացների շնորհիվ…
ԵՐԿՐԱՅԻՆ ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ
Հայր երկինքը
և Մայր երկիրը
գրկախառնվել են
մի էության մեջ,
ամրակապվել են
երկնային հավատով
ու երկրային սիրով…
Կոպերիս տակ
վարագուրված է
աստղաշխարհի անհունը,
որի մեջ գիշեր-ցերեկ
առկայծում են բարության
ավետաբեր լույսերը…
Նախաստեղծ լեզվի
անխառն մաքրությամբ
փառաբանում եմ նրան,
ով հայախոս լեզվով
ուզում է հարաբերվեմ
երկրագնդում սփռված
Հայրենատան հայապաշտ
օրհնյալ հոգիների հետ…
Թող զորանա
և հզորանա մեր Հայրենիքը
Հայրենատների ամուր
ու միակամ ամբողջությամբ…
Փրկել է պետք
Հայրենիք մոլորակը,
որ հայեցի արիության
ու բարության կարիքն ունի
կամազրկվող աշխարհում…
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կյանքը կանգնել է գիշերային,
աստղանկար երկնքի տակ,
հայացքը վեր ուղղած՝
փորձում է գտնել
հայրենի աստղը,
որ հողագնդի
հակառակ կողմում է հիմա
և լուսավորում է
ուրիշ աստղածինների
գալիք ճանապարհը…
ՏՈՀՄԱԾԱՌԵՐԻ ԵՐԿԻՐ
Գարուններդ` ձնաշունչ,
ծաղկաշունչ ու սարսռաբեր,
լցված լույսերով, հույսերով
և տաք հավատի սպասումներով,
որ ցուրտ, դաժան ու երկարատև
սառնամանիքներից հետո,
ի վերջո, արևոտ ու
բերքառատ օրեր կգան…
Ամառներդ` շոգ,
տոթ ու շնչահեղձ անող,
երկարատև ցերեկների նման
հալածում են մարդկանց,
տեղահան են անում տուն ու տեղից:
Աշուններդ` մեղմ ու բերքառատ,
կարճացող ու կարճատև օրերդ
բաժին են տալիս
նախ` ամռան շոգերին,
հետո՝ ցուրտ ու դաժան ձմեռների
հանկարծահաս ձյունի, ցրտի
ու սառույցի իշխանությանը:
Ձմեռներդ` երկար,
Նոր տարվա, նոր կյանքի,
նոր գարունների ծաղկազարդվող
հույսերով են զարդարում
տոնածառերը Ամանորի…
Դաժան, ցուրտ ու երկար
ձմեռների մեջ տեղապտույտ տվող
սպասելիքները մարդկանց
նորից երկարատև համբերությամբ
գարնանն են սպասում,
նորից երանությամբ են հիշում
շոգ, շնչահեղձ անող
ամռան երկարատև ցերեկները:
Տարվա եղանակները
ջերմ, բարի, գթասիրտ,
լավ մարդկանց նման
հաճելի ամիսներ,
շաբաթներ ու օրեր են պարգևում
հայոց բնաշխարհում ապրող
արիասիրտ, արդարամիտ,
բարեկիրթ մարդկանց…
Եվ կյանքի հոլովույթի մեջ
աղով, հացով, սիրով
և բարի կամքով
Տիեզերքի Տիրոջ,
օրերը, տարիները գնում են`
թողնելով հիշատակները,
մարդ լինելու և հայ լինելու
բնածին արմատներով
հայոց հողում ամրանալու
և հարատևելու կամքը`
հայոց դրախտային երկիրը
պտղաբերող տոհմածառերով
հարստացնելու և
հավերժացնելու համար…
ԼՈՒՅՍՈՎ ՍԱՂԱՐԹՎԱԾ
ԾԱՌԱԲՆԵՐԸ
Անտառված ձայների,
տերևների ու ճյուղերի ներքևում
ծառաբներով երկիր իջած
լույսի ելևէջումները
արմատներով մտել են
հողի երակների խորքերը…
Երկինքն ու երկիրը
սաղարթվել են Հողագնդի
տոհմածառերի տեսքով՝
սիրո պտուղներ
արարելու համար…
Կրծքից կուրծք,
պորտից պորտ
և երակից երակ
անցնում են շնչավորված օդի,
լույսի և ջրի
հողածին զավակները…
Նրանց մեջ երկնային լույսը
ամրակապված է Արարողի տված
հույսին ու հավատին,
Տիրոջ սերը պտղակալելու է
նրանց հոգիներում…