«Իմ երկրում ես ամենաչընթերցվող գրողն էի մինչև 1984 թ., երբ հանկարծ, մեկ օրում, դարձա ամենաընթերցվողը: Առաջին վեպս գրեցի բառարանի տեսքով, երկրորդը` խաչբառի, չորրորդ վեպս էլ ձեռնարկ էր Տարո խաղաթղթերով գուշակություն անելու համար: Հինգերորդը աստղագուշական տեղեկատու էր սկսնակների համար: Ես փորձում էի հնարավորինս քիչ խանգարել իմ վեպերին: <…> Ժամանակի ընթացքում ես ինձ ավելի ու ավելի քիչ եմ զգում որպես իմ գրքերի գրողը և ավելի շատ` ուրիշ, ապագայում գրվելիքի հեղինակ, որոնք, հավանական է, որ երբեք էլ չեն գրվի»:
Չնայած արտասովոր աշխատունակությանը, Պավիչը ճանաչվեց միայն այն ժամանակ, երբ քունքերը սպիտակել էին ու կրքերը հանդարտվել, ինչը և թույլ տվեց հեղինակին փառքն ընդունել սառնասիրտ ու զգուշավոր: «Մի խոսքով, ես չունեմ կենսագրություն: Կա միայն մատենագրություն»:
Ժամանակին Միլորադ Պավիչը գրել է. «Մեր օրերում մարդն այնքան մենակություն չունի, որպեսզի կարողանա անկորուստ գիրք կարդալ»: Նա նկատել ու դիպուկ բնորոշել է Ժամանակակից ընթերցողի այդ առանձնահատկությունը և օգտագործել որպես ուղենիշ, ինչը թույլ տվեց առանց մեծ ջանք գործադրելու գրքերը տեղափոխել ոչ միայն Համացանց, այլև նոր ընթերցողի գիտակցության մեջ, ով պարզապես սրբազան միտք չի փնտրում գրված տեքստի մեջ` նա ինքն է ուզում կառավարել այդ միտքը, խաղարկել այն և հնարավորություն ունենալ իրական կյանքում առնչվել նրան: