ԵՐԲ ԼԵԶՎԻ ՏԱԿ ՓՈՒՇ ՉԿԱ
Բամբասում են երկու գորշ սարդ,
Փնովում տան հին ավելին.
– Չար վհուկ է, չորուկ կախարդ
Այս մազաթափ, խև մաքրուհին:
Քստքստալով պտտվում է,
Իբր սրբում անկյուն ու պատ,
Արածն իր պես՝ փնթի-մնթի,
Ամեն գործը՝ կիսատ-պռատ:
Իսկ մենք սարդ ենք, պատի զարդ ենք,
Հյուսում ենք նուրբ ոստայն ու ցանց,
Բազմում ենք միշտ վերևներում
Ու վերից ենք նայում ոմանց:
Այնքան անցան չափ ու սահման
Մեծաբերան գորշ սարդերը,
Մինչև մի օր չդիմացան
Խեղճ մաքրուհու պիրկ նյարդերը:
– Ինչքա՞ն պիտի տգետներն այս
Զազրախոսեն անկյուններում,
Զարմանում եմ ես ինձ վրա,
Թե ինչու եմ անվերջ ներում:
Ասաց ավելն ու ձգվեց վեր,
Այնպես տվեց մի զիլ ապտակ,
Որ սարդերը սարդոստայնով
Թրմփացին ոտքերի տակ:
– Ես կջնջեմ ձեր ցեղը ողջ,
Կվերանաք իսպառ, անհետ,
Որ չփորձեք էլ շփոթել
Բարությունս թուլության հետ:
ԳԵՏԱՁԻՆ ՈՒ ՁՈՒԿԸ
Մի մեծամիտ ձուկ պուտպուտիկ
Լող էր տալիս ափին մոտիկ,
Երբ տեսավ մի գեշ գետաձի,
Խաժ աչքերը լայն բացվեցին։
– Միայն սա էր պակաս այստեղ
Իր անճոռնի տեսքով անգեղ:
Մի տես ո՜նց էլ նայում է ինձ,
Չի էլ խորշում ինքն իրենից…
Գետաձին դա թեպետ լսեց,
Չլսելու իրեն տվեց,
Քանի որ սև մի շնաձուկ
Մոտ էր եկել նրանց ծածուկ:
Ձկան պոչի ետևում էր,
Ագահորեն հետևում էր
Շնաձուկը մեծաբերան,
Որ պահ առաջ կուլ տա նրան:
Չնայելով իր զանգվածին՝
Արագ հասավ գորշ գետաձին,
Կճղակներով այնպես խփեց
Շնաձկան բաց երախին,
Որ երախը ընդմիշտ փակվեց՝
Չհասնելով մեր ձկնիկին:
Իր տեսածից խիստ վախեցած՝
Գետաձիուն ձկնիկն ասաց.
– Ների՜ր դու ինձ, բարի՜ հսկա,
Որ լեզվիս տակ ոսկոր չկա:
Մեծ պատիվ է ինձ այսուհետ
Ընկերություն անել քեզ հետ…
ՎԱՐԴԸ
Թավ պարտեզում ծաղկափթիթ
Վարդն էր ապրում հեզահամբույր,
Քնքշադալար, մեղմաժպիտ
Շաղ էր տալիս հմայք ու բույր,
Թովչանքը իր, փայլը ցողոտ։
Չէին սիրում սակայն նրան
Փուշ ու տատասկ թե մոլախոտ,
Բայց առավել ատում էին
Պարտիզպանին այն կողմնակալ,
Որ սիրում էր նա ալ վարդին,
Իրենց պոկում ու նետում էր
Անփութորեն այգուց անդին։
Եվ բարեսիրտ վարդը քնքուշ
Նրանց աչքին դարձել էր փուշ:
…Ձայն է տալիս մի առավոտ
Իշառվույտը հառաչագին.
– Յուրայիննե՛ր իմ սրտամոտ,
Հե՛յ, սխտորո՛ւկ, եղի՛նջ, բանգի,
Դուք՝ գեղավե՛ր ու փշփշո՛ւկ,
Ելե՜ք թաքուն ու անշշուկ,
Վաղվաղակի եկե՛ք ինձ մոտ:
Ցեղակիցները շուտափույթ,
Պարտիզպանի աչքից հեռու,
Մունջ, գողեգող հավաքվեցին,
Եկան խորհուրդ տալ-առնելու։
– Տանուլ տալու խնդիր ունենք.
Վարդին շարքից պիտի հանենք:
Ասաց մեկը բարձրադիրից.
– Համաձա՜յն ենք, համաձա՜յն ենք,
Մենք ենք տերը մեր պարտեզի…
Եվ խոսք տվին իրար հերթով
Գործի անցնել մայրամուտին։
Վարդն անտեղյակ այդ ամենից՝
Բուրում էր ու քնքուշ ժպտում:
Ի՞նչ իմանար՝ առջևում կար
Զարմանալի անակնկալ:
Ուրբաթն եկավ շաբաթից շուտ.
Չձգեցին մինչ մայրամուտ:
Միջօրեին պարտիզպանը՝
Ձեռքին էտոց-քաղահանը,
Շոյեց վարդին հայացքով տաք
Ու սկսեց փուշ-տատասկի
Տեղը տեղին իր քաղհանը։
Եվ այդպես է լինում կյանքում.
Հեզությունը միշտ է հաղթում,
Այն պատշաճ է նաև մարդուն։
ԹՐԹՈՒՐՆ ՈՒ ԽԽՈՒՆՋԸ
Ծույլ խխունջը կեր էր փնտրում,
Երբ որ տեսավ թրթուրին շեկ,
Հեգնեց, ծաղրեց, անվանեց որդ,
Խայթեց լեզվով իր չար ու նենգ:
– Ինչքա՜ն գեր ես, անբարետես,
Անխնամ ես ու մազմզոտ,
Տես, թե քեզնից ոնց են խորշում
Այստեղ ամեն ծաղիկ ու խոտ:
– Այդ քեզնից են սաստիկ գարշում,
Ա՜յ պոզավոր դու լպրծուն,
Գետնաքարշ ես ծնված օրից,
Շրջապատը դու ես պղծում:
Մտի՛ր խեցուդ մեջ, պարփակվի՛ր,
Թունոտ լեզուդ դի՜ր փակի տակ,
Իմ տեսքով մի՜ մտահոգվիր,
Կլինեմ ես շուտով հարսնյակ:
Թավշե թևեր կառնեմ գույն-գույն,
Նուրբ թիթեռնիկ ես կդառնամ,
Կապրեմ ուրախ ծաղկանց մեջ բյուր՝
Բուրումնավետ ու աննման:
Նեկտար կառնեմ անուշահամ,
Հովերը ինձ մեղմ կօրորեն,
Ու կունենամ հեքիաթային
Վայելքներով չքնաղ օրեր:
Իսկ դու ցմահ պիտի մնաս
Սողուն այդպես, բայց միշտ հիշիր՝
Երբ չես տեսնում թերությունդ,
Մի՜ քարկոծիր դու ուրիշին։