Էդուարդ ԱՎԱԳՅԱՆ
ԳՆԴԱԿԸ
Սիրո՜ւն, սիրո՜ւն, կապուտակ,
Չարաճճի իմ գնդակ,
Մի քիչ ինձ մոտ դու մնա,
Այդքան հեռու մի՛ գնա:
Քեզ կանչում եմ, հա՜ կանչում,
Իսկ դու հեռու ես փախչում,
Բողարի պես մեր բարի,
Երբ կանչում եմ, շո՛ւտ արի:
Օլգա ԴԱՐՅԱՆ
ԼՈՒՍՆԱԿԵՐ ՄԿՆԻԿԸ
Կլոր լուսինը, տեսե՜ք,
Կիսալուսին է դառել,
Իսկ գիտե՞ք, թե ով է այդ
Կախարդանքը արարել…
Չգիտե՞ք… դե իմացեք,
Էն պանրակեր մկնիկը,
Լուսնին պանիր է կարծել՝
Կրծոտել է թուշիկը…
Հետո էլ, թե. – Ի՜նչ անեմ,
Այնքան նման էր պանրի՝
Ծակոտկե՜ն էր ու դեղի՜ն,
Համն էլ՝ հոլանդականի…
Ի՞նչ եք կարծում,
այս անգամ
Գուցե ներենք մկնիկին,
Միայն մի քիչ յոդ քսենք
Լուսնի ցաված այտիկին:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԱՅՐԻԿԻ ՕՐՈՐԸ
Քնել են ծառերը.
Մայրիկս արթուն է:
Քնել են դաշտերը.
Մայրիկս արթուն է:
Քնել է գետակը.
Մայրիկս արթուն է:
Քնել է արևը.
Մայրիկս արթուն է:
Քնել է տերևը.
Մայրիկս արթուն է:
Քնել են հովերը.
Մայրիկս արթուն է.
Քնել են ծովերը.
Մայրիկս արթուն է:
Քնել են բոլորը.
Մեղմ ձայն է լսվում`
Մայրիկս աշխարհին
Օրոր է ասում…
Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ
ԲԱՐԵՎ
– Բարև՛,- ասաց փոքրիկ տղան:
– Հազա՜ր բարի,- ասացի ես:
– Ընկեր չունե՞ս,- հարցրեց տղան:
– Այստեղ չունեմ,- ասացի ես:
– Կուզե՞ս ինձ հետ ծանոթանալ:
– Ծանոթանա՛նք,- ասացի ես:
– Անունդ ի՞նչ է,- հարցրեց տղան:
Իմ անունը ասացի ես:
Հետո այսպես ասաց տղան.
– Արի այնքա՜ն ծանոթանանք,
Որ սկսենք մտերմանալ:
Արի այնքա՜ն մտերմանանք,
Որ սկսենք ընկերանալ:
Հետո այնքա՜ն ընկերանանք,
Որ սկսենք եղբայրանալ:
Հետո այնքա՜ն եղբայրանանք,
Որ բաժանվել չկամենանք
Ո՛չ խաղի մեջ,
Ո՛չ փորձանքում,
Ո՛չ էլ ամբո՜ղջ, ամբո՜ղջ կյանքում:
– Համաձայն եմ,- ասացի ես:
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
ՄՈՒԽԻԿԻ ՄԱՍԻՆ
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իհարկե, ես կարող էի վերնագրել նաև այսպես.
ՀԵՔԻԱԹ ՄՈՒԽԻԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Բայց հեքիաթն այնքան ծանրակշիռ, փայլփլուն` ոսկե ու արծաթ թերթերով զարդարուն և իրադարձություններով հարուստ էր, կոչվեց ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ:
Հիմա էլ պատմեմ Մուխիկ թագավորի մասին:
Մանուշակագույն, հսկա սարը փռված էր անծայրածիր ավազուտների մեջ: Հսկա սարը փոխում էր իր գույներն օրվա տարբեր ժամերի: Լուսաբացին սարը դառնում էր ոսկեգույն, արևի շողերի ճաճանչները լուսավորում են Արատա սարի պղնձե կողերը:
Երբ մոտենում ես սարին` բացվում է քարայրի մութ խոռոչի անցքը:
Եվ խորանալով ժայռի մեջ՝ հայտնվում ենք Մուխիկ թագավորի մեծ քաղաքում: Ժրաջան բնակիչներն աշխատում են օրնիբուն, իսկ երեկոյան վերադառնում են տուն և փառաբանում երկնքի աստվածներին, իսկ երկրի վրա` իրենց Մուխիկ թագավորին:
Մուխիկ թագավորն ապրում էր իր ձեռքերով պատրաստած, աղյուսներով, կարմիր կղմինդրով առանձնատանը:
Տան դիմաց փռված էր դրախտային այգին: Օրվա մեծ մասը թագավորը, իր կնոջ և զավակների հետ, աշխատում էր այգում:
Փափուկ, պլաստիկե խողովակները տարածվում են 1000 մետր շառավղով: Կենարար ջուրը հոսում էր յուրաքանչյուր ծառի և թփի մոտ: Այգու մեջ աճող ծառերը գարնանը ծածկվում են բազմագույն նուրբ ծաղիկներով: Այգում միշտ կարելի է համեղ մրգեր ճաշակել: Առաջինը հասունանում է կարմրաթուշ վաղահաս կեռասը:
Մուգ կարմիր և վառ դեղին կեռասի տնկիները Մուխիկ արքային նվեր էր բերել Արմենիա աշխարհի դեսպանը:
Հա՛, մոռացա պատմել, որ Արքան մասնակցում էր միջազգային բոլոր վեհաժողովներին:
Թագավորական գազանանոցում վարժեցնում էին արծիվների:
Արքան թամբում էր հզոր թևերով արծվին, ծաղիկների հրաշագեղ փնջերը գրկին՝ թռչում էր համաժողովի:
Եվ բոլոր-բոլոր արքայադուստրերը սպասում էին Մուխիկ թագավորի բազմագույն ծաղկեփնջերին:
Մուխիկ թագավորը կարմիր և դեղին կեռասները խաչասերելով ստացել էր կեռասի նոր տեսակ` մի երեսը կարմիր, մյուսը՝ դեղին: Կեռասները խոշոր էին և հյութեղ: Հետո հասունանում է մարգախնձորը՝ կանաչ, փոքրիկ և շատ օգտակար:
Այգու հպարտությունը «հայկական միրգ» անունով (Ֆրուկտուս Արմենիկուս) ծիրանն է:
Առատ բերքի ժամանակ փոքրիկ թագավորության բոլոր բնակիչները զբաղված էին ծիրանի խավոտ պտուղները հավաքելով, արկղերով հեռավոր աշխարհներ ուղարկելով:
Այնուհետև եփվում էր ծիրանի մուրաբան, ջեմը, ոսկեգույն չրերի շարանները շողշողում էին արևի ճառագայթներից:
Մուխիկ թագավորի ուրախությունը չափ ու սահման չէր ունենում, երբ հասունանում էին տանձաձև խոշոր թզերը և մուգ կապույտ մանր ու շատ քաղցր թզերը:
Հետո գալիս էր դեղձի և մեծ-մեծ ու կարմրաթուշ խնձորների ժամանակը:
Իսկ երբ հասունանում էին բազմատեսակ խաղողները… է՛լ սև, անկորիզ մուսկատը, սեղանի դեղինը, կանացի մատիկները…
Բայց թագավորի հպատակները տարեցտարի ավելացնում էին խարջի խաղողի այգիները, որովհետև այդ խաղողից էին քաշում լավագույն գինին ու օղին:
Ձեզ ասեմ, որ Մուխիկ թագավորը թե՛ նախաճաշին, թե՛ճաշին և ընթրիքին մանկան արցունքի պես մաքուր մեկ գավաթ օղի էր ըմպում:
Մի օր Մուխիկ թագավորին այցելեց տարաշխարհիկ երկրի դեսպանը: Նա պատմեց, որ իր երկրի արքայի թանկարժեք օդանավի վրա հարձակվել են և վնասել:
Եվ փոխանցեց, որ խնդրում են վաճառել հզոր Արծիվ-օդանավ և պատրաստ են անասելի մեծ գումար վճարել: Մուխիկ թագավորը գոհունակ ժպտաց.
– Ժամանակակից ավիացիան ինչքան էլ լավ նավիգացիա ունենա, չի հասնի մեր արծիվների սլացիկ թռիչքին և սրատես աչքերին: Սակայն արծիվներին վաճառել չենք կարող: Չէ՞ որ նրանք հատուկ կարգավիճակ ունեն մեր երկրում: Նրանք ծառայում են Արատա երկրի փոխադրամիջոցների դեպարտամենտում:
Եվ որպեսզի չնեղացնի դեսպանին, արծվի փետուրներից պատրաստած գլխարկ նվիրեց: Դե՛, մեր Մուխիկը շատ դյուրազգաց և բարեհամբույր մարդ էր:
Իսկ հիմա պատմեմ ամենագլխավորի մասին: Այնպես պատահեց, որ առատ բերք ու բազմատեսակ նոր հացահատիկ, միրգ ու բանջարեղեն ստեղծելու մոլուցքով տարված աշխարհի գիտնականները ոչնչացրին բուն էնդեմիկ բոլոր բույսերի սերմերը:
Աշխարհի մեծամեծները մեծ հավաքներ կազմակերպեցին, որպեսզի գտնեն փրկության ճանապարհը: Ախր, պոմիդորը դարձել էր կարտոֆիլի պես պինդ, կարտոֆիլի համը դարձել էր տաշեղի նման: Իսկ բոլոր հատապտուղները, որոնք շողշողում էին վառ գույներով ու ախորժելի, դարձել էին… անհամ: Այո՛, ահա խոշոր, կարմիր ելակը, հերիք է կծել, որ ուտելու ցանկությունը վերանա իսպառ:
Համաժողովին ոտքի կանգնեց ամենաերիտասարդ և ճարպիկ գիտնականը.
– Ես գիտեմ՝ որն է փրկության ուղին: Մենք պետք է խնդրենք, աղաչենք Մուխիկ թագավորին, որ մեզ բերի բոլոր բույսերի, ծառերի սերմերից ու տնկիներից: Նրա երկրում պահպանվել է ավանդական գյուղատնտեսությունը, և բոլոր մրգերն ու բանջարեղենը ունեն իրենց բնորոշ համը:
Բոլորը որոտընդոստ ծափահարություններով ողջունեցին առաջարկը: Գրկեցին երիտասարդ գիտնականին և սկսեցին վերուվեր թռցնել՝ բացականչելով.
– Մենք փրկվա՛ծ ենք:
Իհարկե, Մուխիկ թագավորը դրական արձագանքեց:
Հզոր արծիվներից մի դասակ թամբեցին եղեգնյա կողովներով, որոնց մեջ դասդասված էին հացահատիկների տեսակները: Մրգատու ծառերի փոքրիկ, բայց առողջ տնկիները: Բանջարեղենի սածիլները: Եվ, իհարկե, բազում հանձնարարականներ, թե ինչպես աճեցնել այդ ամենը:
Ահա թե ինչպես փոքրիկ թագավորության ժրաջան բնակիչները փրկեցին ամբողջ Երկիր մոլորակի ֆլորա-բնությունը չորացումից, վերասերվելուց, աղճատվելուց:
Եվ ամենուր վերընձյուղվեցին նոր ցորենի ու գարու արտերը: Բազմատեսակ այգիները սկսեցին ջրել երկար խողովակաշարերի միջոցով: Իսկ հիդրոպոնիկան հրաշքներ էր գործում բանջարանոցներում: Կարմիր պոմիդորը, մանուշակագույն սմբուկը, կանաչ վարունգն ու պղպեղն աճում էին ջերմոցներում:
Եվ մարդիկ սկսեցին փառաբանել երկնքի աստվածներին լավ բերք ու բարիքի համար, իսկ երկրի վրա՝ մեր սիրելի ու բարի, աչքերի խորամանկ փայլով, ուրախ ժպիտով Մուխիկ թագավորին:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԳԱՅԼԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գայլին տարել են ոստիկանություն,
Ասում են՝ վնաս ես տվել չափազանց,
Խեղդել ես չորս գառ, խեղել ես ձիուն,
Հոշոտել՝ հինգ հորթ և կերել՝ յոթ այծ:
Գայլը լուռ լսեց և հետո ասաց.
– Ես ձեզ հարգում եմ, հավատում սրտանց,
Բայց մեղավոր չեմ, որ շատ եմ կերել,
Թվաբանություն դեռ չեմ սովորել:
ՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԱՅԾՅԱՄԸ
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
Ներկապնակն առած ուսին
Նկարիչը անտառ գնաց,
Այծյամն եկավ,
ասաց նրան.
– Օ՜, այնքան եմ ես
նեղացած:
Անցյալ անգամ
եկար անտառ
Ու չար գայլին նկարեցիր,
Հիմա հենց որ
միտս է գալիս
Սարսափում եմ ես նրանից:
– Վա՜յ, փոքրի՛կս,
մի՛ վշտանա,
Կնկարեմ վագր հիմա,
Ագահ գայլը թող նկատի,
Քո նկարի այծին ուտի:
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՆԿ – ԱՂՋԻԿ
Անձրև էր գալիս: Կաթիլներն ընկնում էին` չըլմփ-չըլմփ: Իսկ հողից ծնվեց մի սունկ: Որքան կաթիլներն ընկնում էին, սունկն այնքան մեծանում էր: Աճեց, աճեց ու սկսեց ինքն իրենով հիանալ: Նայեց շուրջը, ոչ հեռու մի ջրափոս կար, որը հայելու նման փայլում էր արևի ու անձրևի խաղից: Սունկը կանգնեց իր միակ ոտքի վրա, ավելի ճիշտ կանգնած էր` ձգվեց ու նայեց ջրափոսի հայելուն: Ջրահայելու մակերեսին ժպտաց կարճ կիսաշրջազգեստով ու լայնեզր գլխարկ դրած մի աղջնակ: Նոր ընկած կաթիլը մի պահ աղավաղեց ջրափոսի դեմքը, հետո այն կրկին հարթվեց, ապա ծիածանը երփներանգվեց, ու Սունկ-աղջնակը հիացած պարեց գույների երփներանգում: Երբ անձրևն արդեն դադարել էր, Սունկ-աղջնակը կլանում էր արևի ճառագայթներն ու մեծանում: Հետո եկան երեխաներն ու… հավաքեցին բոլոր սնկերը:
Սունկ-աղջնակը ձգվեց, ձգվեց: Ժպտաց, հետո փորձեց հմայել իր գեղեցիկ գլխարկով ու կիսաշրջազգեստով, բայց երեխաները նրան չմոտեցան: Մտածեց, որ ինքն այնքան էլ գեղեցիկ չէ, գուցե և այն ջրափոսի հայելին իրեն խաբե՞լ էր երփներանգ ու արծաթագույն խաղով: Գուցե: Ինչ կա որ:
«Իսկ իմ ներսում անձրև կա,- մտածեց Սունկ-աղջնակը,- և՛ արևի երփներանգ գույները կան, և՛ այնքան տխրություն, որ կարելի է լաց լինել»: Շուրջը ոչ ոք չկար, և նա լաց եղավ: Արև էր: Շոգ: Անձրևը, որ իր ներսում էր, կաթիլ-կաթիլ դուրս եկավ ու… գոլորշիացավ:
Սարգիս ԿԱՐԵՅԱՆ
ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱԽԱՐԴԱՆՔ
Այս գիշեր պիտի
հսկեմ բոլոր վառարանների
խողովակները՝
չար ոգիները
ներս չգան:
Ամենաաղմկոտ երաժշտությունը կդնեմ«
պահածոյի մետաղյա հին տուփեր« կոտրած
շշեր կկախեմ ծառերից«
բոլոր երեխաներին սուլիչներ կբաժանեմ«
որ հենց գան՝ սուլեն« որ հենց գան՝ քշեն
չար ոգիներին:
– Ո՜վ երեխաներ« պատրաստի օդապարիկ էլ
կունենանք«
որ բան է՝ բակ իջնեն« որ բան է՝ բռնենք
փուշ ու ասեղով«
ոտքերը կոճղի մեջ կդնենք« աչքերը քարկապ կանենք«
շալակը փշե ցախ կտանք«
հետ՝ իրենց անօդ տարածությունը կուղարկենք«
իրենց տեղը:
– Ու երբ ստացվի՝ բռնենք« ու երբ ստացվի՝ քշենք«
նոր միասին կգնանք բաղնիք« վարսավիրանոց«
մեր մազերը« եղունգները կկտրենք«
մաքուր« նոր շորեր կհագնենք«
յոթ անգամ կպտտվենք տոնածառի շուրջը«
կկանգնենք մեր տան կենտրոնում«
կերգենք ու կարտասանենք«
ու բոլորը ճերմակ ծաղկեփնջերով կգան,
կհամբուրեն մեզ:
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՅԾԻԿ
Այծի՛կ, այծի՛կ, սիրո՜ւն այծիկ,
Արի գնանք դաշտ՝ արածի՛ր,
Այնտեղ օդը մաքուր է, զով,
Կվազվզենք մենք երկուսով:
Ջուր կխմենք պաղ աղբյուրից,
Կխենթանանք խոտի բույրից,
Իսկ երբ իջնի հով իրիկուն՝
Թռչկոտելով կդառնանք տուն:
Այծի՛կ, այծի՛կ, այծի՜կ սիրուն,
Ախր մենք քեզ շատ ենք սիրում,
Ուզում ենք, որ շուտ մեծանաս,
Մորուքավոր մեծ այծ դառնաս:
Այծի՛կ, այծի՛կ, այծի՜կ սիրուն,
Շա՜տ արածիր, շո՜ւտ մեծացիր,
Եվ քեզ նման չալպուտուրիկ
Շա՜տ ուլիկներ դու ունեցիր…
Նունե
ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՅՐԻԿԻ ՏՈՆԸ
Փոքրիկ Ճնճղուկն արդեն կարողանում էր թռչել: Նա միշտ թռչում-նստում էր մոտակա մեծ տան պատուհանի գոգին:
Այդ մեծ տանը շատ երեխաներ կային: Երգում էին, պարում, հետո նստում էին նախաճաշելու: Նախաճաշից հետո սեղանները հավաքում էին, իսկ փշրանքները լցնում պատուհանի գոգին: Ճնճղուկը կտցում էր փշրանքները և շատ գոհ ու շնորհակալ նայում երեխաների խաղին, երգ ու պարին:
Մի օր էլ, երբ Ճնճղուկը դիտում էր երեխաների խաղերը, հանկարծ լսեց, որ դաստիարակչուհին նրանց ասաց.
– Երեխաներ, վաղը Մարտի 8-ն է, դուք անպայման կշնորհավորեք ձեր մայրիկների տոնը,- ու նրանց բացիկներ բաժանեց, որ նվիրեն մայրիկներին:
Ճնճղուկը տխրեց, չէ՞ որ նա ո՛չ ոտանավոր գիտեր, ո՛չ երգ, բացիկ էլ չուներ, որ նվիրեր իր մայրիկին:
Տխուր-տրտում հեռացավ պատուհանի գոգից, նստեց ծառի ճյուղին ու մտահոգվեց.
– Ի՞նչ անի:
Գիշերը նա վատ քնեց ու զանազան անհանգիստ երազներ տեսավ:
Հաջորդ օրը առավոտյան, երբ Ճնճղուկն արթնացավ, իսկույն հիշեց իր մտահոգությունը: Մայրիկը արդեն բնում չէր, գնացել էր աշխատանքի:
Ճնճղուկի տրամադրությունը շատ վատ էր: Նա նույնիսկ չգնաց կեր ճարելու, տխուր նստել էր իրենց բակում ու փողոց էր նայում:
Հանկարծ տեսավ մի փոքրիկ աղջկա, որի ձեռքին ծաղկեփունջ կար:
Ճնճղուկը չգիտեր, թե աղջիկը ո՞ւմ է տանում այդ ծաղիկները, բայց շատ ուրախացավ: Մտածեց, որ կարող է իր մայրիկին ծաղիկ նվիրել:
Եվ քանի որ ծառերը չէին ծաղկել, պուրակներում էլ դեռ ծաղիկներ չկային, թռավ-գնաց ծաղկի շուկա, որտեղ շա՜տ-շատ ծաղիկներ կային:
Ճնճղուկն ուզեց մի ծաղիկ վերցնել, բայց ծաղիկը ծանր էր, չկարողացավ: Նա ծաղկից մի թերթիկ պոկեց, տարավ իրենց բույնը և ամրացրեց բնի պատին: Դա նրան շատ դուր եկավ և որոշեց ամբողջ պատերը զարդարել տարբեր գույնի ծաղկաթերթերով:
Այդպես էլ արեց:
Թե քանի անգամ գնաց ծաղկի շուկա ու ետ եկավ` հաշիվ չկար:
Մինչև օրվա վերջ նա ամբողջ բույնը պատել էր տեսակ-տեսակ ծաղկաթերթիկներով:
Երբ մոտեցավ մայրիկի տուն վերադառնալու ժամանակը, Ճնճղուկը թաքնվեց ծառի ճյուղի արանքում, որ մայրիկը իրեն չտեսնի: Նրան շատ էր հետաքրքրում` մայրիկին դուր կգա՞ արդյոք իր արածը:
Վերջապես մայրիկը եկավ: Նա կանգնեց բնի վերևի ճյուղին ու զարմացավ.
– Վա՜յ, սա ո՞ւմ բույնն է, երևի սխալվել եմ: Բայց, կարծեմ, իմ բույնը պետք է այստեղ լիներ: Ո՞ւր կորավ: Իմ ձագուկն էլ չկա: Երևի սա մեր բույնը չէ: Բայց…
Եվ Ծիտ մայրիկը ուզում էր արդեն գնալ, երբ Ճնճղուկը դուրս եկավ իր թաքստոցից.
– Մայրի՛կ ջան, մայրի՛կ ջան, ես այստեղ եմ, սա մեր բույնն է, դու չես սխալվել:
– Իսկ ո՞վ է մեր բույնը այսպես զարդարել,- զարմացած հարցրեց Ծիտ մայրիկը:
– Ես եմ զարդարել, չէ՞ որ այսօր քո տոնն է,- ասաց Ճնճղուկը ու մոտենալով մայրիկին՝ կտուցը քսեց կտուցին, գլխիկը` գլխին:
Ծիտ մայրիկը հուզվեց, աչքերում փայլեցին ուրախության արցունքի կաթիլներ:
– Ապրես, շնորհակալ եմ,- ասաց Ծիտ մայրիկը: – Դու այնպես ես բույնը զարդարել, որ ասես դաշտում լինենք: Ես երբեք չեմ մոռանա քո այս նվերը:
Փոքրիկ Ճնճղուկը ժպտաց: Նա շատ գոհ էր իրենից, որ կարողացավ մայրիկին ուրախություն պատճառել ու մտածեց. «Իսկ ինչո՞ւ միայն Մարտի 8-ին պետք է ուրախացնել մայրիկներին: Այ, ես միշտ այսպես կզարդարեմ մեր բույնը, թող իմ մայրիկի համար ամեն օր տոն լինի»:
Ռաֆայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԾՈՒՅԼ ԱՔԼՈՐԸ
Ծուլացել է աքլորը,
Էլ դասերը չի կարդում,
Թափառում է ողջ օրը
Բակում, այգում ու արտում:
Դաս սովորիր, ա՛յ աքլոր,
Ի՞նչ ես շրջում դես ու դեն.
– Ինչի՞ համար, ախր, Գոռ,
Ինձ ինչ պետք է, ես գիտեմ:
Քուջուջ անելը գիտեմ,
Գիտեմ կանչել ծուղրուղու,
Դրանից զատ էլ մի՞թե
Ուրիշ բան կա անելու:
ՀՌԻՓՍԻՄԷ
ԱՐՁԱՆ ԱՂՋԻԿԸ
Միայն մահվան մահճում բրուտի որդին՝ Արեգը, հասկացավ, որ երբևէ չի կարողացել շնչավորել կավը, թեպետ ողջ կյանքում երազել է դրա մասին: Նա աշխարհին հրաժեշտ տալուց առաջ կանչեց որդուն.
– Քեզ կտակում եմ իմ ձեռքերի ուժը: Սիրի՛ր կավի շաղախը, և փորձիր ափերովդ կենդանացնել այն: Իսկ եթե չստացվի, իմ պատգամը հաղորդիր քո որդուն:
Երբ Արեգը փակեց աչքերը, տղան նայեց իր բազուկներին: Հին տաշտակը բաց երախի նման նայում էր բրուտի որդուն, որի մեջ ո՞վ իմանա՝ քանի՜, քանի՜ անգամ էր իր երազանքը շաղախել հայրը:
Անցնում էին օրերը… Կավը տղայի ափի մեջ քարանում էր: Չկար արարման ոգին: Նա օր ու գիշեր կերտում էր ու նորից փշրում էր իր ստեղծածը: Ո՛չ իրականության մեջ էր, ո՛չ էլ՝ անէության:
Մի օր տղան որոշեց իր երազը շոշափելի դարձնել: Հոգու մեջ փոթորիկ էր ու տեղատվություն: Որոշեց աղջկա արձան կերտել:
Հոր ուրվականը գալիս էր ու ասում.
– Ո՛չ մի նահանջ, որդի՛ս, ո՛չ մի նահանջ…
Հանկարծ զգաց, որ կավը մարմնաբույր է և տաք. հնազանդվում է քիչ-քիչ: Մութի ու լույսի խառնուրդ էր դարձել:
Նա կերտում էր մարմին՝ գեղեցիկ, սլացիկ, դյութական, ինչպես իր երազն էր, սակայն չկար աղջիկ-արձանի ոգին: Այն սիրտ չուներ… Դուրս չէր գալիս իր քարացումից: Բայց այս անգամ տղան վախենում էր փչացնել այն… Չէր նայում մուրճի կողմը. հիասթափությունը տեղիք էր տալիս: Արձանն իր մեջ մոգական ուժ ուներ:
– Վաղը կգամ,- ամեն օր ասում էր տղան ու հեռանում:
Մի օր հուսահատվեց և ձեռքի կավը նետեց աղջկա ոտքերի տակ:
– Չէ՛, դու չես արթնանա: Ես կատարելություն ստեղծել չեմ կարող: Հիմա հորս ավելի լավ եմ հասկանում: Մի ողջ կյանք նա կռիվ տվեց հող ու ջրի հետ: Աշխարհը լցված է քո նման արձաններով: Չէ՛, չես կարող աչքերդ թարթել: Քե՛զ էլ չշնչավորեցի…
Աղջիկը մերկ էր, հրաշագեղ: Ասես մարդկային ձեռք չէր դիպել նրան: Տղան որոշեց արձանը ծածկել: Նրա մերկությանը փորձեց արքայադստեր հանդերձ հագցնել: Հանկարծ այդ պահին կատարվեց հրաշքը. աղջիկը բացեց աչքերը և արթնացածի թեթևությամբ նայեց շուրջը: Հայացքի մեջ քնքշանք կար: Տղան զարմանքից քարացավ: Երբ ուշքի եկավ, հարցրեց.
– Քեզ ի՞նչ անուն տամ: Խնդրում եմ՝ չքարանաս նորից: Մի քիչ խոսիր ինձ հետ: Հիմա աշխարհի բոլոր հեքիաթներին հավատում եմ…
– Ես անավարտ էի. հենց նոր ամբողջացա: Դու ուզում էիր ինձ թագուհի տեսնել: Ահա և ես… Իմ մեջ է հո՛ղը, ջո՛ւրը, արև՛ը: Դու ինձ արարեցիր: Անվանիր ինձ «Երազ»: Արի քեզ էլ «Ադամ» կոչենք:
– Արի: Բայց ես ուզում եմ՝ իջնես քո պատվանդանից: Դու բոկոտն ես: Ես մոռացել եմ քեզ կոշիկ հագցնել: Գիտե՞ս, թե որքան եմ կերտել ու հետո ոչնչացրել իմ ստեղծածը: Այս ձեռքերը շա՜տ, շա՜տ արձաններ են տեսել, բայց հիմա, ի՛մ Երազ, խոստանում եմ, որ երբևէ ոչ մի աղջկա արձան չպետք է կերտեմ ու շնչավորեմ: Դու իմ կատարյալն ես, որոնելին և միակը:
Ադամը ձեռքը մեկնեց աղջկան. երբ զգուշորեն նրան իջեցրեց պատվանդանից՝ ափը տաք էր ու թրթռուն. ասես աղջկա սրտի ջերմությունը նրա մեջ էր…
– Իսկ դու հիշողություն ունե՞ս…
– Ո՛չ… Միայն նինջ էի զգում: Քնել էի ուզում: Բայց ականջներիս մեջ դեռ մնում են քո հառաչանքները… Կավի հետ կռվող քո տքնանքը, հարվածներիդ զգուշավորությունը ծանոթ են ինձ… Իմ քարե մարմինը միշտ էլ զգացել է մատներիդ քրտինքի աղեհամը: Ինձ տխրեցրել են քո հեռացող ոտնաձայները, իսկ վերադարձդ՝ ինձ համար տոն է եղել: Աղաչում եմ, էլ ինձ մենակ չթողնես, թե չէ՝ նորից քար կդառնամ:
– Հրաշքները երբեմն իրականություն են դառնում: Վաղը բաց երկնքին այլևս աղջկա արձան չի նայելու: Չեմ կարող քեզ թագուհի չդարձնել: Դու մեր տան պատուհաններից վարագույրներ պետք է կախես: Մեր անշուք տունը դարձրու դղյակ: Քո մարմինը, որ օծվել է երկնաջրերով ու արևի ճառագայթներով՝ իմ առջև հեքիաթի դուռ բացեց: Իմաստավորեցիր ամեն ինչ…
Մի թռչուն եկավ ու սկսեց ծլվլալ.
– Մենք՝ թևավորներս, կորցրել ենք հիացմունքը: Աղջիկը շատ էր գեղեցիկ: Նա մեզ համբերության դասեր էր տալիս:
Ծառերը թափահարեցին իրենց ճյուղերը՝ հազարավոր մատների պես.
– Իսկ ո՞վ պիտի լսի մեր ուրախ և տխուր պահերի մեղեդին… Ո՞վ կոգեշնչի մեզ…
Քամին մոլեգնեց.
– Իմ ցասման պահին ո՞վ պիտի մեղմի զայրույթս… Ո՞ւմ հայացքը պիտի խաղաղություն տա վազքիս… Ո՞վ կնայի իմ հետևից…
Պատվանդանը լաց եղավ.
– Ես այլևս կախարդանքի և հրաշքի կրողը չեմ: Հիմա կոճղից էլ վատն եմ: Որբ եմ ու մենակ… Աղքատացել եմ:
Երազն ու Ադամը նայեցին իրար.
– Մենք հեռանում ենք, որ ավելի մոտենանք ձեզ,- ասաց Ադամը,- մեր այգին դարձավ դրախտավայր, որտեղ յուրաքանչյուրդ կլինեք առավել կարևոր ու սիրելի…
– Ձեր սերը օգնել է, որ մենակ չզգամ ինձ: Որ արթնացումս ողողված լինի լույսով: Ձեր նվիրումը ինձ ուժ տվեց: Դուք իմ հարազատներն եք… Հավատացե՛ք,- ժպտաց Երազը,- հավատացե՛ք, իմ շաղախի մեջ կա նաև ձեր սերը: Երբ մրսել եմ՝ քամին գրկել է ինձ, ծառերը զովություն են պարգևել, թռչունները պտտվել են շուրջս: Պատվանդանը բարձրություն է տվել ու վեհություն… Դուք բոլորդ ապրում եք ձեր բաժին կյանքը… Յուրաքանչյուրիդ մեջ կա սիրտ, որը միշտ պիտի խոսի ինձ հետ և հիշեցնի, որ դրսում եք… Քայլերս ինձ պիտի ձեզ մոտ բերեն…
Երազը խոսում էր ոգևորված, Ադամը նայում էր նրան, իսկ բակի կողքով անցնող քահանան խաչ էր հանում իր դեմքին: Նա ապշահար էր… Մոտեցել էր փայտե ճաղերին և չէր կարող լռել…
– Մինչև հիմա ապավինել եմ Տիրոջ ամենազոր ուժին, նրա միակ արարմանը, բայց արդեն պիտի հավատամ, որ ամեն հեքիաթ ի զորու է իրականանալ, և հրաշքի որոնումը մարդուն զորավոր է դարձնում… Ես տեսա, թե ինչպես բրուտի որդին ստեղծեց էություն ու մարմին: Որովհետև չար ուժը չէր պտտվում նրա շուրջ: Բարությունը, կամքը նրան դարձրին ամենակարող… Մնում է, որ պսակադրության օր նշանակենք: Այս հարսանիքը չի լինելու մյուսների նման: Այն նաև դաս է ու խորհուրդ: Այո՛, մեծ սերն ու հավատը կարող են անհնարինը հնարավոր դարձնել: Մարդու ձեռքերում այդ ուժը կա…
– Հարսանի՜ք, հարսանի՜ք,- երգեցին թռչունները:
Ծառի ճյուղերը սկսեցին ծափ տալ ու պարել…
– Նվա՜գ, նվա՜գ,- աղաղակեցին միաձայն…
Քամին ոգևորվեց, խենթացավ, թևեր առավ ու գնաց լուրը տարածելու…
Պատվանդանը հպարտ էր, որ միշտ կրել է աղջկա ծանրությունը և մոռացել էր, որ ինքը կոճղից էլ վատն է, բայց գիտեր, որ իր վրա դեռ ծաղիկներ պիտի դրվեն մի օր:
Ադամը չէր ուզում, որ աղջիկը հարսի հանդերձ հագներ… Ուզում էր, որ նա զարդարված լիներ թագուհու պես…
Երազը դեռ չգիտեր՝ ինչ է հարսանիքը և զարմացած նայում էր և՛ քահանային, և՛ շրջապատի իրարանցմանը… Հավաքվածները չէին էլ պատկերացնում, թե որքան երջանիկ էին ապրելու Ադամն ու Երազը…
Սամվել ԿՈՍՅԱՆ
ԳՈՒՅՆԵՐԸ
Ե՛վ ծաղիկը գույն ունի,
Ե՛վ երկինքն ու ծովը,
Ծանր-ծանր անցնում է
Ճերմակ-ճերմակ կովը:
Ե՛վ տառերը գույն ունեն,
Ե՛վ խաղալիքն ու ձյունը,
Ամեն ինչ, որ տեսնում եք,
Ունեն իրենց գույնը:
Գույն ունի և ձայնը մեր,
Շատ են գույները,
Կապույտ գույնով են բացվում
Թռչնի թևերը:
Կանաչով են հյուր գալիս
Գարնան ձայները,
Արծաթ աստղը շողալիս
Դառնում է մերը:
Ինչ գույներ կան, ինչ գույներ,
Անվերջ, ամենուր,
Գույն ունի և կյանքը մեր`
Ուրախ ու տխուր:
Արմեն ՇԵԿՈՅԱՆ
Իշուկի ականջներն ու խելքը
Կենդանիներին
Խելք էին բաժանում,
Հերթով գալիս էին,
Բաժին ստանում:
Ամենավերջում
Եկավ իշուկը,
Երբ դատարկվել էր
Խելքի պուտուկը,
Եվ մնացել էր
Մի պուտ, մի պուտ խելք:
Ինչ կար, էն տվին,
Չկար ուրիշ խելք:
Իսկ հաջորդ անգամ
Նա շուտ է գալիս,
Երբ իրենց արդեն
Ականջ էին տալիս:
Գալիս է շատ շուտ,
Ջոկում իր համար
Ականջներ խոշոր,
Երկար ու հարմար
Եվ ուրախ-զվարթ
Վերադառնում տուն:
Ա՜յ քեզ ավանակ,
Ա՜յ քեզ մեծ գիտուն:
Մինչև հիմա էլ
Ուրախ է ու գոհ
Իր ականջներով
Ու մի պուտ խելքով:
ԱՆՁՐԵՎ,
ԱՆՁՐԵՎ, ՄԻ՛ ԱՐԻ
Սովորել եմ դասերս,
Անձրև, անձրև, մի՛ արի,
Ես ընկերներ շատ ունեմ`
Տղաներ քաջ ու արի:
Կռիվ- կռիվ ենք խաղում,
Բայց դու վատ բան չկարծես,
Իրար վնաս չենք տալիս:
Շատ եմ խնդրում, մի՛ արի:
Անձրև, անձրև, մի՛ արի,
Թե չէ մայրիկս էլի
Կվախենա քեզանից
Ու սարսափած կկանչի.
Աշո՜տ, Աշո՜տ, տուն արի:
ՀԱԿՈԲ ՄՈՒՇ
Անտառին շատ մոտիկ հրուշակեղենի մի խանութ կար: Ամեն անգամ, երբ Բրդոտ արջն անցնում էր խանութի մոտով, ախորժակը գրգռվում էր: Նա երկար հոտոտում էր օդն ու փնթփնթում.
– Ա՜յ, թե բուրում են թխվածքները:
Եվ մի օր էլ Բրդոտը չկարողացավ իրեն զսպել, մտավ խանութ ու խոհարարին խնդրեց, որ իրեն մի կտոր թխվածք տա: Խոհարարն արջին հասկացրեց, որ առանց դրամի թխվածք չի կարող տալ: Արջն օրեր շարունակ կանգնում էր հրուշակեղենի խանութի մոտ ու մտածում.
– Հըմ, դրամ որտեղի՞ց ճարեմ:
Երկար խորհելուց հետո նրա գլխում մի միտք ծագեց:
Նա անտառից մի հաստաբուն ծառ կտրեց, այն քարշ տալով հասցրեց շուկա և վաճառեց: Հետո հրուշակեղենի խանութից մի տորթ գնեց ու վերադարձավ անտառ: Անտառում բնակվող կենդանիները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է տորթ գնել:
Բրդոտն ամեն ինչ պատմեց նրանց:
– Ուրեմն, մենք նույնպես կարող ենք տորթ գնել,- ուրախացած աղմկեցին կենդանիները:
Ամեն մի կենդանի կտրեց իր բնի մոտ աճած ծառն ու տարավ շուկա: Ծառերը վաճառելուց հետո նրանք մտան հրուշակեղենի խանութ ու գնեցին տարբեր տեսակի թխվածքներ: Երբ կենդանիները կերան, վերջացրին համեղ, շատ համեղ խմորեղենը, տեսան անտառի բոլոր մեծ ու փոքր ծառերը կտրված են: Անտառը ոչնչացել է, իսկ տեղը մնացել են անթիվ քանակությամբ կոճղեր: Արջը մինչև այսօր մտածում է, թե ինչ եղավ անտառը, չէ՞ որ ինքն ընդամենը մի ծառ է կտրել: Նույնը մտածում են մյուս կենդանիները:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՐԿԱՏԱՆԸ
Մի շատ հին քաղաքում մի շատ հմուտ դերձակ է լինում: Դերձակին սիրում են բոլորը՝ թե՛ հարուստները, թե՛ աղքատները, թե՛ մանուկները, թե՛ ծերերը: Սիրում են, որովհետև հմուտ լինելուց բացի, նա նաև պարտաճանաչ էր, միշտ խոստացած օրը, խոստացած ժամին սիրով մարդկանց տալիս էր պատվիրված հագուստը՝ խնամքով ու որակով կարած: Ճիշտ է, դերձակն աշխատանք ուներ ու մարդիկ իրեն սիրում էին, բայց նա միշտ տխուր էր: Տխրում էր, որովհետև երեխաներ չուներ ու հաճախորդներն էլ տխրում էին, որ իրենց սիրելի դերձակը միշտ տխուր է լինում:
Մի անգամ, երբ կարում էր հերթական զգեստը, այդպես տխուր, մտքերի հետ հանկարծ դերձակի ուշադրությունը շեղվեց, ու ասեղը խրվեց ձախ ձեռքի ցուցամատի մեջ: Նա ցավից հոնգուր-հոնգուր լաց եղավ, ասեղն ու զգեստը շպրտեց մի կողմ ու որոշեց, որ այլևս էլ կար չի անելու: Այդ պահին դերձակի դեմ դիմաց, որտեղից որտեղ հայտնվեց մի աղջնակ: Նա քնքշորեն ժպտաց դերձակին, շոյեց վիրավոր ձեռքը և ասաց՝ հիմա կլավանա:
-Ո՞վ էս դու,- ուրախությամբ հարցրեց դերձակը:
-Ես Կարկատանն եմ,- վստահ ու ժպիտով պատասխանեց աղջնակը:
-Որտեղի՞ց հայտնվեցիր, Կարկատա՛ն,- զարմացած հարցրեց դերձակը:
-Հագուստի միջից,- դարձյալ վստահ պատասխանեց Կարկատանը:
-Հագուստի՞,- զարմացավ դերձակն ու շարունակեց,- դրա համա՞ր է անունդ Կարկատան:
-Այո,- հրճվանքով պատասխանեց Կարկատանն ու փաթաթվեց դերձակին:
Այդ օրվանից դերձակն ու Կարկատանը միասին ապրեցին, և շատ երջանիկ էին: Երջանիկ էին նաև դերձակի հաճախորդները, որ իրենց սիրելի դերձակը գտել էր Կարկատանին:
Անցան շատ օրեր: Մի անգամ քաղաքում շատ շոգ էր, անձրև չէր տեղում, խմելու ջուրը սկսեց սակավանալ, ու մարդիկ ուր որ է խեղդվելու էին շոգից ու ծարավից: Դերձակն ու Կարկատանն իրենց արհեստանոցում մտահոգված կար էին անում, երբ Կարկատանը միանգամից թողեց գործը ու դերձակին ասաց.
– Ես գնում եմ անձրևի ետևից,- ու դուրս եկավ:
– Ինչպե՞ս,- վախեցած ասաց դերձակը և հետևեց Կարկատանին:
Կարկատանը մի ոստյունով ցատկեց արհեստանոցի տանիք, այնտեղից էլ՝ երկինք: Նա սկսեց իրար գլխի հավաքել ամպերն ու կարկատել: Այնքան կարկատեց, մինչև երկինքն ամբողջությամբ ծածկվեց ամպերով: Հետո Կարկատանը կտուրով իջավ երկնքից, ու երկնքում մի բան տրաքվեց: Որոտ էր, ու հետո հորդ անձրև տեղաց: Մարդիկ ուրախացած վազում էին անձրևի միջով, գովեստի խոսքեր ասում, գրկում- թռցնում էին Կարկատանին:
Հետո էլի շատ ու շատ այդպիսի փորձանքներ եղան քաղաքում, ու Կարկատանը առանց հապաղելու վերացնում էր դրանք: Մի անգամ ուժեղ քամին տակնուվրա էր անում քաղաքը, օրերով չէր դադարում: Քաղաքացիները հավաքվեցին, եկան Կարկատանի մոտ.
– Մի ճար արա՛, քաղաքը կործանվում է,- ասացին նրանք:
Կարկատանը գնաց, գտավ քամու բերանը և կարկատեց: Քամին դադարեց փչելուց, իսկ քաղաքում տոնակատարություն սկսվեց:
Անցան շատ տարիներ: Դերձակը ծերացավ ու թողեց իր սիրած զբաղմունքը, իսկ Կարկատանը ինչպես հայտնվել էր, այնպես էլ մնում էր, չէր փոխվում: Մի առավոտ, երբ դերձակն ու Կարկատանը թեյեցին, հետո Կարկատանը մոտեցավ ծերացած դերձակին, պինդ գրկեց, համբուրեց նրան, մոտեցավ շորերի կապոցին ու անհետացավ դերձակի աչքից:
Երբ լուրը տարածվեց քաղաքում, մարդիկ շատ տխրեցին: Հետո իրենց քաղաքում տեղադրեցին Կարկատանի արձանը: Այդ օրվանից քաղաքում աղետներ չէին լինում, ու երբ ասենք երաշտ էր սկսվում, անմիջապես անձրև էր տեղում, ու մարդիկ ասում էին. «Կարկատանը նորից երկինք է բարձրացել»:
Անահիտ ԹԱՐՅԱՆ
ՊԻՆԳՎԻ՞Ն, ԹԵ՞…
Հեռուստացույցն ամբողջ մի ժամ
Պինգվինների մասին պատմեց.
Հայկը դիտեց հոժարակամ,
Շատ էր ապշած,
զարմանքն էր մեծ:
Հուշիկ քայլքով, փիսիկի պես,
Փոքրիկ քույրը եկավ: -Արու՛ս,-
Դիմեց Հայկը,
– ի՞նչն է, որ, պը՜զզզ,
Ջրից արագ թռչում է դուրս:
Մի խե՜ղճ փոքրիկ
և մի բարդ հարց.
Նույնիսկ հայտնի չէր առիթը…
Մեկ էլ Արուսն ուրախ ժպտաց.
-Պզաթի՜ռն է, պզաթի՜ռը…
Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՋԻ ԲՈՂՈՔԸ
Այդպես խոլոռ մի՛ նայեք
Իմ ծուռ ու մեծ թաթերին,
Անճոռնի եմ դրսից ես,
Ներսից եմ նուրբ ու բարի:
Չեմ վնասում ուրիշի
Եվ ագահ չեմ գայլի պես,
Եթե կեր էլ չլինի,
Իմ թաթերն եմ ծծում ես:
Մեղր շատ եմ սիրում, շատ,
Ինչ թաքցնեմ ձեզանից,
Երբ չի լինում դիմանալ
Մեղվանոց եմ գցում ինձ:
Ու երբեմն նեղանում
Կարծիքներից միամիտ,
Բա մեղր ու տանձ ուտողին
Կասե՞ն անտաշ ու կոպիտ:
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՇՆԱՆ ՔԱՄԻՆ
Անձրևի հետ շատ է հարմար՝
Քամին գույներ է շալակում.
Ես տխրում եմ,
Որ ինձ համար
Զվարճալի երգ կա պարկում:
Այս պատկերը թռչող մուժ է,
Թե մոտենամ՝
Նա կփախչի,
Եվ ես ինչպե՞ս պարկը ուզեմ.
Քամին Ձմեռ Պապի հո չի՞:
Սվսվում է,
Ասածն ի՞նչ է,
Չե՛մ հասկանում նրա լեզուն,
Պարկը տարավ՝ իբր քի՜չ է,
Հետն էլ ինչ-որ բան է ուզում:
Բայց մնում է մի սփոփանք.
Կարդացել եմ մի առակում,
Որ հիմարը ինչ էլ ասի՝
Իմաստունը չի՛ առարկում:
Առու
Շորորում է առուն
Նման սիրուն լորի,
Որ հսկա անտառում
Աճի մոշ ու մորի,
Գտնում մի արահետ
Հասնում է մի որջի.
Ես գնամ նրա հետ
Որ հանկարծ չկորչի:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ
Սիրելին եմ արևի,
Պտտվում է իմ գլխով,
Իմ պսակի թերթերի
Գույնը ունի ամեն շող:
Ձգվում եմ սիրով նրան,
Աչքս հառած երկնքին,
Արևն ինձ է շատ նան՝
Նայեք իմ աչք ու հոնքին:
ԳՈՐՏՆ ՈՒ ԾԻԱԾԱՆԸ
Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ
Գորտը հետո հասկացավ, որ կյանքը հրաշալի է, բայց թևավոր նժույգ չէ: Արևը ուղտի սապատների մեջտեղով է ընկնում Երկրի վրա ու շողշողում:
Տխրեց, տխրեց ու կռռաց:
Նա մի հույս էր փայփայում. «Անցնել ծիածանի տակով. ամեն ինչ լավ կլինի: Ես տղա կդառնամ, ու իմ կռռոցը հասկանալի կդառնա մարդկանց»: Սպասեց-սպասեց, իսկ ծիածան չկար ու չկար:
Չէր էլ հիշում, թե ծիածան երբ էր տեսել: Որոշեց գնալ ծիածան փնտրելու: Ճանապարհ ընկավ: Վերջապես հասավ մի լճակի: Զուգադիպություն էր: Լճակում նավակ կար, որով երիտասարդ զույգը ուզում էր անցնել մյուս ափ:
Տեսածի համար գորտը շատ ուրախացավ. «Լավ է, կշփվեմ մարդկանց հետ, և ճանապարհս հեշտ կլինի»:
Նավակում մարդկանց հետ շփվելու ժամանակ գորտի մարդ դառնալու ցանկությունը ավելի ուժգնացավ:
Լճակի մյուս ափը նույնն էր: Նա խոտ ու ծաղիկների միջով դես ու դեն էր ցատկոտում, հարցնում ում պատահի, նույնիսկ քար ու թփին: Թեև առավոտվա շաղով լոգանք ընդունած ծաղիկները բուրում էին գայթակղիչ, բայց ոչ ոք չգիտեր՝ որտեղ է ապրում ծիածանը:
Ագռավը, որ դուրս էր եկել զբոսանքի ու տիրակալ էր հանդում, իմացավ գորտի ուզածը, սկզբում ծաղրեց, հետո խորհուրդ տվեց դիմել մեղվին:
-Միայն մեղուն, մեղուն կարող է քեզ օգնել, եթե կարողանաս հաճոյանալ նրան:
Իրատես էր մեղուն: Նա գիտեր, որ մեղր արարելը միայն աշխատանքի արդյունք է: Ծարավը չէր հագեցնում հոսող գետում, նույնիսկ առվում, բավարարվում էր թաց տախտակի վրա եղած խոնավությամբ, իսկ անձրևը դեռ չեկած՝ իր փեթակում էր:
Գորտի՝ ծիածանի տակով անցնելու որոշումը անհեթեթություն համարեց, ծույլ երազողի անհեթեթություն: Երբ գորտն ու մեղուն զրուցեցին, մեղուն հետո կռահեց, որ ծիածանի տակով գորտի անցնելը միայն մի նպատակ ունի, որ մարդիկ տարբերեն գորտի Ոչ-կռռոցը Այո-կռռոցից, ուստի որոշեց օգնել նրան:
-Ծիածան: Ծիածանը շաղի ու նեկտարի բույր ունի,- ասաց մեղուն,- քեզ կարող են օգնել միայն թիթեռները:
Թիթեռները խոստացան օգնել գորտին, եթե իրենց ապրած օրը բավականացնի: Թիթեռները հավաքեցին առավոտվա շաղը ծաղիկների թերթերից ու ճամփա ընկան: Ու ձուլվեցին ամպերին: Գորտը, սիրտը գրկած, կուչ եկավ մի քարի տակ՝ սպասելով թիթեռների վերադարձին: Երբեմն-երբեմն թույլ կռռում էր: Նրա կռռոցը աղոթք էր հիշեցնում:
…Երբ կտրվեց անձրևը, ու արևը ծիածանը մոտեցրեց քարի տակ ծվարած գորտին, նա արդեն դոդոշ էր դարձել: