Դողացող ու վարանոտ ձեռքերով վառեց լուցկու հատիկը, երկու վայրկյան պահեց՝ գցե՞լ նավթոտ հատակին թե… Շատ կարճ ժամանակ էր տվել թշնամին՝ անմիջապես լքել տունն ու գյուղը, այլապես… Էդ «այլապեսը» ամբողջ օրը կախաղանի պարան դարձած՝ սեղմում էր կոկորդը. «Ինչպե՞ս թողնեմ սեփական ձեռքով կառուցած տունս թշնամուն, ես էլ վառեմ շատերի պես…»: Չզգաց, որ լուցկու վառվող հատիկը, իր ցուցամատը վառելով, հանգել էր: Ցավը չէր զգացել։ Վառեց երկրորդը: Հատակին լցրել էր իր սիրելի գրքերը: Հատակն իր վառվող լուցկու հատիկին էր կանչում: Այս անգամ արագ վառեց ու անմիջապես… փչեց։ Պատի լուսանկարից եղբոր՝ Մեսրոպի հայացքը մոլորեցրեց իրեն: Վազեց, նկարը զգուշորեն պոկեց պատից, դրեց ճամպրուկը: Աչքերի խոնավությունը կաթիլներ դարձան. «Մեսրո՛պ ջան, քո եղերական մահը Թալինի Կաքավաձորից ինձ Քարվաճառ բերեց, եկա, որ կիսատ գործդ շարունակեմ…»: Հուշերի ծանր վարագույրը իջավ կոպերին…
– 1992- ին Լաչինի Ղոչազ գյուղի մոտ՝ Ուխտասարում զոհվեց Մեսրոպը։ Տղաների մարմինները մնացին ձյան տակ։ Հայրս արդեն տարիքով էր, բայց ֆիդայու շորեր հագավ, զենք վերցրեց, գնաց որդու մարմինը գտնելու և նրա վրեժը լուծելու։ Երբ գարնանը ձյունը հալվեց, տղաների մարմինները երևացին։ Ամիսներ էին անցել, բայց Մեսրոպի դեմքը զարմանալիորեն շատ քիչ էր փոխվել։ Հայրս հեռվից ճանաչում է Մեսրոպի դեմքը և վազում գրկելու որդու մարմինը։ Գեներալն անմիջապես գոռում է. «Տոնակա՛ն, ձեռք չտաս, եթե մարմինը այդպես պահպանվել է, մի բան կա»։ Ստուգում են, Մեսրոպի ոտքից թշնամին կախել էր մի մեծ ական, որ վերցնելու պահին մի քանի հոգի էլ զոհվեն։ Կենդանական բնազդով ականից զգուշանալով՝ գիշատիչները չէին հոշոտել նրա դեմքը: Այդտեղ ականը վնասազերծելու անհրաժեշտ սարքեր չկային։ Գեներալը բացատրում է, որ ստիպված պետք է ականը պայթեցնել։ Հայրս կարոտից վառվում էր՝ «Գոնե այս վիճակում գրկեմ նրան, մի՞թե կրկին պիտի սպանեն որդուս՝ այն էլ իմ ներկայությամբ»։ Ստիպված հեռվից դիտում է։ Ականը պայթեցնում են։ Մեսրոպի մարմինը մի քանի մետր բարձրանում է և բզկտված ընկնում գետնին։ Նույն պահին հայրս ընկնում է գետնին՝ ծանր ինսուլտ է տանում… Հետո նրանց մեր տուն բերեցին՝ Մեսրոպին փակ դագաղով, հորս՝ կենդանի, բայց հոգով արդեն մեռած։ Փակ դագաղով նրա մասունքները, իբրև նշխար, տվեցինք մայր հողին։ Ծննդավայրի դպրոցը կոչվեց Մեսրոպի անունով, իսկ հայրս, ով երկար տարիներ ղեկավարել էր այդ դպրոցը, արդեն ներս էր մտնում որպես հերոս զինվորի հայր ու դուրս գալիս արձանին հերթական մնաս բարով ասում։ Հետո մյուս եղբորս՝ Հրահատին որդի ծնվեց, և հայրս թոռան անունը Մեսրոպ դրեց։ Դողդոջուն ձեռքերով գրկում էր Մեսրոպ թոռանը, աչքերը փակում՝ կարծես երկու Մեսրոպներին էր գրկում՝ «Տե՜ր Աստված, գոնե էս մեկին պահպանիր»։ Մի օր չորսամյա փոքրիկ Մեսրոպը կտուրին խարույկ է անում և չի կարողանում փախչել։ Օգնություն է կանչում, բայց անդամալույծ դարձած պապն անկարող էր օգնել։ Աչքերի առջև վառվում է որդի Մեսրոպի անունը կրող Մեսրոպ թոռը։ Հետո հորս տանջված մարմինն էլ մեռավ, հոգին վաղուց մեռել էր Մեսրոպին կապած արկը պայթեցնելու պահին։ …Որոշել էի եղբորս սկսած «Հայկական այգեստան» մեծ գորգն ավարտել ու նոր Ղարաբաղ գնալ: Ծննդավայրիս դպրոցում փոխտնօրեն էի: «Ֆիդայի» երգի-պարի խումբ էի ստեղծել, հանրապետական մրցանակներ էի շահում…
Հուշը չքացավ։ Պատի լուսանկարից Մեսրոպի աչքերը ճչում էին, Ռուզանը անկապ շարժումներ էր անում՝ «Տունս վառելով՝ ես ինձ եմ վառում՝ ինքնահրկիզում է… Իսկ գուցե թողնեմ այդպես, անշուշտ՝ կվերադառնանք»: Ուզում էր հավատալ վերադարձին, որ չվառի… Ռուզանի աչքերը մեխվեցին իր անկողնուն: Էդ պահին հիշեց ընկերուհու վերջերս կեսկատակ, բայց ստուգողական հայացքով ասած խոսքը՝ «Որ հանկարծ թշնամին գրավի գյուղը, Ալիևը մտնելու է քո ննջարանը, այս անկողինը: Նրանք պղծելու են քո անկողինը, Տեր Աստված…»: Մտավ ննջարան, գրկեց վերմակն ու ներքնակը, տարավ այգի ու դրեց ծիրանի ծառի տակ: Մտամոլոր մտավ սենյակ: Վառեց լուցկու հատիկը և ուզում էր նետել գրքերին, աչքը քարացավ Նժդեհի ու Անդրանիկի գրքերի նկարներին: Հանգցրեց թրթռացող կրակը, կռացավ, ներողություն հայցող մտքերով գրքերից պոկեց նկարները, դրեց ճամպրուկը: Արագ վառեց մի նոր հատիկ ու անմիջապես նետեց նավթոտ հատակին: Խոնավ էր, չկպավ: Գուցե ինքն էլ էր այդպես ուզում՝ ինչ լավ է, որ խոնավ էր: Դառնացավ՝ «Էս ի՞նչ եմ անում, Մեսրոպը կների՞ ինձ, բայց գուցե ինքն էլ կկամենար վառել ամեն ինչ: Հիշողության թելը Ռուզանին կրկին տարավ ծննդավայր:
– Մերոնք դեմ էին իմ գնալուն՝ մենակ աղջիկ, չորս կողմը վտանգ ու մահ: Ընդամենը Վերաբնակեցման կոմիտեից տեղեկացել էի, որ Քարվաճառի Նոր Կարաչինար գյուղում դպրոց և ուսուցիչ չկա, ուղղակի՝ պետք էր հիմնել: 2001 թվականի հունվարի 14-ին Թալինի Կաքավաձորից ես հասա Քարվաճառի Նոր Կարաչինար գյուղը։ Երեսուներկու տարեկան էի, երազանքներն ընկել էին իմ ետևից, իսկ ես չգիտեի որին հետևեմ… Եվ Արցախում դպրոց հիմնելն ու ուսուցիչ աշխատելը դարձավ իմ ամենանվիրական երազանքը։ Գյուղը վերաբնակեցվել էր Հայաստանից եկածներով, և դպրոց չկար: Գյուղապետարանում տարածք հարմարեցվեց, ես հավաքագրեցի 18 երեխա: Եթե դպրոց չստեղծվի, մարդիկ կհեռանան, կկորցնենք գյուղն ու հողը: Առավոտյան շտապում էի, որ հանկարծ չուշանամ: Ախր տնօրենն էլ ես էի, ուսմասվարն էլ, ուսուցիչն էլ, բոլոր առարկաներն էլ ես էի պարապում, նույնիսկ օտար լեզուներն էլ: Գիտեմ անգլերեն, ռուսերեն, նույնիսկ՝ թուրքերեն: Մեկ տարի ձրի աշխատեցի, ինձ զինվոր էի զգում, Մեսրոպն էլ իմ հրամանատարն էր, երազում նրան զեկուցում էի արածներիս մասին։ Տասը ամիս հետո նոր դպրոց կառուցվեց: Կարաչինարից մինչև Քարվաճառ մոտավորապես հիսուն կիլոմետր էր։ Մատյաններ, գրքեր ու այլ պարագաներ բերելու համար գյուղացիների հետ ոտքով գնում էի կենտրոն և վերադառնում, գյուղը մեքենա չուներ: Պատահել է՝ ճամփին կոշիկս պոկվել է, բոբիկ եմ շարունակել ճամփան: Դպրոցից բացի, աչքիս ինքնամոռաց ոչինչ չէր երևում՝ ո՛չ սեր, ո՛չ ընտանիք ստեղծել, ո՛չ զավակ ունենալ…
Ռուզանը շտապ դուրս եկավ, վազեց դպրոցի ուղղությամբ։ Ոչ մեկը չկար։ Մտավ ուսուցչանոց, գրկեց մատյանները։ «Գուցե դպրոցի շենքն էլ վառե՛մ, անտոհմ քոչվորները հաստատ անասնագոմ կդարձնեն»,- ինքնարդարացման պատճառը գտավ ու հանեց լուցկին։- Էս ի՞նչ եմ անում, իմ զավակ դպրո՞ցն եմ վառելու։ Ների՛ր, իմ պաշտելի դպրոց, չհավատա՛ս, որ կվառեմ, պարզապես եկա քեզ մնաս բարով ասելու. չէ՛, ավելի ճիշտ՝ ցտեսություն, մենք անպայման կգանք, ու դու նորից կլցվես խոսք ու ծիծաղով։ Դու ապրիր։ Ես քո զինվորն եմ, հարազա՛տս, դիմացի՛ր։ Մեզ բացակա չդնես»։ Ակամա մատը դրեց զանգին, ուզում էր սաներին կանչել։ Մատը դողաց, արյունը քարացավ ցուցամատում։ Ցավը կախվել էր կոկորդից, յաթաղանի պես թրատում էր, մշուշով վարագուրեց աչքերը։
– Վարչակազմի ղեկավարը համառորեն փորձում էր կոտրել համառությունս, թելադրել ուսուցիչների նշանակման գործում, ես առարկում էի, չնշանակեցի իրենց ոչ մասնագետ կադրին: Սկսեցին լարվել ինձ հետ: Մեկ ամիս հետո ինձ ասացին, որ չպետք է աշխատեմ տնօրեն, ուրիշ մարդ բերեցին: Կամենում էին առաջին հերթին յուրայիներին տեղավորել: Հետո վարչակազմի ղեկավարը փոխվեց։ Ստուգումների եկան, տեսան, որ վիճակը վատ է, իրենց բերած տնօրենին հանեցին, նորից ինձ նշանակեցին: 4 տարի էլ աշխատեցի, նորից ինձ ազատեցին գործից: Ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուի օգտին ընտրողներին չուղղորդելու համար:
Քարվաճառի դպրոցներում ստուգումներ կատարելու ժամանակ գալիս էին հատկապես մեր դպրոցը՝ հրաշալի կահավորված էր գոբելեններով, ուղղակի՝ թանգարան էր։ Երեսունութ աշակերտ ունեի։ Հետո կրթության նախարարը փոխվեց, իրենց մարդուն բերեցին տնօրեն։ Ամեն հնար օգտագործում էին ինձանից ազատվելու։ Գուցե համարձակությունս վարվելակերպի սահմաններն անցե՞լ է, և այդչափ ազատությունը թանկ էր նստում ինձ վրա. մի՞թե ես նրանց համար յուրային չեմ։ Արհմիության ուղեգիր բերեցին, հարցրին, թե ով կգնա հանգստանալու, ցանկություն հայտնեցի։ Գրեցի դիմում, բայց չէին ստորացրել։ Դրել էին բացակա և հեռացրին աշխատանքից։ Դիմեցի դատարան, բայց դատավորը իրենց մարդն էր, չշահեցի։ Հարցազրույց կազմակերպեցին, Նոր Կարաչինարից տեղափոխվեցի հարևան Խարխափութի դպրոցում աշխատելու։ Նոր Կարաչինարից երեք կիլոմետր էր հեռու, ոտքով գնում-գալիս էի…
Ռուզանը մի պահ հուշերից սթափվեց, արդեն տուն էր հասել։ Դառնությամբ նայեց իր կառուցած գեղեցիկ խոհանոցին ու սենյակին… Քարերը ծննդավայր Կաքավաձորից էր բերել Քարվաճառ, ամենագեղեցիկ տունն էր կառուցել: Ինչ-որ բան էր անորոշ որոնում, աչքին կացինը ընկավ։ Վերցրեց ու սկսեց ջարդել դռները, լուսամուտները… Հետո հավաքեց իր ձեռքի աշխատանքները, ֆիդայիների նկարները։ Ուր որ է կերևան թշնամիները, պետք էր շտապել: Լուցկու հերթական վառվող հատիկը հրաժեշտի հայացքով նետեց հատակին: «Այ քեզ բան, տունս չի ուզում հրդեհվել, գուցե նա՞ էլ վերադարձի հույս ունի…»։
Անկապ շարժումներ էր անում։ Փորձեց գրքերի կույտին նետել լուցկու հատիկը: Ճչաց ու ակամա բերանում մարեց վառվող հատիկը։ Լեզուն այրեց, բայց ցավ չզգաց։ «Էս ի՞նչ եմ անում, էս գրքերն իմ կյանքն են, ինքնասպա՞ն եմ դառնալու»,- դողացին մատները: Աշակերտներից մեկը վազելով եկավ և հայտնեց, որ գյուղը դատարկելու ժամկետը երկարացվել է մինչև Մոնթեի ծննդյան օրը։ «Տե՜ր Աստված, թուրքերն ու ադրբեջանցիները սիմվոլներ շատ են սիրում, նախապաշարումներ ունեն և կամենում են հենց Մոնթեի ծննդյան օրը գյուղը վերցնել»,- Ռուզանը սարսուռ զգաց, մաշկը փշաքաղվեց, ատելության մաղձն ու զզվանքը զայրույթի անզոր կաթիլներ դարձան ու հոսեցին սիրտը։- Ես ասում էի՝ մեզ զենք բաժանեք, դուրս չենք գա, ամոթ է։ Մի խոսքի չեկան: Էս ե՞րբ էսքան նվաստացանք»։ Վերջին բառերը բարձր ասեց, որ արձագանքը մնա իր չվառվող տանը։ Ամոթով հիշեց, որ նախորդ օրը գնացել էր Վարդենիս մեքենա պատվիրելու՝ ընդամենը մի քանի ճամպրուկ տեղափոխելու համար։ Ում դիմել էր՝ 300000 դրամ էին պահանջել։ Դառնացած ետ էր եկել։ Չուզեց եղբորը կանչել, որովհետև տարածքն արդեն ականապատում էին, չկամեցավ փոքրիկ Մեսրոպին կորցրած հորը վտանգել: Իսկ Քարվաճառում արդեն անտերություն էր… Դա 2020 թվականի նոյեմբերն էր, Մոնթեի ծննդյան օրը…
– Գյուղացիներից մեկի «Գազելում» 2-3 ճամպրուկներս տեղավորեցի ու իմ հայրենիքում դարձա գաղթական… Այդ պահին հասկացա գաղթական Բաղդասար պապիս հոգեվիճակը Սասունի Խութ-Բռնաշենի Ընկուզիկ գյուղը թողնելիս… Պապս հայտնի սնխչի եղբայրների՝ Կրկոյի ու Հակոբի հետ միանում է Անդրանիկ Զորավարի զորքին, երկու տարի թափառում և որոշում են տունուտեղ ստեղծել Թալինի Կաքավաձոր գյուղում: Արագածի փեշին է, Արարատն էլ դիմացը, աչքն էլ Էրգիր վերադարձի ճամփին է։ 1937-ին չոլում գործ անելիս էնկավեդեի գործակալները պապիս կալանվորում են որպես «Ժողովրդի թշնամի»։ Կրկոն Թալինի շրջանում արդեն հայտնի սնխչի էր։ Ձին նստում է ու մի շնչում հասնում շրջկենտրոն։ Շնչակտուր ներս է մտնում ու ձիու մտրակով խփում միլպետին՝ «Մոռացա՞ր, որ երեկ քո մոր կոտրված ոտքը կապեցի, ես քո մոր ոտքը… Էրեկ թուրքից փախանք, էսօր էլ դո՞ւք»։ Կրկոն խենթացել էր… Չեն ուզում Կրկոյին կալանավորելով՝ մեծ աղմուկ բարձրանա։ Գաղտնի ժողով են անում, մտածում են՝ Բղդոն հիվանդ մարդ է, մեծ վերքը բաց, տանեն, մեկ է՝ ճամփին կմեռնի, Կրկոն էլ ոչ մեկիս չի օգնի, բոլորս անբժիշկ կմնանք։ Մեկ շաբաթ հետո պապիս թողեցին…
– Քույրի՛կ, ձեր տունը գյուղի ո՞ր մասում է,- մեքենայի ընթացքը դանդաղեցնելով՝ հարցրեց վարորդը։
– Ես տուն չունեմ, ես գաղթական եմ, պապս գաղթական է,- ակամա պատասխանեց Ռուզանը։- Քշիր դպրոցի մոտ, ախպորս տեսնեմ։
Դանդաղ, մեղավորի պես մոտեցավ Մեսրոպի արձանին, փաթաթվեց, շուրթերը հազիվ շշնջացին՝ «Ներո՛ղ եղիր, ախպե՛ր ջան, մենք քո վրեժը չկարողացանք լուծել, ես էլ գաղթականի պես տուն վերադարձա։ Ասում են՝ հույսը վերջում է մեռնում, հայի հույսը երբեք չի մեռնում, դիմացիր…»։ Հայրական տան ճանապարհին հուշերը Ռուզանին տարան պապի տուն՝ Էրգիր…
– Որոշել էի գնալ Արևմտյան Հայաստան՝ Սասունի Ընկուզիկ գյուղը, պապիս տուն: Եղբորս՝ Հրահատին խաբել էի, որ գնում եմ Բորժոմ՝ հանգստանալու: Մեն-մենակ անցա Թուրքիայի սահմանը, պապիս գաղթած ճամփաներով հասա պապիս տուն: Մեր տանը քրդեր էին ապրում: Բացատրեցի, որ սնխչիների ընտանիքից եմ:
– Հա՜, դոկտոր Մխիթարի, Կրկոյի, Բաղդասարի ցեղի՞ց ես, մի կտոր հաց կիսենք,- առաջարկեց քուրդը:
– Ես ձեր հացը չեմ կիսի,- նեղացած մերժեցի:
– Ձերոնց գերեզմանները քանդել են, ոսկի են փնտրել, հնարավոր է գտել են: Դու ոսկու համա՞ր ես եկել,- խուզարկու հայացքով նայեց քուրդը:
– Իմ պապի ոսկին ձեզ ու թուրքին է մնացել, դուք եք քանդել:
Քրդի աչքերը արնակալեցին, բայց զսպեց իրեն և պատմեց, որ սնխչիները իրենց ընտանիքին շատ են օգնել, միասին հաց են կիսել, չեն մոռանում, բոլոր քրդերը մարդասպան ու թալանչի չեն, շատ հայերի կոտորածի ժամանակ թաքցրել են իրենց տներում…
Հրահատի ձայնը սթափեցրեց Ռուզանին: Գրկեցին իրար ու այդպես երկար մնացին առանց բառ ասելու: Խոսքերը արցունքի հետ, աչքերի ճամփան մոռացած՝ սիրտն էին լցվում: Աչքերում տեղ չկար, այնտեղ իր չվառած, բայց իր ձեռքով վերքոտած տան պատկերն էր:
– Հրահա՛տ, հասկանո՞ւմ ես, չկարողացա վառել տունս, ես բարբարոս չդարձա… Տանս փոխարեն սիրտս վառեցի…
Ծննդավայրի դպրոցում հոգեպես անկարող էի աշխատել: Տեղափոխվեցի Երևանին մերձակա Պռոշյան բնակավայրը, սասունցիների մեջ: Աշխատանքի անցա Երևանի 118-րդ դպրոցում աշխատանքի: Երբ ՆՈՐ բառով կամ Կ տառով օրինակներ էի բերում, ինքնաբերաբար ասում էի՝ Նոր Կարաչինար… Մի քանի անգամ այդպես զարմացրեցի աշակերտներիս: Երեխաները հարցական իրար էին նայում՝ «Էս Ռուզաննա Մխիթարյանը ուրիշ բառ չգիտի՞»: Հետո իմացան պատմությունը: Երբ ակամա այդ բառը ասում էի՝ նրանք իմ աչքերի խոնավությունն էին նկատում:
Իսկ ես չգիտեմ, թե երբ կչորանա աչքերիս խոնավությունը…