Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ԱՐԹՈՒՆ

Աչք չփակեցի

քառասունչորս օր ու գիշեր.

հետո՝ աչքս ընկավ հայելուն –

հորական տատիս տեսա,

հետո երկար մազերս կտրեցի ու

գլխիս ձյունը թափ տվի.

մրափի մեջ հետո վերապրեցի

ամբողջ մղձավանջը…

 

Եռաբլուր առաջին ուխտիս

հազար անգամ թաղվեցի…

 

Բազմաբլուր՝

ցավից բազմաբեկոր խոցոտած

հոգիս այնտեղ է դեռ,

իսկ միտքըս՝

մարմնիս փշրանքները

թողած ցան ու ցիր՝

սահմանի դիրքից դիրք

նշանառվող կրակի տակ

դիպուկահար է հենց հիմա…

 

Չեմ քնում –

չեմ արթնանում պատերազմից…

 

Մեր երազանքին աչք տնկած դևը

առևանգել է նախ մեր երազները…

Մղձավանջ է միայն կոպերիս տակ.

 

Բաց աչքերով

հանգչում եմ մեկ-մեկ աներազ՝

կազդուրելու համար

վտիտ մեր երազանքը՝

որ իրագործենք քայլ առ քայլ,

քայլ առ քայլ՝

օրհնությամբ վերևի…

 

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Խոտի աճն եմ զգում

ձեր շիրիմի վրա՝

փշաքաղված մաշկիս,

ճերմակ վարսերիս մեջ.-

 

Փուշը՝ խորունկ խրված,

եղունգներիս տակից

հողն արցունքիս խառնած՝

անտանելի կսկիծ…

 

Ցավի գույնն է կարմիր,

և սև՛, և՝ ավելի

զարմանալի կանա՜չ՝

աճող խոտի հանգույն.

 

Ես վիրավորն եմ՝ այդ

կանաչ դաշույնների,

որ ձեր շիրիմներից

իմ սիրտն են խոցոտում…

 

ԱՂՈԹՔԻՑ ԱՌԱՋ

Ամեն գիշերվա աղոթքից առաջ,

Տե՛ր, ես ավելի  ի՛մ սիրտն եմ քննում

և Քո սիրո մեջ

տեսնում եմ սերը իմ Հայրենիքի,

որի ոգուց ինձ հոգի ես տվել՝

երբ ծնողներիս ազնիվ արյունից

բխեցրել ես ինձ, և՝ երբ

Քո շնչից ինձ շունչ ես տվել՝

Քեզ ճանաչելու…

 

Ուրեմն, որքա՜ն բնական է, որ

Քեզ՝ Քո մեծ Սիրով,

խնդրեմ փրկությունն  իմ Հայրենիքի…

 

Պաշտպանի՜ր մեզ, Տե՛ր,

կասեցրու չարին,

թշնամուն կանխիր  հենց իր մտքի մեջ,

դավադիրներին,  բանսարկուներին

հեռու տար մեզնից,

մոլորյալներին  հրաշք դարձի բեր…

 

Տե՜ր, վաղվա օրը

թող պայծառ լինի  իմ Հայրենիքի,

արդարությունը   հաղթի կեղծիքին,

Քո ժամանակի ծիրում՝

իմ ազգը տևի կերպարով

ու նմանությամբ Քո հղացումի,

և թող Քո փառքի   նոր մատյան գրվի –

Ցնծության Մատյան՝   իմ Հայոց Լեզվով…

 

 

ԱՐԱՐՉԱԿԱՆ

 

Ա

Եթե լույսը լո՛ւյս չկոչվեր,

Կամ խավարը ճեղքեր  ուրիշ բառ,

Միևնույն է՝ խոսքը անգի՛ն

Աստղերից կհորդեր՝ անծի՛ր,

Ու ճեղքումը սրտից լիառատ՝

Ցավին էլ հաղթած գիշերվա,

Արարչի բխումով կլցներ

Կապույտը,

լուրթը,

ծավին.-

Եղիցի՛ կլիներ՝ եղիցի՛ն…

 

Բ

Եվ դեղինը ոսկի կտեղար,

Եվ ճերմակը՝ ծովի մարգարիտ,

Օրերում բառի՝ լուսացա՛յտ,

Երբ սրտի պսակը ծաղկախիտ

Խուրձերի թևերով բարձրանար՝

Խայտալու,

ցոլալու

աշխարհին՝

Կանաչի-կարմիրի իր գահին.-

Կլինե՜ր անպայման եղիցին…

 

Գ

Կբացվեր վարդագույն   արշալույս,

Ու թե բառը լույսից չլիներ՝

Շշուկները զմրուխտ գիշերվա,

Համբույրներն՝  ալվլան ռուբիններ,

Աստղերի

առկայծող

ծիրերում՝

Ցնդելով մոռացկոտ ծխի պես,

Որտեղի՜ց կառնեին երանգներ –

Եղիցին՝ թե եղա՛ծ չլիներ…

 

Դ

Թե լուսանցք  չբացվեր խավարում,

Կամ թե՝ բառը լիներ սև խոռոչ,

Սերը ո՞նց կթևեր աշխարհում՝

Այդքան սև,

այդքան մութ,

այդքան գորշ…

 

Թե Աստված չլիներ արարող,

Քարի տակ մանուշակ էլ լիներ՝

Փակ աչքով պիտի բառ երազեր,

Իսկ քարը՝ երազեր ծովախորշ…

 

Ե

– Եղիցի՜, եղիցի՜ առավոտ…

Եվ արդեն ծիածան կկապեր

Առաջնեկը բառի՝ գունագեղ –

Սրտից սիրտ,

գույնից գույն

ծածանվող,

Սիրո մեջ ամեն շունչ,  ամեն զարկ

Կխոսեր հենց լույսի բերանով…

 

Զ

Եղիցի՜…

Լույս մանո՛ւկ՝ զմրուխտ բա՜ռ

Մանկան՝ լույս   ծնունդի արարում.-

Սիրող սիրտը լույսի իր բաժնին

Ընծայվածն Է  դարձյալ գումարում…

 

Է

Ե՛վ հոսքի,

և՛ խորքի

ճառագմամբ՝

Բխումով՝ Է-ացած մի բառից,

Աշխարհում՝   բյուրավոր աշխարհներ՝

Լույս դարձած  աշխարհ են գալիս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։