«Գրական թերթի» 08.11.2013 թ. թիվ 37-ում տպագրվել է Ն. Ադալյանի «Նամակ ռուսաց թագավորին. արձագանք Զորի Բալայանի «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է. Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին. Բաց նամակ» հրապարակմանը» հոդվածը:
Ես ընթերցել եմ Զ. Բալայանի հայտնի նամակը ու ինքս իմ մեջ` ինձ համար, իմ եզրակացություններն եմ արել: Բայց «Գրական թերթում» այդ հոդվածին ար- ձագանքելը, կամա թե ակամա, գրողական քննարկման նյութ է դառնում, և ես կաշխատեմ, որքան հնարավոր է` համառոտ, շարադրել այդ մասին իմ մտքերն ու կիսել դրանք թերթի ընթերցողների հետ:
Նախ` ո՞ւմ է ուղղված Զ. Բալայանի բաց նամակը, պարոն Պուտինի՞ն… (պարզ է` բաց նամակը «ձեռքի հետ» նաև բոլոր ընթերցողներին է ուղղված լինում): Վերջերս հաղորդագրություն եղավ, որ պրն. Պուտինի աշխատակազմից հայտնել են, թե ՌԴ նախագահն իրեն պարտավորված չի համարում պատասխանել այդ նամակին: Հասկանալի է, նա իր փորձագետներն ունի, Ռուսաստանում կան միջազգային հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտներ` մասնագիտացված ըստ աշխարհի տարբեր տարածաշրջանների, և անհրաժեշտության դեպքում այդ փորձագետները ՌԴ նախագահի պահանջով կարող են տրամադրել անհրաժեշտ վերլուծությունները: Բացի դրանից, Ռուսաստանը բոլորից լավ գիտի` ինչ է ուզում աշխարհից և… ինչպես է ուզում… Բավական է նրան «վախեցնենք» պանթուրքիզմի գաղափարով, դա նման է ժողովրդական այն առածին, երբ ճիմը` նստած քարի վրա, ողբում է, թե ի՞նչ է լինելու քարի հալը, երբ… անձրև գա:
Ռուսաստանին, անկասկած, անհրաժեշտ է Հայաստանի գոյությունն աշխար- հում, բայց եթե, Աստված մի՛ արասցե, մենք չլինենք` Ռուսաստանի համար, Պետրոս Դուրյանի բառերով ասած, դա կլինի` «Օհ, չէ այնչափ ցավ ինձ համար…» (ներողություն եմ խնդրում` եթե որոշ ցինիզմ կա այս խոսքերում):
Ամենայն հավանականությամբ, ինչպես իր մի հեռուստաելույթում նշեց Զ. Բալայանը, բաց նամակն ավելի շատ ուղղված է ամենեցուն (աշխարհին` եթե թարգմանեն ու հրապարակեն և բնական է` նաև մեզ, մեր հասարակությանը): Այս դեպքում նամակն ուղղորդիչ նպատակներ ունի, ուղղորդում` դեպի Ռուսաստան: Ն. Ադալյանը մեջբերում է Հ. Թումանյանի հանրահայտ քառյակը մեր դարավոր թշնամու մասին, ես էլ ուզում եմ մեջբերել մեծ լոռեցու մի միտքը մեր դարավոր բարեկամի մասին, մոտավորապես` այսպես. «…Ռուսաստանը` որքան ազատ, այնքան լավ` թե՛ իր, թե՛ մարդկության համար…»: Եթե Ռուսաստանն ազատ լիներ «իր մեջ, իր համար»` առնվազն չէր կործանի իր լավագույն զավակներին (Լեր- մոնտով, Պուշկին, Մայակովսկի, Եսենին, Ցվետաևա, Մանդելշտամ…,- սա դեռ միայն` գրականության ասպարեզում): – Ազատ Ռուսաստանի գոյությունը մեզ համար ցանկալի, բայց դեռևս հեռավոր երազանք է… Ազատ Ռուսաստանի հետ դաշնակցելու դեպքում մենք կունենայինք ազատ (ժողովրդավարական) Հայաստան, ինքնաբերաբա՛ր կունենայինք: Ազատ, շահագրգիռ դաշնակիցը կօգներ մեզ տնտեսություն կայացնելու հարցում, չէր օգնի… բնակչության արտագաղթին:
Շատ դեպքերում, Ռուսաստանին գրգռում-սադրում է Արևմուտքը, այ- լապես` արջը խաղաղասեր կենդանի է, մեղվանոցից իր թևի տակ է դնում մի փեթակ ու հեռանում, իսկ եթե գրգռում են` կարող է ավերել ողջ մեղվանոցը (իմա` աշխարհը):
Հիմա` այսպես կոչված մեր ռուսական կողմնորոշման մասին: Լավ կլիներ, որքան հնարավոր է, քիչ վիճեինք այս հարցի շուրջ, որովհետև… վերջում միշտ հանգում ենք ինքնանվաստացման: Այո՛, Արևմուտքի հետ լավ է, շա՜տ լավ է (երնեկ Վրաստանի հնարավորություններն ունենայինք), բայց… ճակատագրական կործանարար: Արևմուտքը մեզ չի պաշտպանի: Նույնիսկ ՆԱՏՕ-ն չկարողացավ կանխել իր անդամ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս: Նրանք` «արևմտասերները», թող լավ հիշեն թուրքական տանկերի շարանը հայ-թուրքական սահմանի վրա 1993-94թթ.: Այլ հարց է, թե ճակատագրականորեն մեզ անհրաժեշտ դաշնակիցը որքանո՞վ է հուսալի: Հիշենք 1914-15թթ. ռուսական բանակի «հետուառաջները» Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում), երբ Ռուսաստանում ազգային ուժն էր իշխում, հիշենք 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, երբ Ռուսաստանում ապազգային ուժը` բոլշևիկն էր իշխում (բայց հիմա ներկայիս ազգային ուժն ի՞նչ կարծիքի է այդ պայմանագրի մասին…), հիշենք Սումգայիթում Մ. Գորբաչովի «երեք ժամ ուշացումը»… Բայց ավելի լավ է` լա՛վ բաները հիշենք: Լավ բաներ էլ կան – մի թշվառ հողակտոր ինդուստրացվեց (այսօր` ավերակ) և դարձավ ՀԽՍՀ, նույն 1993-94թթ. թուրքական տանկերը ետ քաշվեցին` Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովի մեն-մի խոժոռ հայացքից…
Բայց, կրկնում եմ, այս կարգի վեճերը (Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան) մեր օգտին չեն` ինքնանվաստացման են տանում: Իմ կարծիքով, Խ. Աբովյանը հաճույքով չի արտասանել «օրհնվի էն սհաթը» բառերը, բայց այլընտրանք չկար: Գուցե նաև կանխազգո՞ւմ էր կայսրության գալիք վտանգները հայ ժողովրդի համար, գուցե նաև նա… հենց կայսրության ձեռքո՞վ գնաց…
Ես մեջբերեցի մեծ լոռեցու խոսքերը, բայց ուզում եմ մեջբերել նաև փոքր լոռեցունը` մի հովվի մասին պատմություն: Սարից քոչը իջեցնելիս, հոտը մի վարար գետով անցկացնելիս հովիվներից մեկը` մի բան գրկած, «լռվել» է գետի մեջտեղում: Ընկերը ձայն է տվել. «Այտա՜, էդ մոթալը (պանրի տեսակ է` մորթու մեջ փա- թաթած) բրախի՜, թող ջուրը տանի, բան չկա, բրախի՜, կխեղդվե՜ս…»: Խեղդվողը պատասխանել է. «Ես բրախում եմ, համա ինքը բրախո՜ւմ չի…»:- Դու մի ասա` ջրի մեջ ոչ թե մոթալ, այլ արջ է կպած եղել հովվին:
Առակն ի՞նչ ցուցանե` մենք չենք կարող «բրախել» Ռուսաստանը, բայց, Աստված մի՛ արասցե, կարող է, ինչ-որ մի ժամանակ, ի՞նքը ցանկանա «բրախել» մեզ՝ ինչ-որ բաներից հարկադրված… Պետք չէ ո՛չ սադրել, ո՛չ էլ ինքնանվաստացման տանող բանավեճեր բացել: