ՊՈԵԶԻԱ
Օ՜, պոեզիա,
Ոտքդ էի ընկնում,
Որ փեշդ համբուրեմ,
Խոնարհվել եմ հիմա,
Որ քեզ ոտքի հանեմ…
ԵՐԵՎԱՆ
Արևագահ
Իմ հուրք քաղաք,
Քեզ՝ աչքերս՝
Շուք ու շվաք:
Իմ դեմ-անհուն
Ձայնածովում,
Դարձի բարակ
Հող ես մաղում:
Ես՝ խորաթև,
Քեզ ողջաձույլ,
Արևահող՝
Սրտիդ ծովում:
Քառատողեր, ուր ապրում է
բառերի ազատությունը
***
Ասեղներով ծակծկեցին,
Աստղաթելով կարկատեցի,
Անգին շապիկս գողացան,
Ցավից կարծր ես շողացի:
***
Սեր իմ, անժառանգ իմ հոգոց հոգի,
Թող աչքս աչքիդ դեմքին քարանա,
Մինչ Տերը մտքից հանի լիովին,
Մինչ մտաբերի ինձ մահը հանկարծ:
ՏԱԳՆԱՊ
Դուռը ծեծո՞ւմ են, դուռը չեն ծեծում-
Բացվում, փակվում է
աշխարհը համայն.
Փակ դռնից ելնում, անէանում են
Ու փոշիանում ոտքի տակ միմյանց:
ՀՈԳԻՍ
Թե ետ գա նորեն,
Տեսնես ո՞ւմ կընտրի՝
Նոր ձև, նոր մարմին:
-Ի՞նձ… ո՜չ: Օ, երբեք:
***
Ես՝ քո չեղած-չունեցածը,
Դու՝ իմ եղած-մնացածը.
Ունեցածս գրոշ չարժեր,
Իմ ողջ կյանքն էր չունեցածս:
***
Իմ աչքից ելնում,
Աչքդ համբուրում,
Անմահ սիրով է
Լույսն հարատևում:
***
Երջանկությունը, հիմա և հիմա,
Հավերժից հավերժ ձգվում է ահա.
Սակայն դու բնավ նրան չես սանձի,
Քանզի… չքվել է հավերժահառաչ:
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
Կրծքիս՝ վարդախոցը ծաղկած,
Տանում էին անվերադարձ՝
Ականջիս տակ քչփչալով.
– Դեռ վերջը չի, կդիմանա՜…
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Օդից կախվեցի,
Քամուց ցած չիջա.
Վհատ տողերից
Փրկություն չեղավ:
Թարկեցի ապրել
Խաչքարի դեմքով.
Հոգսը ծայրեծայր
Ինձ անցավ ոտքով:
Շուրջս՝ արցունքի
Ծովերը ցամաք…
Ու քո ժպիտն է՝
Դեմքին խաչքարի:
ՄԻՆՉԵՎ ԻՄ ՄԱՀԸ
ԵՍ ՔԵԶ ՁԳՎԵՑԻ
Ամեն օր վրաս
Ծիածանվեցիր,
Բաժանում ու մահ
Հիշատակեցիր:
Միշտ քեզ ձգվեցի,
Հոսեցի անհայտ.
Ես իմ արյան մեջ
Եկա, թափվեցի:
ԲԱՌԵՐԻ ՀՈԳԻՆ
Բառն է հատակն իմ անհատակ հոգու,
Գավերն աչքերիս Աստված է լցնում:
Ահա շքահեղ ցնորքն անթերի
Ծագում է դեմքիս՝ իբրև մայրուղի:
Բայց դեռ ոսկեշող ափին չհասած՝
Ագռավն է անցնում… թևերս ընկած:
Եվ իջեցնում են նորից սառցահող՝
Բաց արմատներս՝ արևի կարոտ…
Իմ գրի հոգում ձորերն են ննջում,
Տերն է դատարկում գավերը հոգուս:
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ես ամեն օր… մարդ չեմ լինում՝
Ավար ու խավար է հոգիս,
Ավա՜ղ, չապրածն էլ է անցնում
Հանց ամբողջը՝ ողջ անցյալի:
Ինձ չներեց խաբկանքը այս՝
Ինձ հետ մի տեղ չապրած մի կին.
Գիշերն ելավ, թափվեց վրաս՝
Հոգու վրա միշտ մնացի…
ԼՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ
Մայր իմ, մի դիր այդպես
Մատներդ շուրթերիդ
Եվ մի հուսա հավետ՝
Օրհնաբառերին քո:
Որ գոս, էն չարուքեն
Ցավն ինձ չմոտենա.
Բյուր անգամ չկախվեմ
Երկրում այս գողգոթա:
Որ լույս կամուրջ դառնա
Կախաղանն ինձ բանուկ,
Եվ երկինք համբառնա
Մահն էլ՝ անմահ հուգուդ:
ԵՍ ԻՄ ՇԱԼԱԿԻՆ
Ես ինձ շալակած
Ծանրաբեռ հակ եմ,
Քարաղ եմ, դարա՜ղ,
Լի ոսկե պարկ եմ:
Անքարշ ծիծաղից
Բեռն ավելանում,
Ծով արցունքից է
Այն թեթևանում:
ՊՏՈՒՂՆ ԱՆԱՆՁՐԵՎ
Բեռն այս մշտատև՝ էն սարն է մինչև,
Որ հա՜ր ձգվում է ուսերիս միջև:
Որ հազարացած այրող ձևերով,
Քաղցից ծանրացող դառնաթևերով
Գալիս է իբրև հոգեվարք ու հևք,
Որ կրծի իմ մեջ պտուղն անանձրև:
Որ դառնաթույնը հոգուս ամրանա,
Որ ապրեմ անսեր ու մեռնեմ անմահ:
***
Ինչքա՜ն ասես սար կլինի,
Այսքան խորունկ դաղ կլինի՞,
Չէր ու չկար դեռ հայտնապես՝
Այսքան անլեռ գահ կլինի՞:
Դաշտերը՝ լերկ ու հավաքված,
Ձորերն՝ անկորուստ ցամաքած,
Փոսերն ազատ ու լիուլի-
Այսքան չլինել կլինի՞:
Ազատ, անկախ հոգեհացին
Ալյուր մաղող չկա հացի,
Մարդ չի ճարվում՝ ջիլ ու ջրկիր.
Այսքան անմարդ մարդ կլինի՞:
Երանի մարդ մարդ չլինի,
Մեկենումեկ ծափ չլինի.
Գահերն անլեռ չունայնանան,
Այսքան չլինել չլինի…
ԱԲՈՒԼԱՊԱՇՏ ԳՐԻՉ
ԱՎԹԱՆԴԻԼ ՊԱԼՅԱՆԻՆ
Դառը մեղրի պես
Ասիր՝ որբացիր,
Մորմոք է բառս:
Հավերժաավեր՝
Իջավ, մեզ ձուլվեց
Քո Մեղրասարը:
ՏԵՍԻԼ
Եռման գուբը դնում գոգիս,
Շշնջում են՝ չայրվես, տղա՜ս,
Երես երեսի երեսիս
Ասում են ՝ կաս, իսկ ես չկա՜մ:
Փչիր, ցավդ հրով բուժիր,
Մի ցուցանիր ցավալեզուդ.
Ինքնայրվածները ակնակիր
Տես, քնած են խորն ու արթուն:
Մահուկյանքի զույգ սրերից
Անգոյության փայլն երկարում,
Թափված արյունը կապարի
Սառցագրով է ծանրանում:
Գուբը անքույթ դնում գոգիս,
Բորբոքում են վառքը անանց,
Հանգչում, կանչում եմ անմեկին՝
Փառքը փարեք նահատակաց:
ԳՈՐԾԻՍ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ
Պարապ չեմ մնում՝
Ծափահարում եմ
Դեռ թևատարափ:
Գումարում, հանում՝
Բախտ եմ սերմանում
Աշխարհում չեղած:
Սակայն աշխարհը
Անվերջ շնանում
Ու մարդ չի դառնում:
ՆՈՐ ՈՒԽՏ ԿԱՊԵՑԻՆՔ
Այնքան իրար մեջ
մենք դատարկվեցինք,
Որ հույզերն անշիվ չորացան իսպառ.
Մի նոր հմտությամբ
պայման կապեցինք,
Որ մնանք հավերժ՝
իրար մեջ դատարկ;
Որ թևերն առած գժի տքնանքի,
Դառնանք հնարանք՝
նոր հարգ ու վարքի.
Մի դեմքով՝ երկու ցրիվ հոգիներ-
Կիզանյութի մեջ վերք ու վայելքի;
Այնքան մաշեցինք մենակությունը,
Այնքան սիրառատ
մեկտեղ չապրեցինք,
Որ ձեռք բերեցինք խոր շնչառություն՝
Մահը վայելող առաջընթացի…
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Շքահանդես է մենության,
Աչքս՝ անհույս հանգստարան:
Մութը՝ անհեն համատարած
Էլ չի գտնի տեղն իր ընկած:
Իսկ ես՝ անհուն, անեզերքում
Դեռ շիրմատեղ եմ որոնում:
ԲԵՐՔԱՀԱՎԱՔ
Նորածիլ արտից
Քարերը մեկ-մեկ
Ես հավաքեցի:
Քարաշունչ Աստված
Ոսկե ձեռքերով
Ողջունում էր ինձ;
ԴԱՏԱՐԿ ՔԱՂԱՔ
Քաղաքն ընկած ման եմ գալիս,
Ման է գալիս քաղաքն ընկած.
Ճարճատում են հետքերն աչքիս՝
Մահը հերքող անվերջությամբ:
Մեր ճամփեքով մեզ ո՞ւր տարան,
Պարան-պարան ո՞ւր կախեցին,
Ոտքերի տակ ձեր արնաքամ
Ես Հարություն… միշտ պահեցի:
Եվ սրտիս մեջ հիմա դատարկ
Պիտի լացեմ աննպատակ,
Պիտի ողբամ՝ թե որ հանկարծ
Դառնամ տեսնեմ՝ ես էլ չկամ: