ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐ
(Արցախյան քառօրյա
պատերազմի հերոսներին)
Վազվզում էիք երեկ բակերում,
Սարեր մագլցում առանց երկյուղի,
Արծվային ճիչեր ձեր աղմուկներում…
Դեռ անհայտ էր ձեր անցնելիք ուղին:
Չէր եկել ժամը ձեր աստեղային,
Սերն էր ձեր մատաղ սրտում բողբոջում,
Ինքներդ անգամ դեռ չգիտեիք,
Որ փառքի վսեմ բարձունքն է կանչում…
Այդ ե՞րբ, տղանե՜ր, դուք հասունացաք,
Զինվորներ դարձաք աննկուն ու քաջ,
Հայրենի հողի սիրով զորացաք,
Բերդ ու ամրոցներ դարձաք աննվաճ…
Չէին հավատում, ախր, տղանե՛ր,
Ձեր կամքին հզոր, բազկի ուժին ձեր,
Շո՜ւտ էր մոռացել թշնամին մեր նենգ,
Որ դուք առյո՛ւծ եք, առյուծի ձագե՛ր…
Որ ձեր մայրերը զարմից են Սասնա,
Որ Դավիթներ են ծնում ամեհի,
Որ ձեր զարկերից մոխիր կդառնան
Բոլոր զենքերը նորահայտ ու հին:
Ձեզ հազար պատիվ, փառք ու խոնարհում,
Հայոց աշխարհի որդիներ մեր թանկ,
Քանի ձեզ նման զինվորները կան,
Շա՛տ հաղթանակներ պիտի ունենանք…
Նարինե ԿՌՈՅԱՆ
ՌԵՔՎԻԵՄ
Հողից բարձրացող մառախուղի մեջ
կարոտի անհույս ծվեններ տեսա
ու շնչառություն` անավարտ մարտի:
Իսկ հողի վրա, հանուն այդ հողի`
շիրմաթմբերի խենթացնող շքերթ…
Մառախուղի մեջ իջնող կապույտի
լսեցի կանչող, անտես շշուկներ,
հոգիներ տեսա Քո լույսը փնտրող
ու մի խլացնող բաղաձայնություն…
Ուր կյանքը` որպես պարգևի Քո թեորեմը,
զոհվելով միայն պիտ ապացուցեն
դեռ չապրածները:
*
Մի թղթի վրա արև նկարիր
ինձանից հետո,
մի տուն նկարիր
ու մի ծխնելույզ,
մի հատ պատուհան
ու կախված մի լամպ,
որ երևում է պատերի միջից:
Իսկ երբ վերջանան
բոլոր ներկերդ,
կարոտ նկարիր
թաց-թաց մատներով,
խառնիր գույները,
որ մնացել են ինձանից հետո
ու տան պատերին անունս գրիր:
*
Տերևաթափ, ծածկիր ինձ
անտրտունջ,
թող մոռանա օրը գոյությունս
ունայն,
ցավս թաղիր խաշամիդ
թմբիրի տակ նեխող,
գուցե մինչև գարուն
ծաղիկ ծնի վերքս: