2. «ՄԻ ՀԱՏ ԷԼ ՍԻՐԱԾԻՍ ԱՆՈՒՆՈՎ…»
…Արդեն եzրկրորդ օրն իսկ մեր՝ հոպարներիս «հետախուզությունը» ոչ միայն թշնամու զինաքանակի ու զինուժի մասին ստույգ տվյալներ ուներ, այլև արդեն հայտնաբերել էր, որ գրեթե բոլոր զինվորները սիրած աղջիկ ունեն՝ պատաս- խան ու երբեմն նաև անպատասխան սիրով: Որքան էլ զինվորական հագուստով էի, անգամ սաղավարտով և նույնիսկ շատ նման «Զինվորի հայրը» ֆիլմի Մախարաշվիլուն, բայց չգիտեմ «որդիանց-որդի» գրքերս էին կարդացել, «Ես եմ» զինվորական ֆիլմում էին տեսե՞լ, թե՞ հեռուստահաղորդումներից հիշեցին, նրանց հետա- խուզությունն էլ շուտով պարզեց իրենց մորուքավոր Հոպարի ով լինելը… Պահո, այդ թափի գրոհով որ հարձակվեցին ինձ վրա, կարելի էր նույնիսկ Բաքու էլ հասնել… Սակայն մինչ Բաքու հասնելը կպել ու ինձնից իրենց անուն ազգանվան տառերով ակրոստիքոսներ են ուզում…
Ընդհանրապես քիչ եմ քնում կամ գրեթե չեմ քնում, այդ օրերին էլ բոլորովին քունս փախել էր, ուստի զինվորներից ստանում էի անվանատառերը և գիշերային հերթափոխերի արանքում, ատամներով բռնում էի փոքրիկ լապտերը և տողեր ձոնում իմ զինվոր ախպերիկներին: Պոեզիայի գոհարներ չէին, բայց մինչև դիրքերում գտնվելու վերջին օրը ակրոստիքոս գրեցի 149 և 152 մարտական դիրքերի գրեթե բոլոր տղաների համար, գումարած իմ կամավորական ընկերների՝ Գառնիկ Ալեքսանյանի ու Սմբատ Մարտիրոսյանի ծննդյան օրերի համար գրվածը: Գրում ու որպես նաև պրոֆեսիոնալ դերասան ասմունքում էի հաճույքով, բայց արի ու տես, մինչև «Բաքուն գրավելը» էլի գործ կար. կորյուն զինվորիկներս, անուշ ախպերներս մոտենում ու շշնջում էին թաքուն.
– Հոպար ջան, մի հատ էլ սիրածիս համար գրի, էլի…
Ու էլի գրում էի. գիշերը, ճաշելու ընթացքում, հանգստի ժամին: Գրում ու արտասանում էի և շատ ու շատ հոգնած էի, բայց նաև շատ ու շատ հպարտ, որ ոչ միայն կամավոր եմ, ոչ միայն ԵԿՄ-ն եմ ներկայացնում հայրենիքիս առաջին մարտաշարքում, այլև Հայաստանի գրողների միությունը, Ժուռնալիստների միությունը, Թատերական գործիչների միու- թյունը, որոնց երկար տարիների անդամը լինելու պատիվն ու հպարտությունն ունեմ, սակայն այդ ամենն ինձ համար ոչինչ են Հայրենիքի ազատությունը պաշտպանելու պատիվն ունենալու համեմատ: Ու թող հպարտանան նաև զինվոր ախպերիկներիս, կորյուն քաջորդի- ների ծնողները, որ իրենց սիրասուն զավակները վաստակել ու վաստակում են Հայրենիքը պաշտպանողի անմեկնելի պատիվն ու հեղինակությունը: Երանի նրանց տեսնեք դիրքերում, թշնամու դեմ կռիվ մղելիս, երանի տեսնեք, թե ինչ առյուծներ եք ծնել, և այնժամ դուք էլ կամրանաք ու կհպարտանաք որպես Առյուծածիններ…
Սուքիասյան Մայիս, 152 մարտական դիրքի ավագ (Աբովյան, Բալահովիտ): Նույն դիրքի մարտիկներ Մուշեղյան Աբրահամ (Երևան, Զեյթուն), Թադևոսյան Գևորգ (Երևան, 3-րդ գյուղ), Հայրապետյան Ալբերտ (գյուղ Կոճոռ), Գաբրիելյան Սահակ (գյուղ Վարսեր), Ջավադյան Մհեր (Հադրութ, գ. Ակնաղբյուր), Խաչատրյան Վիտալի (Հադրութ, գ. Ջրակուս), Զոհրաբյան Դավիթ (գյուղ Այնթափ): Հովհաննիսյան Կամո, 149 մարտական դիրքի ավագ (գյուղ Գողթ): Նույն դիրքի մարտիկներ Կարապետյան Դավիթ (Երևան, Նորքի զանգված), Ավագյան Սարգիս (Արմավիր), Եդիգարյան Արկադի (գյուղ Վարդանաշեն), Տոնոյան Նարեկ (գյուղ Նորաշեն):
Ահա այն, ընդամենը 18-19 տարեկան, բայց իսկապես քաջազուն ու հայրենանվեր տղերքը, ում հետ մեկ օրում 12 ժամ և ընդհանուրը 150 ժամ բերդավանցի կամավորականներ Գառնիկ Ալեքսանյանը, Սեյրան Աբովյանը, Սմբատ Մարտիրոսյանն ու ես ժամապահեցինք մարտական դիրքերի առաջնագիծ խրամատներում: Գլխավերևով անդադար սուրացող գըն-դակները, քնարանի հողե առաստաղները ցնցող պայթյունները, խրամատների սառն ու կոշտ կողերը, գիշեր ու ցերեկ միմյանց կողքին մահվանը դեմ առ դեմ կանգնելը, բախտակից լինելը, միևնույն կաթսայից ապուր ու փլավ ուտելը, նույն կոշտ տախտակների վրա իրար կողքի պառկելն ու դրանից հետո հոգնած ու ճոճվող քայլերով նորից ու նորից խրամատ գնալը չափազանց շուտ են մտերմացնում ու հարազատ դարձնում մարդկանց:
Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը, Գառնիկ Ալեքսանյանի ծննդյան օրը, զինվորները ալյուր չունենալով՝ փշրել, մանրաց- րել էին թխվածքաբլիթները, խտացրած կաթով, կոնֆետներով ու չգիտեմ էլ ինչերով տորթ էին պատրաստել ու տարել խրամատում հերթապահող հոբելյարին: Գառնիկը շատ էր հուզվել, հաջորդ օրը պատմում էր հա պատմում: Մեր մարտական դիրքում էլ Սեյրան Աբովյանն էր գործեր ձեռնարկել ու ինձ էլ օգնական դարձրել: Արագ-արագ ավարտում էինք ճաշելն ու անցնում գործի: Մի քանի օրում փոքրիկ տաղավար կառուցեցինք, հարմարավետ սեղանիկ, քանդեցինք ու վերաշինեցինք բակի բետոնասյուներով կա- ռուցված հատակն ու էլի նման գործեր…
Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մելիք Խաչատրյանը խստապահանջ, բարեկիրթ ու զուսպ, բայց անհանգիստ ու անդադրում հրամանատար է, ամբողջ օրը մեր կողքին, խրամատներում էր և հաճույքով էր նայում ՀՈՊԱՐ- ԶԻՆՎՈՐ հայրենապահ եղբայրություն-բարեկամությանը:
3. ՔԱՄԻՆ ՉԻ ՀԱՆԳՑՆՈՒՄ ՀՐԱԺԵՇՏԻ ՄՈՄԵՐԸ
Չգիտեմ. ճիշտ եմ, թե սխալ, բայց կարծում եմ, սովորելով, դաստիարակվելով հնարավոր չէ հայրենասեր դառնալ կամ լինել: Սովորեցնելը, դաստիարակելը տեսական, մի քիչ էլ գործնական գործընթաց է, որ շատ հաճախ կարող է արդյունավետ չլինել: Հազարավոր հայրենա- սիրության մասին ճառեր իմացող ու ասողներ գիտենք, որ ցանկացած պահի, անձնաշահությունից դրդված, կարող են մի կողմ շպրտել երկիր ու հայրենիք, ազգ ու հավատ: Չեմ կարծում, թե հայոց պատմությունից մեզ հայտնի հայրենասերների մեծ մասը շատ էլ ուսյալ են եղել և կարո՞ղ էին արդյոք գոնե հանրամատչելի ձևակերպել հայրենիք կամ հայրենասիրություն հասկացությունը: Դժվար թե: Այդ- պիսին կամ մեծամասամբ այդպիսին էին ու են նախկին ժամանակների ու մերօրյա, հիմնականում ոչ ուսյալ կամ ոչ այնքան էլ ուսյալ ֆիդայիները: Ուրեմն հայրենասեր լինելը բնույթ է, էություն, ինքնաբուխ պոռթկում ու ներքին ձայն, հոգու, սրտի ու արյան թելադրանք:
…Գիտեմ, որ հնարավոր է, չհամաձայնեք, գիտեմ, որ շատերն արդեն իսկ միանշանակ չեն վերաբերվում գոնե ապրիլյան դեպքերից հետո ծայր առած կամավորական շարժմանը, որն արդեն ոչ թե «ազատ ու անկախ» ֆիդայություն է անձնական կամքով, հագուկապով ու զենքով, այլ կանոնակարգված է հիմնականում: Կամավոր ցուցակագրում, միասնական ուղերթ, միանման հագուստ, զենքի կենտրոնացված ստացում և հանձնում, զորանոցային համատեղում, հաշվառված տեղաբաշխում և հրամանին ու հրամանատարներին ենթարկվելու ստորագրություն, պարտավորություն, պատասխանա- տվություն և պատժակրություն…
Թերևս անհրաժեշտ է ու մնում է նաև բժշկի տեղեկանք պահանջել, սակայն այս բոլորով հանդերձ շատերը կարծում են, որ Կամավորականության դրդապատճառը ոչ թե «մաքուր հայրենասիրությունն է», այլ՝ անձնական շահադիտումը – հայտնի ու անհայտ արտոնություններ ստանալուց մինչև պարզապես զենք ստանալը, զենքով «սելֆի անելը» և նույնիսկ առանց խրամատ մտնելու ետ վերադառնալն ու պատերազմին իր «հերոսական մասնակցության մասին» լեգենդներ պատմելը:
Դեմ չեմ, չեմ հակառակում, հնարավոր է, շատ կան այդպիսիք, ուստի անհրաժեշտ է, որ ԵԿՄ Հանրապետական խորհուրդը և Պաշտպանության նախարա- րությունը ճշգրիտ հաշվառում կատարեն, թե ովքեր են ցուցակագրվել տեղերում, նրանցից քանիսն են զենք ստացել, քանիսն են մեկնել մարտական դիրքերը և, ամենակարևորը, քանիսն են ժամապահել կամ մասնակցել մարտական գործողություններին: Կարծում եմ, այս դեպքում գրեթե կբացառվի լոպպազությունն ու «սելֆի-ֆիդայությունը»:
Տավուշի մարզից վերջին օրերին երեք տասնյակից ավելի կամավորականներ էին միաժամանակ գտնվում դիրքերում: Գրեթե բոլորին ճանաչում եմ անձամբ: Հիմնականում 1990-ական թվականների ազատագրական պայքարի բովով անցած մարդիկ են և նրանցից որևէ մեկը, առավել ևս ամեն օր կրակոցներ ու պայթյուններ լսող ու տեսնող նոյեմբերյանցիներս, հազիվ թե լոպպազանալու կամ ավտոմատով «սելֆիելվու» խնդիր ունենանք: Էհ, ասող-խոսողներ միշտ էլ կգտնվեն, բայց ինչ էլ լինի, հայրենասերը հայրենասեր է մնում և ոչ մի ասեկոս նրան ետ չի պահի անհրաժեշտության դեպքում կրկին սահմանը գնալուց, զավզակողին ու բամբասողին էլ երբեք ու ոչ մի գնով անհնար է սահման տանել:
* * *
…Ռեստորաններում ու սրճարաններում եղածը քեֆչիություն է, սովորական պայմաններում՝ ընկերություն, իսկ նեղության, դժվարության ու փորձության մեջ կայացածը՝ Ախպերություն: Մենք էլ՝ բերդավանցիներ Գառնիկը, Սեյրանը, Սմբատն ու ես այդ կարճ ու նաև երկար փորձաժամին ախպերացանք զինվոր տղաների հետ: Մտերմանալու, հարազատանալու նաև այլ պատճառ կար՝ բոլորս էլ մի տեղ էինք, հայրենիքը պաշտպանելու նույն գործին, ու այստեղ այլևս «պարտադիր» կամ «կամավոր» չկա: Նույն դիտանցքից ենք նայում թշնամուն, նույն խրամատից ենք կրակում թշնամու վրա և նույն տեղում կարող է թափվել մեր արյունը: Սա ուրիշ զգացողություն է, անմեկնելի է այս հասկացությունը, սակայն առանց մեկնության էլ հասկանալի էր այն հուզմունքը, որ պատել էր մեզ հրաժեշտի պահին:
…Ո՞վ է ասում, թե իսկական տղամարդիկ լաց չեն լինում: Սուտ է, հենց իսկական տղամարդիկ են լալիս, ու նրանց լացն էլ ոչ թե արտասվել է, այլ լուռ մղկտոց, հոգեցունց հառաչանք ու ծանր-ծանր, հատիկ-հատիկ արցունքներ:
Կանգնել ու արցունքներից մշուշված աչքերով միմյանց էինք նայում, հնարավոր լիներ՝ դիրքերի ավագներ Մայիս Սուքիասյանն ու Կամո Հովհաննիսյանը հրաժեշտի շքերթ կկազմակերպեին… Չէր կարելի, թե չէ Աբրահամը, Գևորգը, Ալբերտը, Դավիթը, Սարգիսը, Արկադին, Նարեկը համազարկերով կճարճատեին երկինքը: Այնթափցի Դավիթի «ռեփ»-ի ուղեկցությամբ զինվորական շիլան էր եփվում կրակին, վարսերցի Սահակն էլ արդեն ափսեներ էր շարել փայտե սեղանին: Ափսոս, վայելելու ժամանակ չկար: Հնչեց Մայիսի հստակ ու հատու հրամանը, և դիրքապահ արծիվները վազեցին դեպի խրամաստները: Չէ, չվազեցին, ճախրեցին դեպի լեռները: ԱՐԾԻՎՆԵՐԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ, ԿՐԱԿԱԿԵՏԵՐԸ ԱՐԾՎԱԲՆԵՐ ԵՆ ԼԵՌՆԱԾԵՐՊԵՐՈՒՄ: ԵՎ ԱՆՀՆԱՐ Է, ԱՅՍ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՋԵՑՆԵԼ ԼԵՌՆԵՐԻՑ:
…Բոլոր մարտական դիրքերում փոքրիկ մատուռներ ու աղոթատեղիներ կան: Սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն անգամ, երբ տեսնում էի, թե ինչպես են զինվորները խրամատ գնալուց առաջ ներս մտնում, մոմեր վառում ու շշնջում աղոթքի բառեր… կյանքը պահպանելո՞ւ, սիրած աղջկան հասնելո՞ւ, թե՞ բարով-խերով տուն դառնալու համար: Ինչ էլ ասեին, «Տեր իմ Ասված» բառերով սկսվում և «Ամենով» էր ավարտվում: Ես էլ մտովի աղոթում էի իրենց համար…
Մեր ախպերիկ զինվորները իրենց լեռնաբույն դիրքերը ճախրեցին: Մենք էլ մտանք փոքրիկ մատուռն ու մոմեր վառեցինք: Աղոթատեղին բաց է մի կողմից, այստեղ տափարակ է, այստեղ հաճախակի են քամիները, սակայն մենք նայում էինք կիսամութի մեջ տարուբերվող, բեկբեկվող մոմերի բոցերին ու գիտեինք, հաստատ գիտեինք, որ քամին չի հանգցնի մեր հրաժեշտի մոմերը և չեն մարի լույսերը… Որքան էլ բեկբեկվող՝ ԴԱ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԼՈՒՅՍՆ Է: