Շողեր ՍԻՐՈՒՆՅԱՆ

Լեթարգիա
Համոզված էին,
որ հենց այդ բազկաթոռում է
Ծրագրվում առյուծի
աշխարհացունց ցատկը.
Ցատկ էր բազկաթոռի մեջ,
և լեթարգիկ երանելի նինջ.
Եվ «Նորին Մեծության» հռչակավոր
լեթարգիայի շուրջը
Գամվեցին տարիներ, պաշտամունք՝
Սպասումի քարացած շնչառությամբ.
Ժամանակն անգամ չէր հանդգնի
խռովել նինջը,
Չկանոնակարգված քուն՝ անքննելի,
Որ անցման շրջան է կոչվում,
Եվ ո՞վ կհանդգնի որոշել նրա չափերը,
Եվ տարածությունը.
Հավերժական լեթարգիա-
Եվ կոչվեց երկիրը հավերժ անցումային.
Եվ ժամանակը հավատարիմ շան նման
Կուչ եկավ լեթարգիայի շուրջը.
Եվ հետընթացն արձանագրեց
«առաջընթաց»…
***
Անտես թրթուրները
սողոսկում են կոպերից ներս
Միաբջիջ թրքության նման
Եվ խառնշտորում տեսողությունը՝
Բնակավայրդ արձանագրելիս.
Էլի մի խաբկանք, մի մետամորֆոզ անշուք
Թառել է կրկին ժամանակի
շփոթ սլաքներին
Եվ թրթուրներ է շաղ տալիս՝
Խառնշտորելով միտքը ժամանակի…
Շփոթված դռանս մոտեցա,
Կանգնեցի շեմին. չմտա ներս.
Այն իմ տունը չէր այլևս…

***
«Ժամանակը» գնաց, որովհետև ներկան
Անծանոթ բնորդումների մեջ էր,
Հյուրասենյակներում բնորդումների
նոր կենսաձև էր.
Հյուրասենյակներում հյուրերը այլ էին.
Միայն մի պահ ետ նայեց
Թողածը գնահատելու համար…
և իր ետևից անաղմուկ
ծածկեց դուռը,
որ չխանգարի բնորդներին…
նրան էլ ոչ-ոք չփնտրեց.
նա անցյալ էր:

***
Զգո՜ւյշ մանկության հետ,
անդամահատված ծառեր են
լողում աղջամուղջի մեջ.
Եվ հօդս են ցնդում մանկասայլակներ.
Խանդավառ է հրձիգը՝ բերկրանք է…
Տվեք արարումներ մանկանց
Եվ չի ծնվի դարը մանկասպան,
Եվ կսանձվի դարը,
Զգու՜յշ մանկության հետ.
Մեկը նախկին քաղցը հիշել
Այսօր խժռում է աշխարհը…
Թեև կորած նավ է մանկությունը,
Բայց փոքրիկ այդ լարախաղացն է
Աշխարհի տիրակալը:

***
Եվ պուրակներում հայտնվեցին
գիգանտ թիթեռներ,
որոնք իրենց միայնակությամբ
վախեցնում էին մարդկանց…
Տարածականության
բացակա լուծումներ- Աուտիզմ.
Եվ կարևոր չէ,
որ քաղաքը մի օր
մի մեծ թիթեռ
կդառնա.
Եվ կթռչի այս անգամ
դուրս…
Դատարկ աչքեր. կարծես
բացակայում էր քաղաքը.
Աուտիզմ ապրող քաղաք-
Կարծես մի փոքրի խաղ,
Եվ դեմոգրաֆիան
փոխվում է…

***
«Մեծ վերադարձ».
կարծես ետ են եկել երկրի տերերը…
Պարզվում է, որ չեն վերադարձել՝
նրանք զբոսաշրջիկներ են
սեփական երկրում.
Եվ դա դիտվում է
օրինաչափություն.
բիզնես.
Եվ այդպես առավելություն են
երկրի համար՝
երբ չկան…

***
Դաշնամուրի վրա հորդում էին
երևանյան ռոմանսներ.
Եվ դաշնամուրը նվագեց քո թրթիռով,
Երևա՛ն,
փոքրիկը ստեղծված էր քո ելևէջներից,
և փոքրիկը նվագում էր երևանյան
մի գեղեցիկ ռոմանս,
Իսկ տունը լցված էր երևանյան
բարեհունչ խոսքի
շքեղ ելևէջներով.
Խոսքի և երաժշտության վիբրացիա,
գեղեցիկ, հարազատ
ու ընկալելի…

***
Պուրակները լցվեցին
ագռավներով
Եվ ինչքան էլ որ
անհավանական թվա՝
ամեն ինչ սկսվեց
մի կցկտուր,
մի վեհերոտ
կերպարանքից.
Գուցե՞ սա էր
«մանր քայլերի»
արվեստը.
Գերեզմանոցները
քիչ էին
այդ մեծ
սարսափը
թաքցնելու համար…

***
Ասում են՝ դեկորաշխարհի
ճիշտ համադրությունը
Ապրելու արվեստ է…
և կիզակետում կինն է.
Դեկորաշխարհ է կյանքը,
և դեկորաշխարհի
ներդաշնակ պահպանում.
Որի ակունքում- մարդու և լույսի
դեկորաշխարհների ճիշտ համադրումն է.
Ասում են՝ կինն է ուղղորդում լույսը՝
դեկորաշխարհի ներդաշնակությունը
պահպանելու համար, որովհետև
ճանաչում է լույսը.
Եվ բնազդները և տենչերը բոլոր դեպի ծով
կհոսեին ճիշտ. նրա աշխարհում է՝
քաղաքակրթությունների զարթոնքը.
Աշխարհի ինքնաարարման
առանցքում կինն է.
Եվ ասում են՝ «երկաթյա լեդիների» առջև
խոնարհվում է նույնիսկ
Բարբարոսը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։