ՀՈՐՍ ԶԱՎԱԿՆ ԵՄ
(ինքնանկարի փոխարեն)
Երկնքից սերված աստղածին
հորս զավակն եմ՝
լույսի զարմից,
նրա արյան, սրտի,
զգացմունքների ճյուղին հասունացած
սիրո պտուղը,
որի կորիզը լցված է
հարատևության խորհրդով:
Ոչ մի որդ,
օտարածին ոչ մի մանրէ,
ոչ մի հայրենադավ գաղափար
չի կարող թափանցել
հայամաշկ էությանս մեջ:
Աչքերս, հոնքերս, քիթս
սերված են ցեղիս
մաքուր ու անխառն ոգեշաղախից,
բերանս երբեք չեմ լցրել
անեծքի ու հայհոյանքի
չարախոս իմաստներով:
Մանկության տարիներից
մի քանի անգամ
զգացել եմ մահվան շունչը,
բայց ոտքից մինչև գլուխ
ապրող միտք եմ ու զգացմունք,
հոգի եմ մխիթարող,
մեռնելու համար ոչ պիտանի:
Իսկ եթե մահը գա՝
կանմահացնի ինձ,
որովհետև այնքան եմ ներքաշվել
ապրողների սրտի, հոգու
ու երազանքների մեջ,
որ էլ մարմինս չկա:
Էությանս մեջ ապրում է
նախաստեղծ լույսից,
սիրուց ու սերմից
կյանք առած գաղափարը,
որ ծնվել է գալիքի կանչով
և աներևույթ ներկայություն է
բոլոր ժամանակների համար:
ՏԻԵԶԵՐՔԸ
Տիեզերքն ապրում է
արարման օրենքներով,
շարժվում, ծավալվում է,
լույսի նման ընդլայնվում է
նոր ծնվողների
աստղածիր գիտակցության մեջ:
Նրա սիրտը տրոփում է
կրծքերի տակ աստղերի ու մարդկանց,
նրա հոգին թրթռում է
էության մեջ լույսերի ու սիրո,
որ Անսկզբի մեջ բռնել է
Անվերջի մշտնջենական ուղին:
Տիեզերքն Արարչի երազն է,
մարմին առած իրողությունը,
որ Ժամանակն ու տարածությունը
մեկտեղում է Հավերժականի
բացարձակ Ամբողջության հետ:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՇՈՏ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ
Իմ հորինած բնապատկերի մեջ
ծառերը նման են
մազերն ուսերին թափած կանանց,
որոնք ուզում են շոյվել
զովաշունչ քամիներից:
Նրանց էությունը լցված է
մարած աստղերի ցոլքերով,
մաշկ-կեղևների տակ,
թափանցիկ երակներում
ելևէջում են ավիշն ու արյունը,
որոնք վեր ձգվելով՝
ծաղիկներ, հույսեր
ու տերևներ են դառնում
ծառի մատներից կախված:
Իմ բնապատկերներում,
գիտակցության, տողի
ու խոսքի բացվածքներում
վարդերը ծաղկում են ցայգալույսի
բուրմունքների թփերին,
բայց փշերը չեն երևում:
Նրանք արյունոտվելու չափ
ծակում են իրականության
աներևույթ մատները,
որ ցավի հետ անպայման
տեսանելի լինի
տառապանքից ծնված
բուրմունքը վարդերի:
ԱՍՏՂԱԹԱՓ ԳԻՇԵՐ
Ոտքերից վեր՝
գոտկատեղին ցանված են խալերը,
ցեղանիշները երկնքի՝
մարած աստղերի
հետքերի նման:
Ոտքերից վեր
ու շրթունքներից վար
իրար են գալիս
կանացի հմայքները:
Մազերը փռված են գիշերների
գաղտնիքների բարձին:
Իշխանական խորհուրդ կրող
մեծ խալը, որպես խորհրդանիշ,
թափառող աստղի նման
սերնդեսերունդ անցնում է
իր ծիսական ուղեծրով:
Դեղձաթավիշ մաշկի տակ
մսի ու արյան կենդանի թրթիռները
հազար ու մի աստղաթել կապերով
անցած սերերը կապում են
ներկայի հաճույքներին:
ՀԱՐԱՏԵՎ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ժամանակի հարահոս
ու անսպառելի շարժուձևերի մեջ
օրերը, տարիներն ու դարերը
օղակվելով կապվում են իրար
հավիտենության աներևույթ շղթաներով:
Նրանք անցյալն ու գալիքը,
անցողիկն ու մնայունը
ամրակապում են իրար հետ՝
մշտնջենական ներկայի
ամբողջության մեջ:
Կյանքի ու մահվան
չընդհատվող հարթափոխով
նրանք հավերժորեն նորացնում են
լույսի ու մթի մեջ հարատևող
բանականության խորհուրդը:
Նրանք գալիս են ու գնում
հակադիր ուժերի բնական հունով՝
մշտապես մնալով ներկայում.
մտքի մեջ ոգեղենացող լույսի պես,
որ հոգու խորքերից ճառագայթում է
սիրո պայծառությամբ:
ՆՈՐ ՕՐՎԱ ՇՈՒՐԹԵՐՈՎ
Քնած էությանս միջից
ծլարձակում են հաճելի սարսուռները,
կենդանի մի զգացում
երազի սահմանից անցնում է
իրականության կոպի տակով
և կիսաբաց աչքերով
նայում է քեզ:
Դու դեռ քնած ես կողքիս՝
հոգնության վերմակի տակ,
գեղեցկության կանոնները
պահպանող ոտքերդ
դուրս մեկնելով
գայթակղության թափանցիկ
ծածկոցի տակից:
Սիրուց զորացող կիրքը
սոսնձվել է էությանս՝
կիսաբաց վարդի կոկոնի պես
բուրմունքներով լցնելով առավոտը:
Նախորդ օրվա չհագեցած ապրումները
ուզում եմ վայելել
նոր օրվա շուրթերով:
ԱՍՏՂԱԼՈՒՅՍԵՐԻ ՁԱՅՆԸ
Աստղալույսերի ձայները կուտակվում են,
լեռնանում են հողագնդի
ծովերի ափերին,
ջրերի մեջ լողում են
ձկնակերպ լույսերը՝
հավիտենության ակունքներից եկած:
Տարաշխարհիկ լույսերը
գիշեր-ցերեկ թափվում են
երկրային դաշտերին,
դառնում են խոտ ու ծաղիկ,
կայծոռիկների նման լուսարձակում են
թփերի արանքներից:
Թանձրացող Ոչնչի
խավար խորքերից
ծլարձակում են Ամենինչի գույնուգծերը,
իմաստները պտղակալում են
անիմաստության սերմահունդերի միջուկից:
Գիշեր ու ցերեկ
Այնաշխարհի տարօրինակ տեսիլքները
դառնում են երազանքներ,
որոնք կերպարանք առած
կյանք են մտնում
մարդկային մտածումների միջով:
Երեկ և այսօր,
վաղը և ընդմիշտ
աստղային հեռուների պատկերները
հայելային արձագանքներ են տալիս
երկրային կյանքի
բոլոր արտացոլումների միջից:
ԵՐԿՐԱԲՆԱԿՆԵՐՍ
Քնած լինենք թե արթուն,
հոգին մեր մեջ լինի
թե անսիրտ ու անհոգի
պառկած լինենք մի մարմնաչափ
երկրային փոսում,
միևնույն է պտտվում ենք
հողագնդի հետ,
միևնույն է ճամփորդում ենք
երկնային ուղեծրով:
Վերևում լինենք թե ներքևում,
հարուստ լինենք թե աղքատ,
միևնույն է տիեզերքի բնակիչն ենք,
Աստծո զավակները,
որոնք ծնվում, ապրում են
և անմահության մասին են երազում
Երկիր մոլորակում:
ՔԵԶ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՂ ԹԵՎԵՐՈՎ
Քո բարեհաճ ցանկությունների թևերով
օրը գրկել է ինձ,
և իմ ուրախության զարկերակը մտած
անցյալից եկող սիրո զգացումը
քեզ է փոխանցում ամեն ինչ դարձող
ոչնչության գաղտնիքը:
Ունայնության բացվող ու փակվող դռներից
ելումուտ են անում չար ու բարի հոգիները,
կյանքի ու մահվան հրեշտակները
երկինքն են փնտրում
ազատ ճախրանքների:
Ես սիրո անդորրն եմ ուզում,
ուզում եմ վայելել հանգստի հաճույքը,
երբ ճախրանքիից հետո
մեկի բացված թևերը
բանտարկվում են մյուսի
սիրող թևերով: