Բանաստեղծություններ / Վլադիմիր ԲՈՅԱՐԻՆՈՎ

ԲոյարոնովԾնվել է 1948 թ.: Ռուսական պոեզիայի այսօրվա երևելի անուններից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ, նաև հմուտ թարգմանիչ:
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է, մի շարք գրական մրցանակների ու պարգևների դափնեկիր: Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղա­քային կազմակերպության նախագահն է:
Իր յուրաքանչյուր տողով, ամեն բառով Բոյա­րինովը հավատարիմ է ռուսական դասական պոե­զ­ի­այի բարձր ավանդույթներին ու կենսահաստատ ուժ, դրական էներգիա է փոխանցում ընթերցողին:

***
Տեսնում եմ ես տափաստանը` ձյունով լի,
Մորս` մեր հին ցանկապատի մոտ կանգնած,
Բրդոտ շունը վազում է իմ ետևից,
Ասես զգում, որ հեռանում եմ անդարձ:

Գնում եմ ես: Շուտով օրը կմթնի:
Ահա արդեն լիալուսինն է ելնում:
Այս ի՜նչ ցուրտ է տափաստանում, ի՜նչ քամի:
Լուսացավ, բայց դեռ արահետ չեմ տեսնում:

Եկան, անցան գարուններ ու աշուններ:
Ինձ դեռ բանուկ մի շավիղ չի հանդիպել,-
Ողողվել են նրանք գարնան ջրերով,
Խոտերի տակ, մացառների մեջ կորել:

Ճիշտ չէ, սակայն, որ անհայտ է իմ ուղին.
Պարզ օրվա մեջ թե գիշերում անթափանց,
Ես տեսնում եմ տափաստանը` ձյունով լի,
Մորս` մեր հին ցանկապատի մոտ կանգնած:

***
Ես արգելում եմ ինձ երգեր գրել
Մահվան, վախճանի մասին անխուսափ,
Ընկերախմբում թե տանը լինեմ,
Իմ արցունքներին դուք չհավատաք:

Բոլորի առաջ բաց մեղանչում եմ,
Բայց փորձում թաքուն մեղքերս քավել:
Ուզում եմ ապրել: Ես ձեզ
սիրո՜ւմ եմ
Ու մի լուսավոր սիրով անձնվեր:

«Զգույշ եղիր ու հանգիստ առ
մի քիչ»,-
Կասեմ հոգուս, ու նա գոհ կմնա:
Իսկ կյանքն այնպես է
ժպտում կախարդիչ,
Որ բոլորովին չարժե մահանալ:

***
Նա, ով ամպրոպի միջով է անցել,
Չի դառնա զոհը ցանկությունների:
Կսիրի նորից, ով որ սիրել է,
Ով որ չի սիրել, նա դեռ կսիրի:

Գարունն է գալիս. ձնծաղիկները
Բացվել, ցոլում են վիթի աչքերում…
Գարունն է գալիս, ու կռունկները
Նոր հարսանիք են անում լճերում:

Փողհարեց եղնիկն հաղթականորեն,
Օրը կլցվի երգով հավքերի:
Կսիրի նորից, ով որ սիրել է,
Եվ ով չի սիրել, նա դեռ կսիրի:

***
Ո՛չ հրաշքներ եմ տեսել իմ ճամփին,
Ո՛չ ինչ-որ վայրում գտել եմ գանձեր,
Բայց նոր օրվա հետ,
վառ արշալույսին
Ինչ-որ լավ բան եմ միշտ սրտիս բացել:

Առեղծվածայի՛նը անհաս աստղերի,
Հավերժակա՛նը երգերում մարդկանց,
Սոսափ-շրշյո՛ւնը ծառ ու թփերի
Լսել եմ վերին կարոտով անանց:

Իսկ թե դժվարին ի՛նչ նոր ճամփեքով
Խաղաղ, անխռով դեռ պիտի անցնեմ,
Ես հասկացել եմ անխաբ իմ մտքով,
Հասու եղել իմ հավատով վսեմ:

***
Օգոստոսյան ջինջ գիշերներ մեղրահամ,
Օգոստոսյան երկինք` խորունկ, անսահման,

Օգոստոսյան հրաշք, ոսկե մի անդորր՝
Հանդարտ գետի, այգիների
վրա ճոխ.

Բարձր աստղի լույս՝
թփերին ցողաթաց,
Ճամփին, դաշտին,
հարթավայրին խաղաղված,

Եվ ուշացած ճամփորդների հետքերով
Անմար մի լույս երկրիս վրա շողացող:

ՌՈԻՍԱԿԱՆ ՊԱՆԸ
Պրոլետարնե՛ր ամբողջ աշխարհի,
Աղքատնե՛ր քրջոտ ու բանաստեղծնե՛ր,
Մեռնում է Պանը Ռուս աշխարհի,
Կոխկրտվում են սուրբ
ավանդները մեր:

Էլ չեն արձակում հիմա բոռերը
Նոր փնթփնթոցներ սեմիրեչեվյան,
Հերթով պոկվում են երկրից նավերը,
Լեթայի ջրերն ակոսում անձայն:

Մահվան շեմին է Ռուսիայի Պանը
Հենց թփուտների ներքո կրեմլյան,
Չոր շրթունքներով զտում, քամում է
Թանձր մշուշը վաղ առավոտյան:

Իր ասեղներն է եղևնին թափում
Ճերմակ գզգզված մազերին Պանի,
Նրա սրինգն է արդեն համրանում
Կրծքի տակ մխում
վերք մի տանջալի:

Պրոլետարնե՛ր ամբողջ աշխարհի,
Ռուսական Պանը
մարում է, մեռնո՜ւմ,
Հեռանում է ու ինքն էլ չգիտի,
Թե ում հույսին է մեզ
այսպես թողնում:

Թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։