Զավեն ԲԵԿՅԱՆ

Զավեն ԲեկյանՀԱՐՍՆՅԱԿԸ
Կյանքը` խիտինե բոժոժի
ճնշումը ոսկեգույն:
Եվ ճախրանքի ուժը,
որ աճում է զգույշ…
Բովանդակի մեջ` լոկ
երկու կետ տրոփող:-
Հա՜, տեղերը թևերի
ապագա… – Եվ նույնիսկ
երազում արթմնի
դրանց մեհենագիր
նախշն է տեսանելի
արդեն, դեռ Այստեղից…

***
Իմ անմահությո՜ւն,
այստեղ հյուսում եմ
քեզ հիմա որպես
ծիծեռնակի բույն…

Ո՛չ հանուն փառքի
երկրային, ոչ էլ
Անցման Սահմանին`
առքի ու տուրքի…

Բառե մարմինն եմ
իմ այստեղ հյուսում,
որ հոգիս ապրի
այնտեղ` Մյուսում…

***
Մինչ չբեր հարսները երազում
պտղաբերման քարն էին տեսնում
(արձանը ֆալլոսի, կամ վիշապաքարը),
որ այցի գնան ու պորտ հպեն –
այդ պահին` այդ նույն երազի
պահին Լևիաթանն էր
զվռնում անեզրական պտղաջրերի
օվկիանոսում-ու ջրերի մթան մեջ
«Գոյ-Չգոյի» բախումն էր զարհուրելի…
Եվ որպեսզի կայանա ծնունդն, ու
ներկայանա ապառնին,-
ջրանույշներն ափին ջրերի անեզրական
հևասպառ տարփանքով երգում էին
(գայթակղության ու գործադրմա՛ն համար) ձոնը Առնի.
«Ա՜հ, սերնդաբերման շքասյո՜ւն անբեկանելի,
անմահական զորագնդերի առջևից տարվող
գլխավոր զինանշա՜ն շողշողուն…
Ա՜հ, նորալուսնի նրբալույս գիշերներին
փոշոտում աղերսող
շուշանների հովտի վրա թևածող
հսկա սիրատարփ մեղվի
արգասաբեր խա՜յթ…
Ա՜հ, ծննդոց ալ, աղջամուղջային ջրերում
խայտացող կարմրախա՜յտ…»:
Հևասպառ տարփանքով երգում էին
ափին ջրերի անեզրական…

ԹԵՍԵՎՍԻ ՕՐԱԳՐԻՑ
Աշխարհի ողջ իմաստության թելը
դարձրած մատիս փաթաթան,
անցնում էի կյանքիս օրերը` գայթելով,
որ դուրս գամ լաբիրինթից իմ մթին…

Կաթիլքն անձավի առաստաղից
կերտում էր շթաքարեր գեղեցիկ:-
Բայց` «Գնա՛,- ասում էր Ձայնը,-
մի՛ հապաղիր:
Գեղն այստեղի թակարդ է մի – անցի՛ր…»:

«Բայց ո՞ւր է Հանգրվանն, ու ո՞վ եմ ես…»,-
ծեծում էի պատերը հուսահատ:
Արձագանք էր դարձել, ցնդել Ձայնը կարծես,-
ու չստացա ոչ մի պատասխան…

Երբ էլ ուժ չկար, հանց` մաղվել էր խելքս,
փռվեցի ճամփի մեջտեղում:
Մուտքը` մոռացված այլևս,
չէր նշմարվում ելքը:
Ջանքս չարչարանք էր մի անտեղի…

Բայց, զառանցանքիս մեջ,
վերադարձավ Ձայնը.
«Այդ ե՜ս եմ` տիրուհի՜ն քո երազի…
Արի, արի՜, լքի՜ր օրերիդ ունայնը,
որ հասնես սիրուն աննվազ իմ…»:

Թափառումիս օրերին էլ հաշիվ չկար:
Մոտենում էր ասես մայրամուտս:
Վերջին ոլորք-անձավն անցա, ու հանկարծ
հզոր մի լույսից ճեղքվեց մութը…

Ճեղքվեց այդպես մութը լույսից մի հզոր`
ի նշան, որ հասել եմ Հանգրվանին:
Ու փրկության մի աղոտ հույսով
ակնածեցի շուրջս, բայց տեսա ի՜նչ…-

Այն, ինչ ըղձում էի` մի վայրկյանում ցնդե՜ց,
շանթեց հայացքս մի տեսիլք դաժան…-
Ցլամարդն էր խառնակվում երազիս
տիրուհու հետ,
կրքով ու բառաչով անասնական…

«Սպանիր, սպանի՜ր,- հորդորեց Ձայնը…» –
ու խողխողեցի ես ցլամարդուն…
Տապալվեց ու ընկավ` ասես մահարձան մի:-
Թվաց հանկարծ` քնից… նոր եմ զարթնել…

Ցնդե՜լ էր ամեն ինչ, տիրուհի՛ս էլ չկար,
մենակ էի, ու նորից հնչեց Ձայնը.
«Այո՜, սպանեցիր դու «ես»-դ տկար –
հասել ես, վերջապես, Հանգրվանին…»:

***
«…Ու պոետներ, որ չեն պղծել
իրենց շուրթերն» քծնանքով,
չեն ներքաշել հոտը կծու
մեդալի` իրենց քթանցքով…

Որ չեն առել կամքով արի
ոչինչ` ձեռքից հանցավոր:-
Ապրել են առանց հոնորարի,
չեն «վաստակել» մրցանակ…

Անե՜ղծ է էջքն իրենց մուսայի`
չանցած ոչ մի մաքսատուն…
Նրանց կամքը աստվածային
բորսայու՛մ է սակարկվում…

ԶՎԱՐԹ ՄԻ ՀՈՒՇ…
Երբ հայրս` խմիչքից
տրամադրությունը լավ,
գալիս էր տուն`
ոչինչ չէր հիշեցնում
«երդվյալ» ուրբաթախոսին,-
իր խոսքը հոսո՜ւմ էր
գնացկան ջրերի պես…
Հու՜…,- մոլեգնում էր պապս,
որ կյանքում չէր խմել…-
(Մեն մի անգամ` եղբոր
աղջկա հարսանիքին:-
Խաբելով` իբր թե թեյ է,
կոնյակ էին խմեցրել-
…ու մի ողջ օր քնեց…):
Հո՜ւ…,- մոլեգնում էր պապս,-
էս ո՜ւմ քաշեց սա, Աստո՛ծ…
Հաստա՛տ նրան, նրա՜ն, տո էն, էն, է՜ն…-
Ու հիշոցով հիշում էր
Կիկոլանց Ստեփանին` իր
աներոջը, որ ոտից գլուխ
իրեն արաղի տալով`
ծախել էր տան տանիքի
կղմինդրները, որ արաղի դիմաց
իր պարտքերը փակի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.