Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ / Հնգանվագ

Հնգանվագ
1
Թե դու շունչ ես եղել,
ես շշո՜ւնջ եմ եղել,
Թե ես գոց եմ եղել,
ի՜նձ ես ոսկեզօծել,
Թե ես սուտ եմ եղել,
մահամո՛ւթ ես եղել,
Թե դու ճի՛չ ես եղել,
ես ոչի՜նչ եմ եղել:
Թե դու օդ ես եղել,
ես որո՛տ եմ եղել,
Թե դու մերկ ես եղել,
ես իմ լո՜ւյսն եմ հեղել,
երբ դու մեղք ես եղել,
երբ դու մերկ ես եղել, մե՜րկ…

2
Մնա նռնենու գմբեթի տակ կանգնած, մնա քո դեմքով,
մնա աչքերով ծաղկանց, աստղերի, լամպերի, ամպերի ու ջրի,
ծածանիր շատրվանների ծիածանի մեջ զմրուխտե շորը քո
սրբազան ուխտի, դեպ վայրերը, ուր հյուսվում են ի մի
բերանը, մատները, ազդրերը, մազանոթները հոսող մեր մարմինների,
ուր կաղապարվում են, փարվում են, հարվում են մինչև վերքն անամոք,
միչև որ հետմահու կաղապար մի նոր – բացվի ափերին գիշերվա,
ձեռքերի, ազդրերի, մեջքերի ելևէ՜ջը տանի խորերը խորության,
խորատը, խորխորատում պայթի՛- ճառագայթի՛ լավան
մութ այգու կծկվող սրտի մեջ – տերևներն ի վեր, տեսիլում լողացող օրոցքի հանդիման…
Մնա՜, ի՜մ սիրուն, մնա, թե գնաս – ի՜մ միջով, ի՜մ միջով
զեփյուռիր, արյունիր, սփռվիր, խոխոջա ու գնա՜, մինչև սերն հագենա –
արյունից, կարոտից, մորմոքից, ճիչերից, հառաչից, ցավերից ու շնչից,
գգվանքից, շուրթերից կծոտված, խժռված – իրարով և սիրո՜վ,
և մահո՜վ – մոխրացող աստղերից սարսափած…
3
Թե դու սերն ես մեռած,
ես կերոն եմ վառվող,
Թե դու աստղի փոշի,
ես սափո՜ր եմ հուշի,
Թե դու լաց ես լինում,
ափս բա՜ց եմ գնում,
Թե դու փակված հեռու,
քեզնից պոկված ձեռք եմ,
Թե դու ետ ես դառնում,
ո՞վ է մեռնում, ասա,
ու երբ ե՛տ ես գալիս,
իմ տողե՜րն են լալիս,
իմ տողե՜րն են լալիս
իբրև Բոտիչելլին
գարո՜ւն նկարելիս…

4
Որպես էջին մաքուր – քո հայացքն է սիրո մեր քաղաքին…
և ցաքուցիր են արտացոլքերդ – վարի շուրթը կախ, շվար, մոլորված, թխպած,
աչքաթաց օտար բիբերով, խոցված – խոտորվող՝ ինձանից,
օտարված՝ թփից մասրենու, նստարանից՝ շշմած, անկողնուց՝ սառած,
անկիրք՝ հպումից, հարափոխ ու լափող խաղից իմ խփված կոպերի, –
հրդեհված վայրերի վայրագ հրապատկերը հակապատկերն է
գարունի, զմրուխտի, աևձրևի…
Կյանքի զարկերն օդյա երբեք չեն մեռնի իբրև պսակը սրբացյալ սրտի,
չեն մեռնում և կան իբրև աղբերակ, քաղցրաշունչ բերան, լճակ լեռնային,
մացառուտ՝ մահվան – կյանքի անդնդում,
ապրում են, կան և հոսում են ասես ծովը լյառն ի վեր, տատանումն օդի,
հոսում են դեմքով երկուսի – մեկի վաղո՜ւց ջրասույզ մի մայրցամաքի…
5
…Թե դու մերկ ես եղել,
ես իմ լո՜ւյսն եմ հեղել,
ես իմ լո՜ւյսն եմ հեղել,
երբ դու մե՜ղք ես եղել,
երբ դու մե՜րկ ես եղել, մե՜ղք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։